Երբ երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մայրաքաղաք Երեւանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները նախ հարձակվեցին Կառավարության շենքի վրա՝ ապակիները կոտրելով ու վնասելով գույքը։ Նման մի հարձակում եղավ նաեւ կառավարական առանձնատների հարակից տարածքում, եւ ականատեսների խոսքով՝ հենց այդ հատվածում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դաժան ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից: Ազգային ժողովում նույնպես անհանգիստ էր, ցուցարարները մտել էին նիստերի դահլիճ, որոշներն էլ պատգամավորների սենյակներն էին հերթով տակնուվրա անում՝ բաժակներ կոտրելով, հագուստ պատռելով, փաստաթղթեր ցաքուցրիվ անելով, դարակները քրքրելով։ Այսպիսով, երեկ Արցախի հարցում որոշման հետ զուգահեռ պարալիզացվեց կառավարության եւ Ազգային ժողովի աշխատանքը: Երեկ ամբողջ օրը թե՛ կառավարության, թե՛ Ազգային ժողովի աշխատակիցները, պատգամավորները եւ կառավարության անդամներն այդպես էլ չայցելեցին աշխատանքի վայր, քանի որ այդ պահի համար նման քայլը կարող էր վտանգավոր լինել՝ հաշվի առնելով ցուցարարների տրամադրությունները: Սակայն երեկվա իրադարձություններից ակնհայտ է, որ նման դեպքերը կարող են դեռ շարունակվել, իսկ դա էլ նշանակում է, որ օրենսդիրի եւ գործադիրի աշխատանքը կասկածի տակ է դրվում: Բացի այդ, առհասարակ այժմ, կարծես թե, դժվարություններ են առկա առաջին հերթին հենց իշխանության ներկայացուցիչների համար, որոնց հանդեպ այժմ անհանդուրժողականության մթնոլորտ է, եւ ամենեւին էլ միայն Արարատ Միրզոյանը չէ թիրախում եղել, նրա փոխարեն կարող էր լինել ցանկացած այլ պատգամավոր:
17 կուսակցությունների խորհուրդը երեկ հայտարարեց, որ այսօր՝ ժամը 13.00-ին, Ազատության հրապարակում հայտարարում է հանրահավաք: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կուսակցության առաջնորդները որոշել են անձամբ Ազատության հրապարակում ներկայացնել այն ելքերը, որոնք իրենց տեսնում են Արցախի շուրջ ստեղծված հարցի շուրջ: Իսկ ովքե՞ր են այն կուսակցությունների ղեկավարները, որոնք ներկա կլինեն հանրահավաքին. նրանք են «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, «Ազգային օրակարգ»-ից Ավետիք Չալաբյանը, «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունից Վազգեն Մանուկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցությունից Արամ Հարությունյանը, «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունից Տիգրան Ուրիխանյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունից Սուրեն Սուրենյանցը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն»-ից Վահրամ Մկրտչյանը, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն»-ից Խոսրով Հարությունյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը եւ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը: Սակայն հավելենք, որ ոստիկանությունը զգուշացրել է՝ ռազմական դրության պայմաններում արգելվում են հավաքներ եւ հանրային միջոցառումներ կազմակերպելը:
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այն մի քանի կետ էր ենթադրում, այդ թվում՝ կարճ ժամկետներում տարածքների վերադարձ: Սակայն հետաքրքիր է, որ գիշերը հրապարակված նախնական տեքստից հետո արդեն երեկ ցերեկը հրապարակվեց եւս մեկ տեքստ, եւ նկատենք, որ նախորդ տեքստի համեմատ՝ մի փոքր տարբերություններ են առկա: Եվ նոր տեքստը հրապարակված է եղել Կրեմլի կայքում: Օրինակ՝ ի սկզբանե 2-րդ կետն ունեցել է հետեւյալ տեսքը. «Աղդամի շրջանն ու տարածքները, որոնք Հայաստանն է պահում, վերադարձվում են Ադրբեջանին նոյեմբերի 20-ին»։ Իսկ երեկ Կրեմլի տարածած հաղորդագրության երկրորդ կետում ասվում է. «Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի հանրապետությանը մինչեւ նոյեմբերի 20-ը»: Առաջին տեքստի վեցերորդ կետում անդրադարձ էր կատարվում Լաչինի հատվածին՝ ասելով. «Հայաստանի Հանրապետությունը Քելբաջարի շրջանը կվերադարձնի Ադրբեջանի Հանրապետությանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը` թողնելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), ինչը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ»։ Իսկ նոր տեքստում ասվում է, որ այդ միջանցքը կշրջանցի Շուշին եւ կլինի ռուս խաղաղապահների հսկողության ներքո:
Չնայած հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանին ի վերջո հաջողվեց երկրորդ փորձից կառույցի նախագահ ընտրել, սակայն փոխնախագահի հարցն է բաց մնում: Նախ նշենք որ հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվեց Արմեն Դիլանյանը, իսկ մինչ այդ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն էր, սակայն վերջինս չկարողացավ անհրաժեշտ քվեներ ապահովել, եւ մյուս քվեարկությունը հետաձգվեց: Իսկ այժմ էլ օդում կախված է մնացել փոխնախագահի հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորների միջեւ ներքին քննարկումներ են եղել, սակայն ՍԴ անդամներից ոչ ոք չի ցանկացել առաջադրել իր թեկնածությունը, եւ գործընթացը առկախված է: Միեւնույն ժամանակ Սահմանադրական դատարանի ներսում են փոփոխություններ կատարվում, եւ նորընտիր նախագահը որոշել է կադրային փոփոխություններ կատարել: Թե ինչ ընթացք կստանա ՍԴ փոխնախագահի ընտրության հարցը, դեռ դժվար է ասել, մանավանդ որ այս պահի դրությամբ թեկնածուներ դեռ չկան, եւ ՍԴ անդամներից ոչ ոք չի ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը եւ առաջադրվել: