ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-Ը ՏՎՅԱԼՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում քաղաքացիական օբյեկտների թիրախավորման հետեւանքով զոհվել է առնվազն 46, վիրավորվել՝ 144 քաղաքացիական անձ. այս մասին փոխանցել է  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Մինչ օրս Արցախում 13 հազար 800 անշարժ գույք, 3100 հանրային եւ արտադրական նշանակության օբյեկտներ են վնասվել: «Դա կլինի էլեկտրամատակարարման կայաններ, ցանցեր, նույնը կապի եւ հաղորդակցության համակարգում, ջրամատակարարման ու գազամատակարարման համապատասխան ենթակառուցվածքներ, խողովակներ, կամուրջներ եւ այլն: Հանրային նշանակության օբյեկտների մեջ մենք դիտարկում ենք մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները, մշակութային կենտրոնները, եկեղեցին», – նշեց Արցախի ՄԻՊ-ը:

 

Ադրբեջանական ուժերը գիշերը ծանր հրետանիով հարվածներ էին հասցրել Շուշի քաղաքին, որը 14 կիլոմետր է հեռու մայրաքաղաք Ստեփանակերտից։ Արցախի օմբուդսմենի փոխանցմամբ՝ կան վիրավորներ. «Բավականին թեժ է եղել Շուշիում, եւ Շուշի քաղաքի քաղաքացիական օբյեկտները բավականին ինտեսնիվ կերպով թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետեւանքով առկա են վիրավորներ եւ բավականին մեծ ծավալի ավերածություններ քաղաքացիական օբյեկտներում»: Ուշ երեկոյան էլ Ստեփանակերտն էր թիրախավորվել. Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը «Սմերչ» կայանքից հրթիռ էր արձակել Մոր եւ մանկան բժշկական կենտրոնի ուղղությամբ։ Հարվածներ էին հասցվել նաեւ բնակելի թաղամասի ուղղությամբ, մեկ ավտոմեքենա եւ ավտոտնակ էին հրդեհվել։ Նույն ժամանակահատվածում նաեւ Շուշին էր թիրախավորվել, այնտեղ եւս բնակելի տներում հրդեհ էր բռնկվել։

«Մարտունի քաղաքը նույնպես թիրախավորման տակ է եղել ադրբեջանական զինված ուժերի կողմից, առկա են ավերածություններ քաղաքացիական օբյեկտներում, բայց, բարեբախտաբար, մարդկային որեւէ կորուստ, վիրավոր այնտեղ չի արձանագրվել», – ասաց Արտակ Բեգլարյանը:

Օրերս Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում խաղաղ բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտները չթիրախավորելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: Բեգլարյանի խոսքով՝ սա եւս մեկ ապացույց է, որ Ադրբեջանը քաղաքական պայմանավորվածությունները չի պահպանում: «Այս հարձակումների մի մասն արձանագրվել է կասետային զինատեսակներով, որը միջազգային մարդասիրական իրավունքով եւ սովորութային իրավունքով արգելված զինատեսակ է հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջանում կիրառվելու պարագայում, քանի որ ունի բավականին լայնածավալ ազդեցության շրջանակ, ու մեր կորուստների ու վիրավորների զգալի մասը հենց կասետային զինատեսակներով է արձանագրվել», – ընդգծեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Օմբուդսմենն ընդգծում է՝ շրջակա միջավայրը վնասող հանցագործություններ էլ են կատարվում. «Կիրառելով տարբեր տիպի զինատեսակներ, այդ թվում, ըստ մի շարք փորձագետների եւ ըստ մեր նախնական վերլուծության, նաեւ սպիտակ ֆոսֆորային զինատեսակ, որն արգելված է ամբողջությամբ միջազգային իրավունքով: Ադրբեջանը դիտարվորյալ կերպով հրկիզում է անտառները, ինչն ինքնին բնապահպանական աղետ է Արցախի Հանրապետության եւ մեր բնակչության համար եւ երկարաժամկետ հետեւանքներ կարող է ունենալ եւ՛ ֆաունայի ու ֆլորայի, եւ՛ հանրային առողջության վրա: Երկու օր առաջվա տվյալներով՝ առնվազն 1815 հա վառվել էր կամ կրակի մեջ էր գտնվում, առայսօր, մեր վերլուծությամբ, այդ թիվը կարող է գերազանցել ադեն 2000 հա-ն»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական կողմի հայտարարությունները՝ պնդելով, թե իրենց սպառազինության մեջ սպիտակ ֆոսֆորային զինատեսակներ չկան։

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված` առցանց հանդիպում է տեղի ունեցել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի եւ առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի անդամների մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տիրող կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակին վերաբերող հարցերը, տարբեր առաջարկներ են արվել վարակի շարունակաբար գրանցվող ցուցանիշների կտրուկ աճը կանխարգելող, ինչպես նաեւ կոնտակտավորների հայտնաբերման միջոցառումների վերաբերյալ:

Տեսազրույցի ընթացքում համաճարակաբաններն անդրադարձել են ներկայիս իրավիճակի՝ COVID-19-ի եւ ռազմական գործողությունների պատճառով Հայաստանում ստեղծված բարդ իրադրության պայմաններում առողջապահական ռեսուրսները ճիշտ բաշխելուն, բուժօգնություն կազմակերպելուն եւ տրամադրելուն:

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։ Քննարկվել են պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետությունից տեղափոխված ուսանողների կրթության շարունակականության կազմակերպմանն առնչվող հարցեր: Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է կրթության իրավունքի ոտնահարման խնդրին, որն այժմ արձանագրվում է Արցախի եւ Հայաստանի հանդեպ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի հետեւանքով, որի թիրախում այլ քաղաքացիական ենթակառուցվածքների կողքին հայտնվել են նաեւ կրթական հաստատությունները: Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունն ու ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունները գործադրում են առավելագույն ջանքերը արցախցի ուսանողների կրթության շարունակականությունն ապահովելու համար՝ ներկա փուլում առանձնացնելով ուսումնական գործընթացի մեջ արցախցի ուսանողների ներգրավման ապահովման եւ առաջիկա կիսամյակային քննությունների պատշաճ կազմակերպման խնդիրները: ԱՀ ԿԳՄ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանն իր հերթին ներկայացրել է պատերազմով եւ համավարակով պայմանավորված այն դժվարությունները, որ արցախյան բուհերն ունեն իրենց ուսանողների հետ կապի հաստատման, ուսումնական գործընթացի վերագործարկման առումով՝ մեծապես կարեւորելով հայաստանյան բուհերի կողմից տրամադրվող աջակցությունը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել օպերատիվ աշխատելու առկա խնդիրներին միասնական մոտեցում ապահովելու, բայց եւ ուսանողների խնդիրներին անհատական մոտեցում ցուցաբերելու առումներով:




Լրահոս