Ի՞ՆՉ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՌԴ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 1997 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրվել է բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր:

 

Եվ Ռուսաստանի Դաշնությանը պաշտոնապես դիմելու հիմք պետք է հանդիսանա հենց 1997 թվականին կնքված հայ-ռուսական բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագիրը:

Պայմանագրի 2-րդ հոդվածում ասվում է. «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք համատեղ պաշտպանության ապահովման եւ խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձեւերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»:

Պայմանագրի երրորդ հոդվածը ավելի է մասնավորեցնում փոխադարձ պատասխանատվությունը. «Բարձր պայմանավորվող կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կամ պետությունների խմբի կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար, եւ կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն՝ ներառյալ ռազմական՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով»:

Հայաստանի նկատմամբ կա ե՛ւ ագրեսիա, ե՛ւ ագրեսիայի սպառնալիք: Հարվածել են Վարդենիսի գյուղերին, սպանել անզեն քաղաքացիների, իսկ հետո նաեւ վնասել են Հայաստանի տարածքում գտնվող ռազմական տեխնիկան:

Ավելին, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հանդեպ պարտավորություններ ունի նաեւ հայ-ռուսական պայմանագրով, որի շրջանակներում էլ Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը: Այն Հայաստանում ստեղծվել է 1994թ. սեպտեմբերի 1-ին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա: 2010թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին: Արձանագրության համաձայն՝ ռուսական ռազմակայանը Գյումրիում կտեղակայվի մինչեւ 2044թ.:

Պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, իսկ արձանագրությունն այն դարձրեց 49 տարի: Բացի այդ, արձանագրության համաձայն՝ ընդլայնվում էր ռազմակայանի աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվության ոլորտը: Եթե մինչ այդ ռազմակայանի գործառույթները սահմանափակվում էին նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, ապա արձանագրության ստորագրումից հետո այդ սահմանափակումը համաձայնագրի տեքստից հանվեց: Ռուսական կողմը Հայաստանի ռազմական անվտանգությունը համատեղ ապահովելու եւ հայկական զինուժն արդիական զինատեսակներով սպառազինմանը սատարելու պարտավորություն ստանձնեց: Նորացված պայմանագրի 3-րդ հոդվածում ասվում է. «Ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Նշված նպատակներին հասնելու համար ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը արդիական եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում»:

Ստացվում է՝ բացի ՀԱՊԿ համաձայնագրից, Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ-ի նկատմամբ ունի նաեւ այլ պարտավորություններ:

Ն. Պ.

 

 

2 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ

Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար. այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: «Կարմիր խաչը, որը ներկայում միակ մարդասիրական կազմակերպությունն է, որը մուտք ունի դեպի հակամարտություն տուժած տարածաշրջան, խնդրել է միջազգային հանրությանը տրամադրել ինը միլիոն եվրոյի շտապ օգնություն: Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի»,-ասել է Մաասը: Նախարարն ընդգծել է, որ ձմեռը մոտենում է, եւ Լեռնային Ղարաբաղը սննդամթերքի մատակարարման հետ կապված աճող խնդիրների առաջ է կանգնելու:

 

 

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը չի բացառում Լեռնային Ղարաբաղի կռվում ներգրավված Սիրիայից ու Լիբիայից վարձկանների «արտահոսքի» վտանգը դեպի Ռուսաստան: «Բացառել այդպիսի վտանգը, անկասկած, անկարելի է»,-  հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը: «Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում: Կարեւոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ, աշխատել կանխարգելելու ուղղությամբ: Ռուսական իրավապահ մարմինները ուշադիր հետեւում են իրավիճակին եւ, ինչպես ասվում է, «ձեռքը զարկերակին են պահում»,-եզրափակել է նա:

 

 

ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՇԱՐԺ

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ավելի վաղ հայտարարել էր, որ, իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նկատվում է Մերձավոր Արեւելքի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կազմում կռվող վարձկանների ակտիվ շարժ. ի դեպ, խոսքը գնում է արդեն հազարավոր արմատականների մասին

 

 

2398 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87432 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 397596, վերջին մեկ օրում` 4936 նոր  թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 31458 պացիենտ. մեկ օրում ավելացել է 1307-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 54316 անձ, վերջին մեկ օրում՝ 1059 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1300 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 358 է:

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՀԱՆԳՐՎԱՆԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

Առողջարանային Դիլիջան քաղաքում ժամանակավոր հանգրվան են գտել Արցախից բազմաթիվ ընտանիքներ։ Հոկտեմբերի 27-ին   ուրախ լուր ստացվեց «Դիլիջան» բժշկական կենտրոնից. ծնվել է փոքրիկ արցախցի:   Այդ   կապակցությամբ  բժշկական  կենտրոն է այցելել եւ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորանքները նորածնի մայրիկին՝ Հասմիկին է փոխանցել համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սոնա Եգանյանը: Դրլիջանում ապաստանած արցախցիներին սննդի աջակցություն է  ցուցաբերվում  Դիլիջան համայնքի, նաեւ արտերկրի հայերի կողմից։ Դիլիջանի եւ քույր քաղաք Պյատիգորսկի միջեւ ստեղծված հարաբերությունները աչքի են ընկնում  ջերմությամբ։ Դիլիջանի համայնքապետարանից հայտնեցին, որ Պյատիգորսկի հայ համայնքի հանգանակած միջոցներով ձեռք են բերվել առաջին անհրաժեշտության կենցաղային իրեր, սարքավորումներ, մեծ քանակությամբ սնունդ եւ առաքվել Դիլիջան՝ մարտական գործողությունների հետեւանքով Արցախից ժամանակավորապես Դիլիջան  տեղափոխված մեր հայրենակիցներին տրամադրելու համար: Մալթայի հայ համայնքի ղեկավար Վերա Բոյաջյանն  իր ամուսնու՝ Աշոտ Բոյաջյանի հետ մեծ աջակցություն է ցուցաբերել Դիլիջանում  ժանանակավորապես գտնվող արցախցի ընտանիքներին՝ անձնական միջոցներով սննդամթերք առաքելով Դիլիջան:  Բոյաջյան ամուսինները ակտիվ գործունեություն են իրականացնում Մալթայի հայ համայնքում, սակայն Դիլիջանը չունի ավանդական կապեր  Մալթայի   հետ: Դիլիջանի հետ  տեղի հայ համայնքի առնչությունները պայմանավորված են Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի եւ հայրենասեր այդ ընտանիքի միջեւ ստեղծված անձնական  մտերմությամբ:

 

 

ԿՐԱԿԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎՐԱ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւան քաղաքի բնակիչ Էդմոնդ Էդիլյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հունիսի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 2-րդ եւ 4-րդ շենքերի միջանկյալ հատվածում քննությամբ չպարզված շարժառիթով, Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի առողջությանը ծանր վաս պատճառելու դիտավորությամբ կրակել է վերջինիս աջ ազդրի ստորին երրորդի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ազդոսկրի վնասումով՝ ուղեկցված հետագայում  ստորին վերջույթի անդամահատումով։ Է. Էդիլյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, նրա  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նա գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ-ում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս