ՍԱՀՄԱՆԻ 40-ՕՐՅԱ ԱՄՓՈՓՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում սկսված պատերազմից  անցել է 40 օրից ավելի: Սեպտեմբերի 27-ին հրահրված պատերազմից մինչեւ օրս Ադրբեջանի գործողությունների հետեւանքով ոչ միայն զոհեր եւ վիրավորներ կան նաեւ քաղացիական բնակչության շրջանում, այլեւ հրետակոծությունների եւ քիմիական տարր պարունակող ֆոսֆորային ռումբերի կիրառման հետեւանքով առաջացել են բնապահպանական խնդիրներ։ Այսպես, պատերազմի ավելի քան 40 օրերի ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում, նախնական տվյալներով, ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։ Այս պահին առկա տվյալներով՝ ՀՀ եւ ԱՀ տարածքում, ընդհանուր առմամբ, վնասվել է ավելի քան 2000 հա անտառածածկ եւ բուսածածկ տարածք, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Բացի այդ, վերջին շրջանում Ադրբեջանը սկսեց ակտիվորեն կիրառել նաեւ բնապահպանական լրջագույն ռիսկեր առաջացնող, քիմիական տարր պարունակող ֆոսֆորային զինատեսակներ, որոնք կարող են ոչ միայն անդառնալի հետեւանքներ ունենալ մարդու օրգանիզմի վրա, այլեւ աղետալի ազդեցություն՝ շրջակա միջավայրի համար։  Հոկտեմբերի 4-ի տվյալների համաձայն՝ հայկական կողմը քաղաքացիական բնակչության շրջանում ունի 50 զոհ, 178 վիրավոր, վնասվել է 19 հազար շինություն:

Իսկ ի՞նչ իրավիճակ է դիվանագիտական ճակատում. Մասնավորապես Եվրոպայում Արցախի ճանաչման շքերթ է, սակայն առայժմ՝ ՏԻՄ մակարդակով: Եվրոպական տարբեր պետությունների շրջաններ, քաղաքներ ճանաչում են Արցախի անկախությունը՝ Իտալիա, Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա:  Իսկ այժմ՝ ադրբեջանական կողմի կորուստների մասին. Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից մինչ օրս կորցրել է 7405 կենդանի ուժ, 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 736 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ։

 

 

 

Դեռեւս հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրավիրելու Անվտանգության խորհրդի նիստ՝ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները պետք է խորհրդի նիստում քննարկեին Արցախում ընթացող պատերազմական դրությունը: Ավելին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ կան փակ տեղեկություններ, որոնք իրենք ցանկանում են ճշտել, ինչը հնարավոր չէ առօրեայում խոսել, հարցեր ուղղել. դա հնարավոր է անել անվտանգության խորհրդի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին խմբակցությունները սպասում են, թե երբ է հայրենի կառավարությունն արձագանքելու իրենց դիմումին: Արդեն մոտ 10 օր է անցել դիմումի ներկայացրած օրվանից, ու որեւէ արձագանք չկա՝ չնայած այն բանին, որ խմբակցության ղեկավարները նշել էին, որ պետք է հրատապ նիստ հրավիրել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել, թե իրենց դիմումն ինչ ընթացք է ստացել: Մարուքյանը հայտարարեց, որ որեւէ արձագանք չեն ստացել: Մենք փորձեցինք ՀՀ վարչապետի մամուլի պատասխանատու Մանե Գեւորգյանից պարզել, թե ինչ որոշում կա՝ դիմումի հետ կապված, սակայն Գեւորգյանը ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

 

 

 

Երեւան քաղաքի արտաքին լուսավորության համար 2021թ. բյուջեի նախագծով նախատեսված է 2 միլիարդ  դրամ, փողոցների նորոգման համար հատկացվել է 3 միլիարդ դրամ՝ մնալով անփոփոխ 2020 թվականի բյուջով նախատեսվածի հետ համեմատած, իսկ, ահա, Մետրոպոլիտենի վերակառուցման համար նախատեսվել է 833 միլիոն դրամ։ Երեկ այս տվյալները խորհրդարանում ներկայացրեց Երեւանի քաղաքապետի նորընտիր տեղակալ Սերգեյ Ներսիսյանը, որն այդ պաշտոնում փոխարինել է Հայկ Սարգսյանին: 2020 թվականի բյուջեի նախագիծը խորհրդարանում նախորդ տարի ներկայացրել էր հենց Սարգսյանը, եւ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով նախորդ տարվա նախագիծը, պարզեց, որ նախորդ տարի Մետրոպոլիտենի վերականգնման ծրագրին հատկացվել էր  4 միլիարդ, փողոցների արտաքին լուսավորության ծրագրի իրականացմանը՝ շուրջ 2 միլիարդ դրամ։ Մշակութային ծրագրին հատկացվել էր 1 միլիարդից ավելի գումար, որով պետք է նորոգվեին 4 թանգարան եւ Երեւանի կենդանաբանական այգին։ Հետաքրքիր է, որ պետության կողմից Երեւանի քաղաքապետարանին տրվելիք բյուջեն կրճատվել է շուրջ 20 մլրդ 95 մլն դրամով, որի տեսակարար կշռում մեծ մաս են վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը: Իսկ, ահա, Երեւանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել է 36 միլիարդ 15 միլիոն դրամ։ Երեւան համայնքին տրվող նպատակային հատկացումներն ավելացել են 39 միլիոն դրամով՝ կազմելով 9 միլիարդ դրամ, իսկ ֆինանսական համահարթեցման համար տրվող դոտացիան մնացել է անփոփոխ՝ 13 միլիարդ դրամ։

 

 

Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրավիճակը պասիվ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում բնակարանների գները զգալի նվազել են, բայց կան վարչական շրջաններ, որտեղ, հակառակը, թանկացել են: Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը սեպտեմբեր ամսին 625 հազար դրամ էր կամ շուրջ 1300 դոլար, իսկ օգոստոսին՝ 630 հազար դրամ, այսինքն՝ 5000 դրամով էժանացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 3100 դրամով. այստեղ մեկ քմ-ն սեպտեմբերին արժեցել է 443 հազար 100 դրամ, օգոստոսին՝ 440 հազար դրամ: Բնակարանների գների նվազում արձանագրվել է նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. մեկ ամսվա ընթացքում 323 հազար դրամից էժանացել է՝ դառնալով 321 հազար 500 դրամ: Ավան վարչական շրջանում գնանկումը կազմել է 2500 դրամ:  Շենգավիթ վարչական շրջանում, սակայն, 3000 դրամով բարձրացել են բնակարանների գները. բնակարանի մեկ քմ-ն 295 հազար դրամից դարձել է 298 հազար դրամ: Ի դեպ, օրավարձով բնակարանների շուկան է վատ վիճակում. սահմանները փակ էին, եւ զբոսաշրջիկներ մուտք չէին գործում Հայաստան, իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները: Ինչպես տեսնում ենք, կորոնավիրուսը ազդել է անշարժ գույքի գների վրա:

 




Լրահոս