«Լեռնային Ղարաբաղում ցանկացած ռազմական սայթաքում կարող է հանգեցնել հետեւանքների, որոնք դուրս կգան Կովկասի սահմաններից», – «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության կայքում հրապարակած իր հոդվածում պնդում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ամերիկացի Քերի Քավանոն:
«Նախագահ Ալիեւը պետք է հասկանա, որ ռազմական գործողությունները, որոնք, ըստ ամենայնի, կարող են երկրի ներսում որոշակի կարճաժամկետ քաղաքական միավորներ պարգեւել իրեն, չեն հանգեցնի ո՛չ հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցի հրապարակմանը, ո՛չ ներողությունների, առավել եւս՝ խաղաղության»,- նշել է ամերիկացի դիվանագետը։ «Բանակցությունների սկզբից էլ պարզ էր, որ Լեռնային Ղարաբաղից զորքերի դուրսբերումը չի կարող տեղի ունենալ առանց տեղի հայ բնակչության անվտանգության եւ ապահովության, բանակցությունների միջոցով ձեռք բերված նախապայմանների, ինչպես նաեւ տարածաշրջանի ապագա քաղաքական կարգավիճակի հստակեցման»,-պնդում է Մինսկի խմբի նախկին համանախագահը։
Վերջինիս համոզմամբ՝ այսօրվա պատերազմը զգալիորեն տարբերվում է հակամարտության նախորդ փուլերից նախեւառաջ արտաքին միջամտությունների պատճառով։ «Ադրբեջանը, Թուրքիայի հաստատակամ աջակցությամբ, ձեռնամուխ է եղել խնդրի ռազմական լուծմանը՝ անտեսելով պատերազմական գործողությունները դադարեցնելու եւ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչերը», – նշում է ամերիկացի դիվանագետը:
Քավանոն հիշեցնում է նաեւ, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է։ Դա, սակայն, ըստ ամերիկացի դիվանագետի՝ չի նշանակում, որ ղարաբաղյան նոր պատերազմը կարող է թուրք-ռուսական հակամարտության հանգեցնել։ Քավանոյի կարծիքով՝ ավելի մեծ է հավանականությունը, որ «ինչպես եւ Սիրիայում, Եվրոպայի այս անկյունում եւս կարող է ռուս-թուրքական միջնորդավորված պայքար ծավալվել՝ վնասելով բոլորին»։
«Էրդողանն անում է այն, ինչի տակից կարող է դուրս գալ», – պնդում է Bloomberg-ի մեկնաբանը՝ հիշեցնելով, որ թուրքական «Զրո խնդիր հարեւանների հետ» ռազմավարությունն այսօր վերածվել է «Բացառապես խնդիրներ» ռազմավարության։
Անդրադառնալով Կովկասում Թուրքիայի ակտիվությանը՝ Bloomberg-ի մեկնաբանը նկատում է. «Հայ-ադրբեջանական պատերազմը երկրորդ թատերաբեմն է Լիբիայից հետո, որտեղ Էրդողանը խանգարում է Պուտինի նպատակների իրագործմանը։ Ռուսաստանի ղեկավարը համակերպվում էր Էրդողանի գործողություններին՝ նպատակ ունենալով ներսից տարրալուծել ՆԱՏՕ-ն ու խաթարել Թուրքիայի եւ Արեւմուտքի հարաբերությունները»: Մեկնաբանը հիշեցնում է, որ վերջին անգամ երկու ղեկավարները բախվել էին 2015 թվականի աշնանը՝ Սիրիայում ռուսական օդանավի կործանումից հետո։ Կովկասյան ճգնաժամի ընթացքում, ըստ Bloomberg-ի հոդվածագրի, Էրդողանը քննադատում է Ռուսաստանի դիրքորոշումը, սակայն զերծ է մնում Պուտինին ուղղված կոշտ որակումներից։
«Առաջին անգամ Թուրքիան խառնվում է մի տարածաշրջանի գործերին, որը Մոսկվան իր ազդեցության գոտին է համարում։ Դրանով են բացատրվում «կրակի վրա յուղ չլցնելու»՝ Անկարային ուղղված ռուսական կոչերը։ Դրանք, սակայն, Պուտինի շուրթերից չեն հնչում եւ չեն ուղեկցվում պատժամիջոցների սպառնալիքներով։ Մոսկվան հակված չէ կամ առայժմ չի ցանկանում թուրքերին հստակ նախազգուշացում ուղղել,- նշում է հոդվածի հեղինակը՝ արձանագրելով:- Էրդողանի համար կարմիր լույսի բացակայությունը կանաչ լույս է նշանակում։ Մոսկվայի լռությունը նա ընկալում է որպես իր ծրագրերն իրագործելու թույլտվություն»:
ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՓԱՍՏ
Հայ-ադրբեջանական պատերազմում կարեւոր է հաշվի առնել ահաբեկչական խմբերի առկայությունը, որն այլեւս միջազգայնորեն հաստատված փաստ է. ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում եւս. այս մասին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ըստ պաշտպանի՝ հակառակորդի կողմից եղած հարձակումները թիրախային եւ տարբերակում չդնող հարձակումներ են, որոնք իրականացվում են արգելված կասետային զինատեսակներից։
«Այստեղ եւս մեկ կարեւոր գործոն կա. դա հսկայածավալ ատելության խոսքն է, որն առաջին օրվանից ուղեկցում է ողջ պրոցեսին: Ակնհայտ է, որ Ադրբեջանում եղել է պետական բարձր աջակցություն վայելող ատելություն: Սոցցանցերի էջերը, խմբերը, օգտատերերը, որ կան, ինստիտուցիոնալ բնույթ են կրում։ Բռնության տեսարաններ տարածելով, թիրախավորելով երեխաների, տարեցների՝ պարարտ հող են ստեղծում լրացուցիչ դաժանությունների եւ վայրագությունների համար»,- ընդգծել է Արման Թաթոյանը: Նա նշել է, որ այս ամենը պետք է դիտարկենք որպես մեկ միասնական շղթայի բաղադրատարրեր, քանի որ վերլուծությունը ցույց է տալիս՝ խոսքը Հայաստանի ու Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտման մասին է: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 27-ից հարվածներ են հասցվել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքներին ու գյուղերին՝ Սոթք, Շատվան, Մեծ Մասրիկ, Կութ եւ այլն. «Այստեղ փաստահավաք աշխատանքներն արել են սեպտեմբերի 30-ին, աշխատանքներն իրականացնելու օրը եւս ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված ենք եղել դադարեցնել փաստահավաք աշխատանքները, հետո շարունակել ենք, բայց հաջորդ օրն ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածներ էին հացրել այնտեղ, որտեղ մենք փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել, որի արդյունքում ունեցանք մեկ սպանված քաղաքացիական անձ եւ երկու վիրավոր»:
ՄԻՋՈՑՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿԵԼ
Ռազմական դրության պայմաններում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ձեռնարկել է միջոցներ քաղաքացիական եւ մարդասիրական թռիչքների համար երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ArmLur.am-ին հայտնել են, որ Կոմիտեն 3 NOTAM- հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված բոլոր ավիաընկերություններին: Հաղորդագրություններից առաջինը զգուշացնող բնույթի է, որով կոմիտեն օդաչուներին հորդորում է հայ-ադրբեջանական սահմանին ընթացիկ ռազմական գործողությունների պայմաններում թռիչքներից առաջ ռիսկերի լրացուցիչ գնահատում իրականացնել:
Երկրորդ NOTAM-ը տեղեկացնում է ՀՀ օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ անձնակազմերին խնդրելով անհայտ որեւէ թռչող սարք նկատելու դեպքում տեղեկությունն անմիջապես տրամադրել օդային երթեւեկության կարգավարներին:
Երրորդով կոմիտեն տեղեկացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի օդային սահմանի որոշակի սահմանափակումների վերաբերյալ. որոշ կետեր փակվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Կոմիտեն նաեւ ընգծել է օդային երթեւեկության կառավարման մարմինների եւ հակաօդային պաշտպանության ուժերի բարձր մակարդակի համագործակցության մասին:
EUROCONTROL աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությունը եւ EASA- թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն իրենց վստահությունն են հայտնել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ձեռնարկած քայլերի, պարտավորությունների կատարման եւ անվտանգության ապահովման քայլերի վերաբերյալ:
ԱԹՍ՝ ԻՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Իրանի Հոդաֆարին նահանգի նահանգապետ Ալի Ամիրի Ռադը տեղեկացրել է, որ երեկ՝ առավոտյան, երկրի տարածքում՝ Կարա Գուչ գյուղի շրջանում, անօդաչու սարք է ընկել. հայտնում է IRNA գործակալությունը: Միջադեպի հետեւանքով մարդկային եւ նյութական կորուստներ չկան: Նահանգապետի խոսքով՝ այժմ մասնագետներն ուսումնասիրում են անօդաչուն, որպեսզի պարզեն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որին է այն պատկանում: Նշվում է, որ հակամարտության գոտում զինված գործողությունների ֆոնին ավելի քան 60 հրետանային արկ է ընկել Իրանի տարածք: