Ռուս փորձագետ, պահեստազորի գնդապետ եւ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ռազմական դիտորդ Վիկտոր Բարանեցը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը կանգնեցնելու միակ տարբերակը սահմանին խաղաղապահ տեղակայելն է: Ընդ որում, ռազմական փորձագետը նկատում է՝ Ադրբեջանը ցանկանա, թե ոչ, սահմանին կարող են տեղակայվել միայն ռուս խաղաղապահներ: Վիկտոր Բարանեցը մեզ հետ զրույցում նաեւ անդրադարձավ իր լրագրողական գործունեության ընթացքում ձեռք բերված փաստերին, ըստ որոնց՝ Թուրքիան վարձկանների է ուղարկում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վայր:
-Պարո՛ն Բարանեց, Դուք ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգովորումը:
-Ես այս կոնֆլիկտի լուծման միայն մեկ տարբերակ եմ տեսնում, որ անհապաղ կոնֆլիկտի կենտրոն տեղակայվեն խաղաղապահ ուժեր, սակայն՝ մի պայմանով, որ Երեւանն ու Բաքուն դրան համաձայնեն: Իսկ եթե կողմերից որեւէ մեկը դրա հետ համաձայն չէ, ապա նա պատերազմ է ցանկանում:
-Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ինքը կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը, իսկ, ահա, Ադրբեջանի նախագահը դեմ է:
-Այո, Դուք շատ ճիշտ եք արձանագրում, որ Փաշինյանը կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը, իսկ Բաքուն՝ դեմ: Բանն այն է, որ Բաքվի ականջին շշնջում է Թուրքիան՝ ասելով, որ մի՛ հավատացեք Մոսկվային, քանի որ սահման կգան ռուս խաղաղապահները, որոնք կօգնեն Հայաստանին: Գիտեք, սա պրովոկացիոն հայտարարություն է, եւ եկեք առաջ գնանք: Եթե Բաքուն դեմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը, ապա թող առաջարկեն նաեւ իրենց տարբերակը, սակայն հաշվի առնելով, որ, օրինակ, ամերիկյան խաղաղապահների տեղակայման դեպքում էլ դեմ կլինի Հայաստանը եւ Ռուսաստանը: Ամեն դեպքում Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ռազմավարական առումով մեզ համար կարեւոր նշանակություն ունեն, եւ հիմա մեզ համար ամենագլխավորն ամեն ձեւով պատերազմը կանգնեցնելն է, եւ եթե Բաքուն դեմ է, թող ինքն էլ առաջարկի որեւէ բան, բայց մենք մարմնավաճառներ չենք առաջարկում, որ իրենք էլ կամուկացի մեջ են: Պետք է վերջիվերջո որոշում կայացնել եւ կանգնեցնել այս պատերազմը:
-Իսկ ՌԴ-ն չի՞ կարող որեւէ ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, եւ ինչպե՞ս եք գնահատում, առհասարակ, Ռուսաստանի քայլերն այս հակամարտության լուծման համար:
-Այսօր միայն Ռուսաստանի Դաշնության գործիքները բավարար չեն: Հիմա պետք է մտածել մարդկանց կյանքի մասին. ամեն րոպեն մարդկային կյանք է արժենում: Հիմա մենք շատ ճիշտ խոսքեր ենք լսում Բաքվից եւ Երեւանից, սակայն այդ հայտարարությունները չեն կանգնեցնում պատերազմը: Իմ կարծիքով՝ եթե միայն ՌԴ-ի ջանքերը բավարար չեն, ապա թող ավելի ակտիվ գործեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները: Սակայն ի՞նչ արեցին նրանք. արտաքին գործերի նախարարները գնացին Վաշինգտոն, սակայն ի՞նչ արեցին, վերադարձան, եւ կրկին սկսեցին սպանել իրար: ՌԴ-ն իր բոլոր խաղաքարտերն արդեն դրել է սեղանին, ո՞ւր են Վաշինգտոնն ու Փարիզը: Նրանք պետք է երեքով հավաքվեն որեւէ մի վայրում եւ կանչեն այնտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, որպեսզի վերջիններս ամբողջ աշխարհին ասեն, որ իրենք պատրաստ են կանգնեցել պատերազմը, եւ այդ ժամանակ էլ մենք կարող ենք պատասխանատվություն ունենալ եւ պատժել նրան, ով առաջինն է խախտում հրադադարի ռեժիմը: Այդ դեպքում մեզ համար մեկ կլինի, թե ով է խախտում հրադադարը:
-Վաղը տեղի կունենա արտգործնախարարների մակարդակով հանդիպում Ժնեւում, այսինքն՝ կարծում եք՝ դա ոչինչ չի՞ կարող տալ: Եվ Իլհամ Ալիեւն այսօր էլ հայտարարեց, որ պատրաստ է մեկնել Մոսկվա եւ հանդիպել Նիկոլ Փաշինյանին: Ինչո՞ւ Մոկսվան չի կազմակերպում նման հանդիպում:
-Մոսկվան արդեն այնքան բան է արել, որ Դուք չեք էլ պատկերացնում: Սակայն հիմա մենք այնպիսի իրավիճակում ենք, որ միայն ՌԴ-ի ջանքերը բավարար չեն: Հավաքվեք բոլոր երկրների ղեկավարներով, ապա առաջարկեք համանախագահների տարբերակներ, եւ թող ընտրեն: Կարծես այնպիսի տպավորություն է, որ այս ամենը կատարվում է նաեւ ՌԴ-ի դեմ:
-Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի դերի մասին: Ի վերջո, նրանք վարձկաններ են ուղարկում Ադրբեջան:
-Ես այս մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ փաստեր եմ հավաքել, որոնք առկա են ՌԴ ներքին հետախուզության ծառայության մոտ, անգամ զենքերի տեսակների, համարների մասին տվյալներ, բայց երբ դու այդ մասին գրում ես, Անկարան նայում է աչքերիդ եւ ասում՝ նման բան չկա: Գիտեք, դա պատերազմի կանոններն են: Երկու կողմերն էլ տեղեկատվական պատերազմ են տանում եւ նաեւ ներկայացնում ոչ իրական տեղեկություններ:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՄԵԾԱԾԱՎԱԼ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 28-ին ավելի քան 15 անգամ հարվածել է Ստեփանակերտի եւ Շուշիի տարբեր հատվածների ուղղությամբ՝ դիտավորյալ թիրախավորելով Մոր եւ մանկան առողջության կենտրոնը եւ բնակելի ու հանրային նշանակության որոշ օբյեկտներ: Շուշիում արձանագրվել է 1 քաղաքացիական զոհ եւ երկու վիրավոր: Ստեփանակերտում արձանագրվել են մեծածավալ ավերածություններ՝ ներառյալ Մոր եւ մանկան առողջության կենտրոնում: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են դիտավորյալ պատերազմական հանցագործությունները քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ արդեն թիրախավորելով ընդհուպ Մոր եւ մանկան առողջության կենտրոնը: Այս նոր հանցագործությունները հետեւանքն են նախորդ հանցագործությունների հանդեպ միջազգային հանրության թողտվության, ինչից առիթավորվում է ադրբեջանական կողմը: Հետեւաբար, այս հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը:
ԴԵՂՈՐԱՅՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐ
Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտության ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստան եւ Ադրբեջան է մատակարարել դեղորայքի խմբաքանակներ. ասված է կառույցի հաղորդագրության մեջ։ Դրանում, մասնավորապես, նշվում է. «Մարտական գործողությունների վերջին էսկալացիայի ընթացքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են վիրավորվել։ Նրանք, ովքեր տուժել են հակամարտությունից, անհապաղ բժշկական ծառայությունների եւ դեղերի հասանելիության կարիք ունեն: Արտակարգ մատակարարումները Երեւան են ժամանել 2020 թվականի հոկտեմբերի 23-ին»։ Նշվում է, որ ԱՀԿ-ի՝ Եվրոպայում առողջապահության արտակարգ իրավիճակների խումբը համագործակցում է ինչպես առողջապահության նախարարությունների, այնպես էլ տեղական առողջապահական մարմինների հետ տուժած բնակչության եւ տեղահանվածների առողջապահական կարիքները բավարարելու համար։
ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը։ Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն է։ Նրա թոռը՝ Դավիթ Ավետիսյանը, տեղադրել է պապիկի հետ համատեղ լուսանկար եւ գրառում արել. «Հավերժ կսիրեմ քեզ, հանգչի՛ր խաղաղությամբ, իմ սիրելի՛ պապիկ»։ Հիշեցնենք, որ նրա որդին՝ Վահրամ Ավետիսյանը, վերջերս կառավարության կողմից առաջադրվել էր ՍԴ դատավորի թեկանծու, սակայն ավելի ուշ հանել էր թեկնածությունը:
ՄԵԴԱԼՆԵՐ ՈՒ ՇՔԱՆՇԱՆՆԵՐ
Արցախի պաշտպանության բանակը ներկայացրել է զինվորական մեդալների ու շքանշանների արժանացած զինծառայողներին: Թշնամական ակտիվ հրետակոծությունից հետո վերջինիս ուժերը 4 միավոր տանկով ու մեկ ինժեներական տեխնիկայի աջակցությամբ գրոհում են ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Դիրքում պաշտպանության անցած յուրային ստորաբաժանումը, կապիտան Նաիրի Վլադիմիրի Աբրահամյանի ղեկավարությամբ, մեծ կորուստներ է պատճառում թշնամուն եւ ստիպում ետ շպրտվել: Գրոհը հետ մղելու ընթացքում կապիտան Աբրահամյանը վիրավորվել է: Ներկայացված է «Արիության համար» մեդալի:
Գնդապետ Սամվել Սլավայի Գրիգորյանը մարտական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ ղեկավարման եւ հակառակորդի ուժերի ջախջախմանը նպաստելու համար ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:
Միավորման անձնակազմի մարտական աշխատանքը հմտորեն կազմակերպելու համար գնդապետ Հրայր Վլադիմիրի Աթոյանը կպարգեւատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նույն կարգի պետական պարգեւի է արժանացել գնդապետ Մարտին Ալավիկի Ջհանգիրյանը՝ զորքերի տեխնիկական ապահովումը մարտական պայմաններում իրականացնելու համար:
«Արիության համար» մեդալների են ներկայացվել գնդապետներ Կարեն Էդիկի Դանիելյանն ու Լեռնիկ Համլետի Ասրյանը զորքերի թիկունքային ապահովման ու բարոյահոգեբանական ապահովման կառույցի հստակ ու պլանաչափ աշխատանքները կազմակերպելու համար:
Գնդապետ Էրիկ Բորիկի Գրիգորյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել զորքերի հմուտ ղեկավարումն իրականացնելու եւ թշնամական ուժերի ջախջախմանը նպաստելու համար:
Հաշվարկի կազմով 4 ԱԹՍ ոչնչացնելու համար ավագ լեյտենանտներ Ռուբեն Սերյոժայի Խաչատրյանը, Հովիկ Արմենի Խաչատրյանը, շարքային-պայմանագրային Աշոտ Վահրամի Բալայանը եւ սերժանտ-պայմանագրային Կարեն Արթուրի Գրիգորյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների: Բարդ պայմաններում վիրավորներին որակավորված բուժօգնություն ցուցաբերելու համար բուժծառայության մայոր Անահիտ Եղիշեի Ասրումյանը, ավագ լեյտենանտ Արամ Սեդրակի Քեյանը, ծառայող Հասմիկ Վիտալիի Դադասյանը, ենթասպա Արեւիկ Գրիշայի Շահրամանյանը, ծառայող Մանուշակ Նելսոնի Հայրապետյանը, ծառայող Սիրվարդ Շուրայի Ազիզյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Լիլիթ Լավրենտի Հայրապետյանը եւ ծառայող Արփինե Վլադիմիրի Մկրտչյանը կստանան «Մարտական ծառայություն» մեդալներ: Իսկ կամավորական վիրաբույժ, ավագ լեյտենանտ Նորայր Աթանեսի Միքայելյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Փա՛ռք բոլոր ճակատներում իրենց բարոյական ու մասնագիտական պարտքը հայրենիքի առջեւ հերոսաբար կատարող բոլոր անհատներին: