ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը կատեգորիկ դեմ է այն հայտարարություններին, թե նախկին իշխանությունները բանակը չի զինել, ինչի համար այսօր մենք խնդրի առաջ ենք կանգնել: Ըստ Հարությունյանի՝ պետք չէ պատերազմական այս օրերին նախկին կամ ներկա իշխանություններին ինչ-որ բաների մեջ մեղադրել, պետք է համախմբվել ու պայքարել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, որոնք մեծ ծավալով հարձակվել են Արցախի վրա: Նախկին պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նոր է Արցախից տեղափոխվել Երեւան, արդեն քանի տարի է՝ իր ընտանիքի հետ ապրում էր Արցախում, ու իր աչքերով է տեսել, որ Արցախում երկրորդ եղեռն է ընթանում:

 

ՀՀԿ-ական Հարությունյանի կարծիքով՝ Ռուսաստանը այն միակ երկիրն է, որը կարող է կանգնեցնել Արցախում ընթացող պատերազմը:

-Պարո՛ն Հարությունյան, այս ժամանակահատվածում մեղադրում են նաեւ նախկին իշխանություններին, որ բանակը չի զինել, զենք-զինամթերք չի գնել ու չի պատրաստվել պատերազմի այս տարիների ընթացքում։ Ի՞նչ կասեք։

-Կատեգորիկ դեմ եմ։ Ինձ համար չկա հին ու նոր իշխանություն։ Ցանկացած պետություն  իշխանությունն է, եւ դա հաջորդական է՝ վաղը մեկն է, այսօր՝ մյուսը, եւ այլն։  Չի կարելի ասել, որ չեն զինել։ Եթե զինած չլինեին, այսօր այս վիճակը չէր լինի։ Ես կատեգորիկ դեմ եմ այդ մեղադրանքներին։ Մենք այսօր  սրան, նրան մեղադրելու իրավունք չունենք, մենք պայքարելու, կռվելու իրավունք ունենք։

-Երեկ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտարարել է, որ վերջին երկու տարում ավելի շատ զենք-զինամթերք է ձեռք բերվել, քան տասը տարիների ընթացքում։

-Այսօր իրար մեղադրելու ժամանա՞կն է։ Ես չեմ մտնի այդ դիսկուրսների մեջ եւ ասում եմ հետեւյալը. այսօր մեկը մյուսին մեղադրելու ժամանակը չէ։ Ունենք այն, ինչ ունենք, եւ այդ մարդիկ ժամանակին պետք է ձայն հանեին, որ բանակը չենք զինում։ Բայց մի՞թե կարելի է, որ վերջին տասը կամ տասնհինգ տարիների մեր բանակը չի զինվել եւ հանկարծակի վերջին երկու տարում է զինվել։ Առանց փաստական որեւիցե տվյալների  ինչո՞ւ եք այս ժողովրդին մոլորության մեջ գցում։ Այսօր ցանկացած մեղադրանք՝ հների, նորերի, ապագայի եւ անցյալի, օտգավետ գործ չէ մեր ժողովրդի համար։

-Պարո՛ն Հարությունյան, ըստ Ձեզ՝ այս պահին ո՞ր պետությունը կարող է այնպես անել, որ Արցախում  հայտարարվի հրադարար, եւ պատերազմը դադարի։ Կա՞ մի երկիր, որը կարող է այս պահին Թուրքիային եւ Ադրբեջանին սանձել։

-Այո՛, դա Ռուսաստանն է։

-Իսկ քայլեր տեսնո՞ւմ եք Ռուսաստանի կողմից, որ իրականացվում են այդ ուղղությամբ։

-Փորձեր տեսնում եմ, բայց շեշտակի քայլեր չեմ տեսնում։

-Իսկ ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ Ռուսաստանը կտրուկ քայլերի չի դիմում։

-Իրենք Արցախը  չեն հաշվում որպես Հայաստանի մաս։  Եթե լինենք անկեղծ եւ օբյեկտիվ, ապա ասեմ, որ Ռուսաստանը կարող է ասել, թե ինչու շեշտակի չի միջամտում այս հարցերին։ Տարբեր տեսակետներ կան, բայց փաստն այն է, որ եթե Ռուսաստանը իր ամբողջ կյանքը ներդնի, ապա պատերազմը կարող է կանգնեցնել։ Ավելի շուտ պետք է կանգնեցներ, իսկ այսօր մի քիչ դժվար է, որովհետեւ ռազմաճակատի ուղիղ գիծ չունենք։

-Այս պահի դրությամբ ի՞նչ ելք եք տեսնում։ Ի՞նչ անել, որպեսզի կրակը դադարի։

-Երանի ես ելքը տեսնեի։ Եվրոպական միության երկրներին, ԱՄՆ-ին եւ մյուսներին, կարծեք, չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում Արցախում։ Իսկ Արցախում տեղի է ունենում երկրորդ եղեռն։  Ես նոր եմ վերադարձել Արցախից  եւ իմ աչքով եմ ամեն ինչ տեսել։ Հիմա այնտեղ կրկնվում է 1915 թվականը։  Ես պատմաբան եմ եւ ոչ մի տարբերություն չեմ տեսնում. ե՛ւ այն ժամանակ էր Եվրոպայի առաջադեմ հասարակությունը  իր բողոքի ձայնը բարձրացնում, ե՛ւ այսօր էլ առաջադեմ հասարակական գործիչները իրենց ձայնը բարձրացնում են, ե՛ւ Ռուսաստանը՝ 15 թվականին։ Ասեմ, որ Ռուսաստանում միշտ եղել է երկու Ռուսաստան՝ դեմոկրատական եւ ազգային պահպանողական, որ, բացի Ռուսատանի շահերից,  ոչնչի մասին չեն մտածում։ Իսկ այսօր դեմոկրատական Ռուսաստանը հայերի, Հայաստանի եւ Արցախի կողքին է։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԽԱՓԱՆԵԼ Է ԼՂ ՀԱՐՑՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Երեկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը խորհրդարանում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Պարզվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի վերջին փակ նիստի քննարկման ժամանակ մշտական անդամ երկրներից մեկը խափանել է Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարության ընդունումը:

 

Նախ այստեղ ընդգծենք, որ միջազգային որեւէ այլ կազմակերպություն, բացի ՄԱԿ-ից, ուղղակի միջամտելու լիազորություններ չունի, իսկ, ահա, արդեն ՄԱԿ-ի պարագայում անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշում: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի մշտական անդամներից ոչ մեկն առնվազն վետո չդնի, եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որտեղ կան եւս 9 ոչ մշտական անդամներ, այդ որոշումն անցնի: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն են՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Չինաստան: Եվ, ահա, եղել է  ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություն, որն, ըստ էության, տապալեց հարցի քվեարկությունը:

Իսկ ի՞նչ են ցույց տալիս վերլուծությունները, քանի որ նախագիծը ներկայացնողները համանախագահ երկրներն էին, որոնք երեքն էլ ԱԽ անդամ են, մնում են Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը։ Բրիտանական «Բրիթիշ Փեթրոլեումը» Ադրբեջանի եւ Թուրքիայի նավթային գործընկերն է: Դրան զուգահեռ, ամիսներ առաջ ադրբեջանական պրոպագանդան ուրախությամբ արձանագրում էր, որ բրիտանական հետախուզություն՝ MI 6-ի նոր ղեկավար է նշանակվել Էրդողանի մտերիմ Ռիչարդ Մուրը, որը 2014-17 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Թուրքիայում: Բաքվի պրոպագանդան հայտնում էր, որ Մուրը բրիտանական քաղաքական դասին փորձում է ներարկել Կովկասում Թուրքիայի կարեւորությունը: Պետք չէ մոռանալ նաեւ Բրիտանիայում Ալիեւի ֆինանսական մեծ ներկայության մասին։ Իսկ ի՞նչ իրավիճակ է Չինաստանի պարագայում.  Պեկինն իրեն ցուցադրաբար հեռու է պահում Կովկասում տեղի ունեցողից՝ կարծես թե արձագանքելով ընդամենը մեկ անգամ: Չինաստանի Մեծ մետաքսի ճանապարհի մի ճյուղավորումն անցնում է Թուրքիայով, խնդիրներ կան Կենտրոնական Ասիայում։

Եվ, ահա, Մեծ Բրիտանիայի  կամ Չինաստանի նման դիրորոշումը փակում է Ադրբեջանի հանդեպ որեւէ  ճնշման հնարավորությունը, այդ թվում՝ խաղաղության պարտադրանքը, ինչպես որ դա արվեց Սերբիայի դեպքում:

 

 

ՄԵՂԱԴՐԵԼ  Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՊՀ խորհրդաժողովում մեղադրել է Ադրբեջանին Ղարաբաղի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու համար: «Ադրբեջանական ագրեսիան իրականացվում է Թուրքիայի ուղիղ՝ ռազմական ու քաղաքական աջակցությամբ, ինչպես նաեւ Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ, որոնք ահաբեկչական խմբավորումների մեթոդներով կտտանքների են ենթարկում, գլխատում ու գնդակահարում գերիներին, խոշտանգում զոհվածների աճյունները»,- հայտարարել է Գրիգորյանը՝ հավելելով՝ Ադրբեջանի իշխանության խղճին են մի շարք ռազմական հանցագործություններ։ Գագաթնաժողովին, որն անցել է տեսակոնֆերանսի ձեւաչափով, մասնակցել է նաեւ Ադրբեջանի վարչապետը: «Բաքուն շահագրգռված է ԱՊՀ անդամ պետությունների հետ երկկողմ, ինչպես նաեւ բազմակողմ համագործակցության խորացմամբ, սակայն դա անհնար է առանց ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու»,- ասել է Ալի Ասադովը։

 

 

ԲԱՆԱՁԵՎ ԵՆ ՄՏՑՐԵԼ

«Մինչ մենք մտածում ենք միջազգային կառույցներին, միջազգային իրավունքի օգնությանը դիմել-չդիմելու շուրջ, ադրբեջանցիները արդեն պրոադրբեջանական բանաձեւ մտցրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա»,- նշել է Ազգային Ժողովի  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Լավ, ինչքա՞ն պիտի ասենք, էլ ո՞նց պիտի ասենք, որ ինչքան դիվանագիտությունն ու իրավունքը ցածր ու անվստահ են խոսում, այդքան հրանոթներն են բարձր հնչում»,-հավելել է նա:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑ՝ ՄԻՊ-ԻՑ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է արտահերթ զեկույց՝ Հայաստանի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ եւ Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների վերաբերյալ: «Դավիթ Բեկ եւ Ագարակ համայնքների բնակիչների՝ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը համայնքների վարչակազմերի հետ քննարկումներն ու փաստահավաք աշխատանքները գյուղերում հաստատել են, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներն իրական վտանգ են խաղաղ բնակիչների համար. արձանագրվել են այդ հարձակումներով նրանց կյանքի, առողջության, սեփականության եւ այլ իրավունքների կոպիտ խախտումներ։ Ինչպես արձանագրված է զեկույցում, ադրբեջանական զինված հարձակումների հետեւանքով վնասվել է 38 բնակելի տուն, 2 գոմ, 20 խոշոր եղջերավոր անասուն, 5 տրանսպորտային միջոց: Վնասվել են նաեւ գյուղի գերեզմանաքարերը: Զոհվել է 1 քաղաքացիական անձ, իսկ 2-ը վիրավորվել են (նրանցից մեկը՝ լուրջ վնասվածքներով):

 




Լրահոս