Երեւանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք իրենց երեխաների հետ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գրասենյակի դիմաց: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են չլռել եւ համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային: Կանայք ակցիան սկսեցին՝ Արցախի օրհներգը երգելով:
Նրանք վանկարկում էին՝ «Ճանաչե՛ք Արցախի անկախությունը», «Կույր մի՛ եղեք», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Դադարեցրե՛ք ահաբեկչությունը», «Էրդողան հանցագո՛րծ», «Ալիեւ մարդասպա՛ն», «Մի՛ լռեք» եւ այլն: «Մենք պահանջում ենք, որպեսզի պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ, պահանջում ենք, որպեսզի հավասարության նշան չդնեք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախում, եւ որպեսզի մենք ունենանք ապրելու ու արարելու իրավունք մեր հողում: Պահանջում ենք նաեւ, որպեսզի ԵՄ-ն նույնպես չլռի»,- ընդգծել է ակցիայի մասնակից Իրինա Սաֆարյանը։
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ նամակ են բերել, որը ցանկանում են փոխանցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, նաեւ հանդիպեն նրա հետ։ «ԵՄ-ից մենք պահանջում ենք, որպեսզի Արցախի հարցը չդիտարկվի տարածքային ամբողջականության համատեքստում: Տարիներ շարունակ մեզ ցեղասպանել են, կոտորել ու մորթել, նույնը կրկնվում է այսօր: Ձեր լռությունը հանցավոր մասնակցություն է այս ամենին»,- ընդգծել է մասնակից Լիանա Ադամյանը։
Մոտենալով արցախցի կանանց՝ ԵՄ-ի գրասենյակի անվտանգության աշխատակիցը հայտնեց, որ աշխատակիցներից ոչ ոք տեղում չէ՝ կապված համավարակի հետ:
«Մենք պահանջում ենք հանդիպում տիկին Վիկտորինի հետ, ինչից հետո միայն կփոխանցենք նամակը: Այսքան ժամանակ մյուս կառույցների մոտ բողոքի ակցիա անելով եւ հանդիպումներ ունենալով՝ դարձյալ լսում ենք իրենց «խորը մտահոգությունները»: Տպավորություն ենք ստանում, որ մարդկայնորեն մեզ հասկանում են, սակայն այդ ամենը մեզ բավարար չէ: Իրենց պահվածքով ու լռությամբ նրանք խախտում են իրենց իսկ հռչակած արժեքները»,- նշել է ակցիայի մասնակից Սիրանուշ Սարգսյանը:
Ավելի ուշ ԵՄ գրասենյակի անվտանգության աշխատակիցը կրկին մոտեցել է ակցիայի մասնակիցներին եւ հաղորդել է, որ գրասենյակից կանանց կոնտակտային տվյալներ են ցանկանում, որպեսզի իրենց հետ կապ հաստատեն:
Արցախցի կանայք շեշտել են, որ իրենք չեն հեռանալու տարածքից եւ շարունակելու են իրենց պայքարը: ՀՀ-ում ԵՄ գրասենյակի անվտանգության պատասխանատուն, զանգահարելով ակցիայի մասնակիցներին, արցախցի կանանց առաջակեց նամակը թողնել գրասենյակում կամ այսօր՝ ժամը 11:00-ին, 3 հոգով գալ հանդիպման, սակայն հստակ չեն նշել, թե ում հետ:
Կայանք համաձայնել են գալ այսօր, սակայն շարունակելու են իրենց պայքարը: Կանայք պահանջել են, որպեսզի իրենց հստակ անուն տրվի, թե ում հետ պետք է իրենք հանդիպեն:
Նշենք, որ արցախցի կանայք նման բողոքի ակցիաներ են իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում տարբեր դեսպանատների առջեւ:
1196 ՄԱՀ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ
Հոկտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 78810 դեպք, որոնցից 51162-ը` առողջացած, 1196-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26113 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 379541 թեստավորում: Այսպիսով, նախօրեին կատարվել է 2201 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 973 նոր դեպք: Ունենք 254 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 82 (կին), 93 (տղամարդ), 83 (կին), 56 (կին), 70 (կին), 73 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 74 (կին), 79 (տղամարդ), 93 (կին), 71 (կին), 74 (կին), 84 (կին) եւ 55 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 339 է:
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Նախօրեին Սիրիայի հայկական կազմակերպությունները բողոքի հզոր ակցիա են անցկացրել: Այն ուղղված էր Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ոտնձգություններին: Հալեպի Ազիզիե շրջանում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել «Արցախը Հայաստան է», «Վե՛րջ ցեղասպանությանը», «Հաղթելու ենք» եւ այլ վանկարկումներով։
Բացման խոսքով ելույթ են ունեցել Բերիո Թեմի ազգային վարչության անդամ, փաստաբան Պայքար Թովմասյանը, Հալեպի նահանգային խորհրդի անդամ, փաստաբան Մարիա Գաբրիելյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը եւ այլք:
Ավելի քան 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական ներկայացուցիչներ արտահայտել են Արցախի հայության արդար պայքարին իրենց զորակցությունը։ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի եւ վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել:
Հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետեւանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:
ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան, 3-8 մ/վ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 4-5 աստիճանով, 29-ին նույնքան կբարձրանա։ Երեւանում հոկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արեւմտյան տարածքային կենտրոնի մասնագիտական թիմերը շարունակում են ստուգայցերը. դրանք ընդգրկել են Արարատի եւ Արմավիրի մարզերի բժշկական հաստատություններ, ատամնաբուժական կաբինետներ, բանկեր եւ սպասարկման կազմակերպություններ։
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ստուգայցերն առողջության առաջնային պահպանման բժշկական ամբուլատորիաներում եւ ատամնաբուժական կաբինետներում արձանագրել են բժշկական իրերի ախտահանման եւ թափոնների տեղափոխման գործընթացի խախտումներ։ Բացի այդ, բժշկական հաստատության ղեկավարի հրամանով նշանակված չեն եղել COVID-19 հսկողության պատասխանատուներ։ Տրվել են խախտումները հրատապ վերացնելու կարգադրագրեր։ Ստուգայցերը՝ ուժեղացված ռեժիմով, շարունակվում են:
43 ՄԻԼԻՈՆ ԴԵՊՔ
Աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակը հոկտեմբերի 26-ին գերազանցել Է 43 միլիոնը. այս մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի կայքում հրապարակված տվյալները, որը հաշվարկները կատարում է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա: Նրա տվյալներով՝ այժմ ախտահարվածների թիվը կազմում Է 43 009 311, մահացել Է 1 153 857, ապաքինվել՝ 28 959 776 մարդ: Վարակման ամենից շատ դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում (8 636 165), այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (7 909 959) եւ Բրազիլիան (5 394 128):
Ռուսաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով, արձանագրվել Է վարակման 1 513 877 դեպք, առողջացել է 1 138 522, մահացել՝ 26 050 մարդ. հաղորդել է ՏԱՍՍ-ը: