Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը կհանգեցնի լիակատար բանակցային գործընթացի: Զախարովան այս մասին ասել է «Ռոսիա -24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Հայտարարությունն ակնկալում է անվերապահ անցում դեպի լիարժեք բանակցային գործընթացի՝ այս դժվար և բարդ խնդրի բոլոր ասպեկտների վերաբերյալ»,-ասել է Զախարովան:
ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Ղարաբաղի հարցում համաձայնությունների ձեռքբերման գործընթացին, սա եռակողմ համաձայնություն է՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան: Եվ այս առումով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն է տեսնում: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջեւ քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,-ասել է Ժան-Իվ Լը Դրիանը:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ՝ այդ շրջանակներում: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված համատեղ հայտարարությունում չի նշվում այդ տարածաշրջանի կարգավիճակի մասին: Այս հարցում անհրաժեշտ է ելնել միջազգային ակտերից ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այո՛, այդ փաստաթղթում չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան բանաձևերից և նախևառաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից ու այլ փաստաթղթերից»,- հայտարարել է Պեսկովը լրագրողներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.