Արցախում սկսված պատերազմից անցել է մեկ ամիս. այսօր հոկտեմբերի 27-ն է: Այսպիսով, ի՞նչ ունենք պատերազմից մեկ ամիս անց: Հոկտեմբերի 26-ի դրությամբ հայկական կողմն ունի 974 զոհ, իսկ հրապարակված քարտեզի համաձայն՝ ադրբեջանական կողմի տիրապետության տակ է գտնվում Թալիշ գյուղը եւ Հադրութի շրջանը՝ ոչ ամբողջությամբ: Երեկ հայկական կողմը ներկայացրել է ադրբեջանական կողմի կորուստները: Ըստ այդմ, ադրբեջանական կողմը հոկտեմբերի 26-ի դրությամբ ունի խոցված 220 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 600 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ եւ 6674 զոհ: Չնայած պատերազմից դեռ մեկ ամիս է անցել, սակայն, ինչպես ընդգծում են բազմաթիվ մասնագետներ, որպես հինգերորդ սերնդի պատերազմ՝ այն իր չափերով եւ ինտենսիվությամբ անհամեմատելի է մինչ այժմ աշխարհում եղած շատ ռազմական գործողությունների հետ:
Լեռնային Ղարաբաղում Ալիեւի կողմից պատերազմ սկսելը ցույց է տալիս, որ Կովկասում իրավիճակը փոխվել է: Այստեղ հարցը միայն Ղարաբաղը չէ, այլ այն, որ Ադրբեջանը Ալիեւի քաղաքականության պատճառով դարձել է զենք Թուրքիայի նախագահ Էրդողանի ձեռքում: ArmLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, ՌԴ ԶՈՒ գնդապետ Ալեքսանդր Ժիլինը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմին:
Ավելին, անձամբ նա ոչինչ չի սպասում հոկտեմբերի 29-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կայանալիք հանդիպումից, քանի որ, վերջինիս խոսքով, Ադրբեջանն այս բոլոր հրադադարներն օգտագործել է այն նպատակով, որ թարմացնի սպառազինությունը, նոր ուժեր ներգրավի:
-Պարո՛ն Ժիլին, Արցախում սեպտեմբերի 27-ից պատերազմ է: Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում ստեղծված իրավիճակը:
-Լեռնային Ղարաբաղում պատերազմը, որը սկսվել է Իլհամ Ալիեւի կողմից, վկայում է այն մասին, որ Կովկասում իրավիճակը փոխվել է: Այստեղ Լեռնային Ղարաբաղի մեջ չէ հարցը, այլ նրանում, որ Ադրբեջանը, Իլհամ Ալիեւի քաղաքականության շնորհիվ, դարձել է ռազմակաքաղաքական ռեսուրս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ձեռքին: Եվ վերջինիս նպատակն է ստեղծել նոր գերտերություն, որի շուրջ հարցեր են առաջանում: Այդկերպ, ստացվում է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմում է՝ ոչ թե իր հետաքրքրություններից ելնելով, այլ նրա համար, որ սրի իրավիճակը եւ լարվածություն առաջացնի Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ: Իսկ սրա պատճառն էլ այն է, որ Թուրքիան միշտ անգլոսաքսերի կողմից օգտագործվել է որպես ՌԴ-ի վրա ազդելու միջոց: Եվ եթե անկեղծ խոսենք, անգլոսաքսերի պատճառով 13 պատերազմ է եղել Թուրքիայի եւ Ռուսաստանի դաշնության միջեւ: Եվ փաստացի հարցը գնում է այն մասին, որ կարող է սկսվել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 14-րդ պատերազմը: Այդկերպ, ես կարծում եմ, որ ՌԴ-ն պետք է ավելի ակտիվ գործի, օգնի ագրեսիայի զոհերին, այս դեպքում՝ Հայաստանին, քանի որ նրա հետաքրքրությունների մեջ չի եղել սկսել պատերազմը, եւ դա հիմարին էլ է հայտնի: Պարզ է, որ Ալիեւին այս ընթացքում պատրաստել են պատերազմի: Եվ կարող ենք վերլուծել նաեւ Իլհամ Ալիեւի հայտարարությունները: Նա հարցազրույցում հարցին՝ ով է Ձեզ զինում, ասել էր, թե մեզ զինում է միայն ՌԴ-ն, եւ ընդգծել էր, որ իրենք վճարում են դրա համար, իսկ Հայաստանը՝ ոչ: Եվ այստեղ նա ցանկանում էր ՌԴ-ին ներկայացնել որպես պրովոկատոր, որը սուտ է: ՌԴ-ն, ինչպես Հայաստանը, ընդհանրապես շահագրգռված չէ պատերազմական գործողություններով:
-Այդ դեպքում ի՞նչ սպասենք Ռուսաստանի Դաշնությունից:
-Այստեղ քայլեր կարող է անել հենց ՌԴ-ն: Սա ձեռնտու է ԱՄՆ-ին. Եվրոպան մինչեւ վերջ չի հասկանում, թե այս ամենն ինչի կարող է վերածվել իր համար: Միակ անձը, որը հայտարարություններ է անում, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է. նա էլ ստիպված է դա անում՝ հաշվի առնելով հայկական սփյուռքի ճնշումը: Եվ կրկին ՌԴ-ն պետք է ասի իր խոսքը եւ ավելի լայն գործի: Ես նկատի չունեմ, որ հիմա պետք է ռմբակոծել Ադրբեջանը: Կան ավելի այլ տարբերակներ, որոնք կարելի է օգտագործել, օրինակ՝ տնտեսական, որը կարելի է օգտագործել Ադրբեջանի դեմ: Նկատենք, որ այդպիսի բաները չեն արվում ելույթներով, դրանք արվում են կուլիսներում բանակցությունների միջոցով: Եվ այդ ամենի մասին կարելի է իմանալ միայն մի որոշ ժամանակ հետո: Այդպիսի հարցերը հրապարակային չեն իրականացվում, հավատացե՛ք ինձ:
-Իսկ ի՞նչ պետք է սպասել հոկտեմբերի 29-ին Ժնեւում կայանալիք արտաքին գործերի նախարարների հանդիպումից:
-Ես անձամբ ոչինչ չեմ սպասում: Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը օգտագործում է այս հրադադարի որոշումները, որպեսզի թարմացնի իր սպառազինությունները: Եթե նրանք ցանկանում են խաղաղություն, ապա ինչո՞ւ են առաջնագիծ կրկին մեծ քանակությամբ տեխնիկա տանում, երբ այդ նույն ժամանակ իրենց նախագահը կամ նախարարը խաղաղության մասին են բարձրաձայնում: Բայց ոչ, դրա փոխարեն սահմանին անընդհատ նոր զենքեր են կուտակվում. դա ֆիքսում է սպուտնիկը, եւ ամեն ինչ հեշտ է ապացուցել: Ես չեմ բացառում, որ Էրդողանը շատ էֆեկտիվ քաղաքական գործիչ է եւ այնպես է կապել Ալիեւին, որ վերջինս այլեւս նախագահ էլ չէ, այլ միայն ֆիգուր, որն իրականացնում է արտաքին ուժերի հանձնարարությունները:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԺՆԵՎՈՒՄ
ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն՝ Վաշինգտոնում ղարաբաղյան հարցով տեղի ունեցած բանակցությունների մասին:
Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարությամբ տեղեկացնում են, որ հոկտեմբերի 24-ին հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ: Համանախագահները, բացի այդ, մասնակցել են նաեւ նախարարների հանդիպումներին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցել է այդ հանդիպումներին:
Ինտենսիվ բանակցությունների ընթացքում միջնորդները եւ նախարարները քննարկել են մարդասիրական անհապաղ հրադադար հաստատելու, այն հսկելու հնարավոր պարամետրերի, ինչպես նաեւ հարատեւ խաղաղությանն ուղղված հիմնարար բովանդակային բանակցություններ սկսելու հնարավորությունները:
Համանախագահները եւ արտաքին գործերի նախարարները համաձայնել են եւս մեկ անգամ հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնեւում, հասնել համաձայնության եւ ժամանակացույցով, որը դեռ պետք է ընդունվի, սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորելու գործընթացը՝ համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համար ընդունելի հիմնարար սկզբունքների:
Հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան 8-ին, կողմերը պետք է հաստատեին հրադադար, որի մասին հոկտեմբերի 25-ին հայտնել էին Հայաստանը, Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները:
ԶՈՀՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը: «Օրվա ընթացքում տեւական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետեւանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գեւորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը եւ Անդրեյ Համբարձումյանը»,-ասված է Արցախի ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:
ԱԼԻԵՎԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, երեկ տեսաուղերձով դիմելով իր ժողովրդին, ասել է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի կա՛մ քաղաքական, կա՛մ ռազմական ճանապարհով։ «Ես առաջարկել եմ՝ եթե ցանկանում եք, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի, ապա մենք կդադարեցնեք մարտական գործողությունները, բայց մեզ պետք է անհապաղ ասվի, որ Հայաստանը դուրս է գալիս մեր հողերից։ Մեզ պետք է գրաֆիկ ներկայացվի, քանի օրից են նրանք դուրս գալու այս շրջանից, քանի օրից՝ մյուս շրջանից։ Հայաստանը այդ գրաֆիկը մեզ չի ներկայացրել։ Այդ դեպքում, եթե հրադադարը շարունակվի, իսկ հարցը սառեցված մնա, ապա դա մեզ ձեռնտու չէ», – հայտարարել է Իլհամ Ալիեւը։ Նա նաեւ հաստատել է, որ իր երկրում թուրքական F-16 ռազմական օդանավեր կան։ Նա ասել է, թե արբանյակից կարելի է տեսնել, համոզվել, որ դրանք գտնվում են գետնի վրա, այլ ոչ թե երկնքում։ «Նրանք եկել են զորավարժություններին մասնակցելու նպատակով եւ մնացել այստեղ, երբ սկսվեց պատերազմը։ Մեր թուրք եղբայրները դրանք թողել են բարոյապես մեզ աջակցելու համար, – ասել է Ալիեւը եւ սպառնացել: – Բայց եթե դրսից մեր դեմ ագրեսիա լինի, նրանք կտեսնեն այդ F-16-ները»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախաշեմին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատել է համանախագահներին: «Ինչո՞ւ Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում չկարողացավ լուծել խնդիրը: Այցեր, հանդիպումներ, բանակացություններ. մենք մինչեւ կոկորդը կուշտ ենք այդ բանակցություններից: Ինչքա՞ն կարելի է բանակցություններ վարել թշնամու հետ»,- ասել է նա: