ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրոպարենային ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ում կազմակերպվել է հանդիպում Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ, որի հիմնական նպատակն էր քննարկել մարզում խաղողի մթերումների սահուն կազմակերպումն ու քայլեր ձեռնարկել մթերումների ընթացքում հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ։ Քննարկումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի եւ մարզպետ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ, որոնք մինչ այդ այցելել են մարզի մի շարք գործարաններ ու խաղողի մթերման կետեր, նախապես տեղեկացել առկա խնդիրների մասին եւ փորձել համատեղ ջանքերով միջամտել գործընթացին՝ առաջարկելով որոշ կարգավորումներ։
«Նախատեսվող մթերման ծավալն այս մարզում ավելի մեծ է, քան այս պահի դրությամբ խաղողի առկայությունը, սակայն հերթերն ու կուտակումները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում եւ ձեռնտու չեն ո՛չ խաղող արտադրողին, ո՛չ էլ մթերողին, քանի որ այդ ընթացքում խաղող մշակողը, մնալով հերթերի մեջ, վատնում է իր ժամանակը, իսկ խաղողը որակազրկվում է, մինչդեռ եթե բերքահավաքը եւ մթերումը արտադրողի եւ վերամշակողի միջեւ կազմակերպված լինի, ապա այդ օրվա հավաքած խաղողը նույն օրը կմթերվի, ինչի արդյունքում երկուսն էլ կշահեն»,-շրջայցերի ընթացքում նշել է փոխնախարար Արման Խոջոյանը։
Այնուամենայիվ, փոխնախարարն ընդգծել է, որ ֆերմեր-վերամշակող արդյունավետ եւ սահուն համագործակցության, ինչպես նաեւ որակյալ գինեգործական արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է գործարաններ ներկայացնել բարձր որակի եւ համապատասխան սորտերի խաղող: Քննարկման ընթացքում համայնքապետերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր համայնքի համար օրական կտրվածքով սահմանել խաղողի մթերման ստույգ քվոտա՝ ելնելով հավաքվող բերքի քանակից, ինչը թույլ կտա խուսափել մեքենաների կուտակումներից, առավել արդյունավետ կազմակերպել մթերումները, ինչպես նաեւ ապահովել մթերման գործընթացի վերահսկելիություն։ Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի մարզի համայնքների ղեկավարները գործարանի ղեկավարությանը տեղեկացնելու են, թե որքան կկազմի մթերման ենթակա այդ օրվա բերքը, իսկ գործարանն իր կողմից կպարտավորվի համայնքի ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա մթերել գործարան բերված խաղողի այդ խմբաքանակը։ Հավաքագրված տվյալներով՝ գործարանում մթերումները կսկսեն իրականացվել հոկտեմբերի 9-ից, հոկտեմբերի 7-ին եւ 8-ին կշարունակվի հերթերում կուտակված մեքենաների բեռնաթափումն ու խաղողի ընդունումը։ Մինչ այդ մարզպետը հորդորել է համայնքապետերին հոկտեմբերի 8-ին այդ համայնքներում բերքահավաք չիրականացնել։
«Մեր հաշվարկով՝ տվյալ համայնքներում ներկա պահին եղած խաղողի բերքի ծավալը կազմում է ընդամենը 7,500 տոննա, իսկ միայն Արարատի գինու գործարանը այս պահին պատրաստ է մթերել 10 հազար եւ ավելի տոննա, այսինքն՝ այն անհանգստությունը, որ կա ֆերմերների մոտ, իզուր է», – ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նշել է մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Մարզպետը տեղեկացրել է, որ խնդրի նմանատիպ լուծում առաջարկվել է նաեւ Ոստան համայնքում, որտեղ նույնպես ներկա պահին առաջանում են խաղողով բեռնված մեքենաների կուտակումներ։ Արման Խոջոյանն ընդգծել է, որ եթե մթերումները կազմակերպվեն կանոնակարգված կերպով, ապա լարվածություն չի առաջանա։ Նրանց հավաստմամբ՝ խաղողն այգիներում չի մնա եւ ամբողջությամբ կմթերվի։
Ներկայում գործում է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Պետական եկամուտների կոմիտեի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի եւ ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ապահովում են մթերումների կազմակերպման ամենօրյա մշտադիտարկում եւ վերահսկողություն։
Ն. Պ.
718 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում հոկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 54 473 դեպք, որոնցից 45 312-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7855 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 3 656 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 316 479 թեստավորում: Այսպիսով, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 718 նոր դեպք եւ 202 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1 004 դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 58, 62, 71, 73, 83, 86, տարեկան տղամարդիկ եւ 67, 70, 88 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է նաեւ մահվան 302 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կառավարությունը սեպտեմբրի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված եւ մինչեւ սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով՝ մինչեւ 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
ԱՄԵՆՔՍ՝ ԴԵՊԻ ՄԵՐ ԽՐԱՄԱՏԸ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ այս օրերին բոլոր հայերը դիմակայում են չարիքին, ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչությանը: «Մենք չունենք նավթի ու գազի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ: Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ: Ի տարբերություն թշնամու՝ մենք չունենք 10 մլն բնակչություն մեր երկրում, բայց ունենք 10 մլն բնակչություն ամբողջ աշխարհում, մենք ունենք սփյուռք: Իմ այս կոչն ուղղված չէ պարզապես 10 մլն հայի, այլ 10 մլն պայքար մղողի, 10 մլն ոչինչ չխնայողի ու 10 մլն հաղթողի: Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա, ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատն ու մղի իր պայքարը»,-ասել է նա:
ՊՆ ներկայացուցիչը շեշտել է, որ այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մեկ տարբերակ կա՝ նվիրատվությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ himnadram.org, եւ ԱՄՆ-ի տարածքից՝ armeniafund.org կայքերի միջոցով: «Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն ծառայում է իր նպատակին բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ: Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն ամուր թիկունքն է: Ես վստահ եմ, որ դուք ամեն րոպե ու ամեն վայրկյան այն ավելի եք ամրացնելու: Մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում: Ամենքս դեպի մեր խրամատը»,- եզրափակել է նա:
ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Որպեսզի պաշտպանենք քաղաքացիական անձանց կյանքը, մենք մշակել ենք իրազեկող թերթիկ՝ վտանգավոր սարքերի վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել «The HALO Trust» կազմակերպությունը: Կազմակերպությունը հրապարակել է լուսանկար եւ հորդորել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին նման սարք տեսնելու դեպքում չմոտենալ նրան, չդիպչել, չբարձրացնել գետնից եւ կապվել Արտակարգ իրավիճակների համար նախատեսված պետական մարմինների հետ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։
ԷԼԵԿՏՐԱՇՉԱԿՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման եւ տեխնիկական զննման աշխատանքներ. այս մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Այդ ընթացքում հնարավոր են ձայնարձակումներ: Խնդրում ենք չանհանգստանալ եւ խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հաղորդում է ստացել, որ Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղից 6 քաղաքացի հոսպիտալացվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն սուր աղիքային վարակ ախտորոշմամբ՝ ընդհանուր թուլություն, լուծ, բարձր ջերմություն ախտանշաններով:
Հայտնաբերվել է եւս 33 դեպք, պարզվել է նաեւ, որ բոլորը նույն թաղամասից են եւ օգտագործել են նույն թաղամասի մակերեսային աղբյուրի ջուրը: Ընդհանուր դեպքերի թիվը հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00 դրությամբ կազմել է 39, որոնցից 32-ը հոսպիտալացված է Ստեփանավանի, իսկ 7-ը՝ Վանաձորի բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Մանրէաբանական հետազոտության նպատակով վերցվել են նմուշներ` ինչպես պացիենտներից, այնպես էլ մակերեսային աղբյուրի ջրից:
Առաջին օրվա 6 պացիենտից վերցված նմուշների մանրէաբանական լաբորատոր հետազոտության արդյունքներով` 5-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ: Մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են: Նշենք, որ քննարկում է կազմակերպվել մարզպետարանում, որի արդյունքում մակերեսային աղբյուրը փակվել է, նաեւ իրականացվել են բաց ջրատարի ջրի մաքրման եւ ախտահանման աշխատանքներ: