ՔԱՅԼԵՐ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ։ Այս առնչությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների` Արցախի պաշտպանության բանակի կողմից գերեվարման փաստին։ «Նոյեմբերի 1-ին՝ մարտական գործողությունների ընթացքում, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջի: Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախի ՊԲ գերեվարել էր մեկ այլ զինյալ ահաբեկչի, որը ներկայացել էր որպես Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր՝ Սիրիայի Համա քաղաքից:

 

Հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել Թուրքիայի կողմից Մերձավոր Արեւելքի տարբեր «թեժ կետերից», մասնավորապես՝ Սիրիայի` իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից եւ Լիբիայից Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների եւ ջիհադիստների հավաքագրման, տարածաշրջան տեղափոխման եւ տեղակայման մասին: Վերոնշյալ փաստը ներկայումս ոչ միայն հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հատուկ ծառայությունների, մեր բազմաթիվ գործընկերների եւ միջազգային հանրության կողմից, այլեւ արդեն հենց ահաբեկիչների ուղղակի վկայություններով:

Իրենց վկայություններում վերոնշյալ ահաբեկիչները մանրամասն տեղեկատվություն են փոխանցել իրենց հավաքագրման գործընթացի, «գյավուրների» (անհավատների) դեմ պայքարի համար ակնկալվելիք ամսական վճարների եւ յուրաքանչյուր «անհավատի» գլուխ կտրելու համար «պարգեւավճարների», ինչպես նաեւ իրենց կողմից իրականացվելիք ահաբեկչական ծրագրերի մասին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու թուրք-ադրբեջանական ղեկավարության նպատակը:

Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսեւորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արեւելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ եւ ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային եւ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար: Հայաստանը շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ»,-նշվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարության հայտարարության մեջ:

Ն. Պ.

 

 

ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՉԵՆ ԿԻՐԱՌՎԻ

ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը՝ Հայաստանի բանկերի միության կայացրած որոշման համաձայն՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա, ուշացում չեն համարվի եւ չեն արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր եւ տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի. այս մասին տեղեկացնում է Հայաստանի բանկերի միությունը։ «Ողջունելի է, որ նաեւ ՀՀ առեւտրային բանկերի առաջարկով ԱԺ-ն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը հնարավորություն կտա բանկերին, առանց հարկային հետեւանքներ կրելու, վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը դարձնել առավել լայնածավալ եւ ընդգրկուն: Հավաստիացնում ենք, որ բանկերը, առաջնորդվելով ստեղծված պայմանների հաղթահարման մարդակենտրոն մոտեցմամբ եւ նպատակ ունենալով հնարավորությունների առավելագույն չափով աջակցել մեր հայրենակիցներին, ռազմական դրության ավարտից հետո կդիտարկի օրենքով սահմանված խմբերի անձանց վարկային պարտավորությունների ներման հնարավորությունը: Այս նպատակով յուրաքանչյուր բանկ, հիմք ընդունելով հաճախորդի ֆինանսական վիճակի վերլուծությունը, կցուցաբերի անհատական մոտեցում, եւ կտրվեն համարժեք լուծումներ: Ռազմական դրության ժամանակահատվածում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կիրառված տույժ-տուգանքների կամ վարկերի դասակարգումների դեպքերի մասով եւս անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության պարագայում կտրվեն համարժեք լուծումներ»,-նշում են միությունից:

 

 

ԴԱՍԱՊՐՈՑԵՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արցախից տեղափոխված աշակերտների մի մասը դասապրոցեսը շարունակում է Հայաստանում, դասապրոցեսին չմիացածների համար դիտարկվում է հեռավար դասերի կազմակերպման հնարավորությունը. այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Մենք դեռ ամբողջական պատկեր չունենք, թե աշակերտների որ մասն է կցված դպրոցներին, բայց ունենք տարբեր տեղերում ժամանակավոր բնակություն հաստատած աշակերտներ, որոնք արդեն միացել են այն ուսումնական հաստատություններին, որոնք մոտ են բնակության վայրին, որպեսզի ժամանակի անտեղի վատնում չլինի, եւ դասապրոցեսները շարունակեն, ինչպես հարկն է: ՀՀ-ում  մանկապարտեզները, դպրոցները, ուսումնարանները, քոլեջները, ԲՈՒՀ-երը իրենց դռներն են բացել Արցախից ժամանածների համար: Այս ամենին զուգահեռ մենք ունենք ուսուցիչներ Արցախից, որոնք առցանց եղանակով արդեն սկսել եւ շարունակում են իրենց դասերը»,-ասել է նախարարը:

Ըստ նրա՝ 2 շաբաթ աշնանային արձակուրդի երկարաձգման ժամանակահատվածում ուսումնասիրությունները հստակ պատկերացում կտան, թե Հայաստանում հաստատված աշակերտներից ովքեր ներգրավված չեն դասապրոցեսներում, որպեսզի կազմակերպեն նրանց գոնե առցանց ուսուցումը, որովհետեւ չեն կարող կրթության ընթացքը դադարեցնել:

Ըստ Լ. Ղարախանյանի՝ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Արցախում կան  ավերված 61 դպրոց, 10 մանկապարտեզ, մոտ մեկ տասնյակին հասնող մշակութային տներ: «Ավերվել են նաեւ Արցախում գործող թանգարաններից երկուսը, վնասվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, Գոհար տիկնոջ մզկիթը»,-նշել է նախարարը:

 

 

ՀՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԻՍ ԹԵՍՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման եւ կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել: Այսպես, ըստ այդմ՝ եթե ՀՀ մուտք գործելիս անձը ներկայացնում է առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։ Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում եւ պարտադիր ինքնամեկուսանա մինչեւ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

Կառավարության նոր որոշմամբ՝ ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության: Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Պետք է կցվի ձեւաթուղթ՝ ստորագրված ու կնիքով, որում առկա կլինեն հետազոտությունն իրականացրած կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները, ղեկավարի անունը, հետազոտված անձի անունը եւ ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը: Սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում՝ լրացուցիչ հարցումներ), ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը։ Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ: Եթե վերը նշված սահմանված ձեւի սերտիֆիկատ առկա չէ, եւ հոսպիտալացման կարիք չկա, ապա մյուս բոլոր դեպքերում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում, եւ պարտադիր ինքնամեկուսացման մինչեւ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: Նմուշառման կետերն իրականացնում են նմուշառումը եւ անձի տվյալները մուտքագրում եւ ինքնամեկուսացումը գրանցում ԱՐՄԵԴ համակարգում՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ ստուգելով կոնտակտային հեռախոսահամարի իսկությունը նշված հեռախոսահամարին զանգ կատարելու միջոցով: Նմուշառումից հետո նմուշառման կետի կողմից ժամանողին տրամադրվում է նմուշառումը եւ ինքնամեկուսացման գրանցումը հավաստող փաստաթուղթ:

ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է ժամանող անձի հաշվին: ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում եւ տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

 




Լրահոս