«Ժողովուրդ» օրաթերթն Արցախում սեպտեմբերի 27-ից ընթացող ռազմական գործողությունների եւ հնարավոր զարգացումների շուրջ զրուցել է բուլղարացի քաղաքական գործիչ, Եվրոխորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչեւի հետ:
-Պարո՛ն Կովաչեւ, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տարբեր ինտենսիվությամբ գործողություններ մշտապես եղել են, հատկապես՝ վերջին տարիներին: Սակայն այս անգամ այն, ինչ տեսնում ենք շփման գծում, չէինք տեսել վերջին տասնամյակում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այս անգամ պատերազմն այսպիսի լայնամասշտաբ բնույթ կրում:
-Վերջին մեկ տարում Լեռնային Ղարաբաղի շուրջ նկատվում է պրովոկացիաների պարբերաբար աճ: Մենք նաեւ տեսնում ենք Բաքվի կողմից բացասական եւ ոչ միանշանակ հայտարարություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին: Միմյանց հասցեին կոշտ դիտողությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվում էին նաեւ սոցիալական ցանցերում կամ էլ աշխարհի տարբեր քաղաքներում խաղաղ ցույցերի ժամանակ: Այնուհետեւ տեղի ունեցան 2020 թվականի հուլիսի դաժան սադրանքները: Կարծես թե որոշ մարդիկ մտածում էին, որ Կովիդ-19-ով պայմանավորված, որը դեռ անհանգստացնում է շատ մարդկանց ամբողջ աշխարհում, միջազգային հանրությունը կփակի իր աչքերը այն ագրեսիայի եւ բռնության վրա, որին այժմ ականատես ենք լինում Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում:
-Դուք խոսեցիք միջազգային հանրության մասին, սակայն ԵՄ-ի, ՄԱԿ-ի եւ Մինսկի խմբի՝ կրակի անհապաղ դադարեցման մասին հայտարարություններից հետո էլ ոչինչ չի փոխվում:
-Ցանկացած բռնություն եւ ոչ ցանկալի տանջանքները պետք է անհապաղ դադարեցվեն: Բռնությունը կործանարար ուժ է, որը բոլորիս միայն ցավ ու վիշտ է պատճառում: Ես ողջունել եմ այն հայտարարությունը, որը հանգստյան օրերին եղավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սակայն խորը հիասթափվեցի, որ այն այդքան կարճ տեւեց: Ես չեմ կարող խոսել հակամարտության կողմ հանդիսացող երկրների անունից, սակայն կարծում եմ, որ դեռ ժամանակը չի եկել, որ նրանք պայմանավորվեն կրակի դադարեցման մասին եւ հավատարիմ մնան դրան: Ինձ համար զարմանալի էր, որ, հակառակ ՌԴ նախագահի անմիջական մասնակցությանը, հրադադարի մասին համաձայնագիրն այդպիսի ճակատագիր ունեցավ: Այն շատ հարցեր է առաջացնում:
-Բայց հետագայում ի՞նչ կարող ենք սպասել եւ ակնկալել միջազգային հանրությունից:
-Միջազգային հանրությունը՝ ԵՄ-ի, ՄԱԿ-ի եւ Մինսկի խմբի համանախագահների դեմքով, շատ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը եւ ասել, որ պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Երկու կողմերն էլ պետք է վերադառնան բանակցությունների սեղանին: Մինսկի խումբը եւ իր համանախագահները հանդիսանում են միջազգայնորեն ճանաչված միակ միջնորդները, որոնց հովանու ներքո էլ պետք է իրականացվեն այդ բանակցությունները, որպեսզի հնարավոր լինի հասնել հարցի կարգավորման՝ հիմնարար սկզբունքների հիման վրա:
-Ի՞նչ կարող եք ասել Անկարայի մասնակցության եւ սիրիացի ահաբեկիչների մասնակցության մասին, որն արդեն ապացուցվել է բազմաթիվ երկրների կողմից:
-Այո, լրջագույն մեղադրանքներ են եղել Թուրքիայի հասցեին, եւ պաշտոնական Անկարան հստակ շարունակում է աջակցել Բաքվին դիվանագիտական ոլորտում, սակայն հերքում է նույն սիրիացի ահաբեկիչների կամ F-16-եր ուղարկելու մասին առկա հայտարարությունները: Ես Եվրախորհրդարանի իմ գործըներների հետ միասին կոչ եմ արել անհապաղ դադարեցնել որեւէ երրորդ երկրի ներգրավվածությունն այս կոնֆլիկտում: Իսկ սիրիացի ահաբեկիչների մասին մեղադրանքները շատ անհանգստացնող ու լուրջ են: Չնայած արդեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է հրապարակավ արտահայտվել սիրիացի ահաբեկիչների մասնակցության դեմ, սակայն Թուրքիան մշտապես հերքել է այն: Ես կոչ եմ անում միջազգային հետաքննություն անցկացնել, որպեսզի պարզվի, թե որտեղ է գտնվում ճշմարտությունը:
-Այս ընթացքում Հայաստանից եւ Արցախից բարձր մակարդակով Լեռնային Ղարաբաղը ճանաչելու կոչեր են հնչում, եւ չնայած այն արդեն 30 տարի է, ինչ անկախ է, սակայն ճանաչված չէ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այն դեռ չի ճանաչվել, եւ այս փուլում ճանաչումը որքանո՞վ եք իրատեսական համարում:
-Հստակ է, որ միակողմանի գործողությունները չեն կարող ընդունվել, եթե դրանք ընդունելի չեն կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերի համար: Իսկ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար երկու կողմերը պետք է որոշակի զիջումների գնան: Դա ես չեմ ասում, թե ով ինչ զիջման պետք է գնա, այդ հարցը պետք է քննարկել բանակցությունների ընթացքում: Այս կոնֆլիկտը շարունակվում է արդեն 30 տարի: Հենց հիմա երկու կողմերն էլ կարծում են, որ նրանք ճիշտ են, սակայն որքան շատ նրանք շարունակեն մատնացույց անել միմյանց, այնքան դժվար կլինի հասնել ընդհանուր լուծման: Այս դժվար իրավիճակը պետք է հաղթահարել, որպեսզի հնարավոր լինի փրկել մարդկանց կյանքը:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԵՐԿՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԵՆ ԳԵՐԵՎԱՐՎԵԼ
27.09.2020 թվականի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական Զինված ուժերի երկու զինծառայողներ՝ Արեգ Սարգսյանը եւ Նարեկ Ամիրջանյանը, գերեվարվել են. այս մասին տեղեկացրել է իրավաբան Արտակ Զեյնալյանը եւ տարածել իրավապաշտպանների խմբի հայտարարությունը. «…Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը 11.10.2020 թվականի Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով Դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին.
- գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի եւ ռազմագերիների փոխանակման եւ զոհվածների աճյունների դուրսբերման մասին 10.10.2020 թվականի զինադադարի համաձայնությանը համապատասխան եւ վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին,
- մինչեւ վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու նրանց կյանքը եւ ապահովելու նրանց ֆիզիկական եւ հոգեբանական անձեռնմխելիությունը,
- ապահովել պատշաճ բժշկական օգնություն։
Քիչ առաջ ծանուցվեցինք, որ Դատարանը 12.10.2020 թվականին գրանցել է գործը եւ ծանուցել Ադրբեջանի կառավարությանը:
Դատարանը որոշել է Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.
- պայմանները, որոնցում ներկայումս պահվում են գերեվարված երկու զինծառայողները,
- տեղեկություններ՝ բժշկական հետազոտությունների եւ նրանց առողջական վիճակի մասին,
- տեղեկություններ՝ նշված երկու զինծառայողների փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մարդասիրական հրադադարի դրույթներով։ Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչեւ 22.10.2020 թվականը»։
ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՎ
«Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ եւ զենք բռնելու ունակ բոլոր այն հայրենակիցներին, որոնք այս օրերին գտնվում են Հանրապետությունից դուրս: Մեր հայրենիքն այսօր առավել, քան երբեւէ, բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Ձեր օջախները, պապերի գերեզմանները, ձեր զավակների ապագան անպաշտպան թողնելու առաջին հերթին բարոյական իրավունք չունեք: Եթե որեւէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու եւ արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեզ եւ ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք: Ձեզ եմ դիմում՝ որպես հպարտ եւ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահած քաղաքացիների, որպես իսկական հայրենասերների. շտապե՛ք միանալ ձեր եղբայրներին, որոնք անսասան կանգնած են իրենց հայրենի հողի վրա, որոնք, սահմանին կանգնելով, հաց թխելով, մեքենա վարելով, առաջնագիծն ու թիկունքը դարձնում են ամուր ու ավելի ուժեղ: Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը»,- դիմել է է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ Է ՀՈՍՊԻՏԱԼ
Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիս-արեւլյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաեւ քաղաքացիական անձինք: Պաշտպանության բանակը նշել է, որ վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԴԵՄ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել է ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Մեզ հայտնի դարձավ, որ նախագծով ներկայացվող փոփոխությունները եւ լրացումները նպատակ ունեն վերացնել Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքում արձանագրված մի շարք թերությունները: Բացի այս, այս նախագծով սահմանվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից լիազոր մարմնի հանձնարարականների ստացման մասին հաճախորդիներին կամ այլ անձանց հայտնելու արգելքը: Իսկ, ահա, Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների շարքից հանվել եւ ՖԴԿ-ին է վերապահվել կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու իրավասությունը՝ հաշվի առնելով միջոցների հնարավոր արտահոսքի կանխարգելման առավել արդյունավետ իրականացման, այդ թվում՝ քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցության շրջանակում քրեական գործի հարուցման եւ գույքի վրա կալանք դնելու հետագա գործընթացին արագ օժանդակելու անհրաժեշտությունը: