ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՓՐԿԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկուշաբթի օրը կնքված համաձայնագիրը հանգեցնելու է Հարավային Կովկասի անվտանգային քարտեզի շատ ավելի հարատեւ եւ արմատական վերաձեւման», – գրում է այսօր The New York Times-ը։ Հարավային Կովկասը որպես Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ սեղմված մի անկայուն տարածաշրջան նկարագրելով՝ ամերիկյան պարբերականի հեղինակը նկատում է. «Այս համաձայնագրով ամրագրվեցին սեպտեմբերին սկիզբ առած պատերազմում Ադրբեջանին աջակցած Թուրքիայի աճող հավակնությունները այս տարածաշրջանում»։

The New York Times-ի թղթակցի գնահատմամբ. «Ադրբեջանը երեկ կնքված համաձայնագրով կարողացավ իրագործել այն նպատակներից շատերը, որոնց երկիրը փորձում էր հասնել տարիներ շարունակ բանակցությունների սեղանի շուրջ, այդ թվում՝ ներքին տեղահանվածների վերադարձին»։
Պարբերականի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը «հնարավոր եղավ փրկել անխուսափելի թվացող ռազմական հարձակումից, բայց հետագայում այն իր պաշտպանության համար պետք է ապավինի ռուս խաղաղապահներին»։
«Լեռնային Ղարաբաղի շուրջ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը ցասման ալիք է բարձրացրել Հայաստանում», – գրում է բրիտանական The Guardian-ը։
«Ռուսաստանցի խաղաղապահները արդեն իսկ մեկնել են Լեռնային Ղարաբաղ։ Երեքշաբթի օրը հրապարակված տեսանյութերում պատկերված է, թե ինչպես են Ռուսաստանի 15-րդ մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները ռազմական ինքնաթիռներով մեկնում [հակամարտության գոտի]։ Հետագայում ռուսական զորքերի շարասյունը նկատեցին նաեւ հայկական Գորիս քաղաքի մոտ՝ Լեռնային Ղարաբաղի ճանապարհին, – գրում է թերթը` հավելելով:- Երկու հազար ռուսաստանցի խաղաղապահները կտեղակայվեն վիճահարույց այս տարածաշրջանում, որտեղ Ադրբեջանը տեղի հայկական կառավարությունից զգալի տարածքային զիջումների կարողացավ հասնել»: Բրիտանական պարբերականը նշում է՝ այսպիսով ավարտին է մոտենալու վեց շաբաթ շարունակված պատերազմը, որի ընթացքում հազարավոր մարդիկ զոհվեցին, իսկ 100 հազար մարդ տեղահանվեց։
Կիեւում լույս տեսնող «Կորեսպոնդենտ» պարբերականը պնդում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, Թուրքիայի եւ Ռուսաստանի համատեղ խաղն էր։ «Երկու երկրները միասին վերաբաշխեցին ազդեցության գոտիները եւ ամրապնդեցին իրենց դիրքերը ստատուս-քվոյի ուժային փոփոխության եւ բանակցությունների հին ձեւաչափերի ու կառույցների ապամոնտաժման միջոցով», – գրում է ուկրաինացի հոդվածագիրը՝ Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները պրոյեկտելով նաեւ Դոնբասի վրա։
«Ուկրաինայի համար սա շատ լավ դաս է, եւ Կիեւը այստեղ հանդես է գալիս հենց թույլ կողմի դերում, որին կարող են հանգիստ [մատների վրա] խաղացնել ոչ շատ բարդ կուլիսային պայմանավորվածությունների միջոցով», – գրում է ուկրաինական հանդեսը։
Թբիլիսիում գործող «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Նոդար Խարշիլաձեն, մեկնաբանելով Ղարաբաղում ձեւավորված նոր ֆորմատը, այսօր գրում է. «Ռուսաստանը ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում, Թուրքիան՝ հեղինակությունը, գուցե նաեւ այլ ձեռբերումներ եւս ունեցավ»։
Իսկ Վրաստանի որդեգրած տարածաշրջանային քաղաքականությունը թբիլիսցի փորձագետը նկարագրում է մեկ նախադասությամբ. «Բաժանորդն անհասանելի է եւ գտնվում է ծածկույթից դուրս»։
Ղարաբաղի խնդրով զբաղվող արեւմտյան փորձագետները երկուշաբթի օրը կնքված համաձայնագիրն առայժմ մեկնաբանում են միայն սոցիալական ցանցերում։ Բրիտանացի Լոուրենս Բորերսը Twitter-ում հիշեցրել է 2015 թվականին Ղարաբաղի կոնտակտային խմբում հնչած, իր բնորոշմամբ, «մարգարեական» հետեւյալ տեսակետը. «Կա՛մ հայերն ու ադրբեջանցիները միասին, սեփական ուժերով եւ սեփական շահերից ելնելով համաձայնության կգան, կա՛մ էլ որեւէ մեկը դա կանի նրանց փոխարեն»։
Թոմաս դե Վաալն էլ Twitter-ի իր օգտահաշվում կիսվել է 90-ականներին Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Ժիրայր Լիպարիտյանի՝ դեռ մինչեւ պատերազմը հրապարակված մի հարցազրույցով՝ ընդգծելով դրա հետեւյալ հատվածը. «Մոռացել ենք արդեն, թե ինչպես կորցրինք Առաջին հանրապետությունը։ Կար ռուս-թուրքական գործակցությունը։ Կար նաեւ Սեւրի դաշնագրի հետապնդման հարցը։ Այն ժամանակ նույնպես, փոխանակ ապահովելու այն, ինչ կարելի էր, սեւեռվեցինք երազայինի վրա ու կորցրինք հնարավորի մեկ մասն էլ»։

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ երեկ երեկոյան Հայաստանի ոստիկանությունում կադրային փոփոխություններ են արվել։ Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի երեկվա հրամանով աշխատանքից ազատվել է Երեւանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը, որին կփոխարինի ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ Սեւան Քոչարյանը։ Աշխատանքից ազատվել է նաեւ ՀՀ ոստիկանության քրեական վարչության պետ Արտակ Կարապետյանը, նրան կփոխարինի Վարդան Վարդանյանը, որը մինչեւ այդ Տավուշի մարզայինի պետն էր։ Կոտայքի մարզի ոստիկանապետ է նշանակվել Արթուր Զոհրաբյանը։ Նշենք, որ երեկ կառավարության շենք մտած մի խումբ քաղաքացիներ փորձել են ծեծի ենթարկել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, բայց դա կանխել են ԲՀԿ-ական պատգամավորներ Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը: Երկու պատգամավորներն էլ անպատասխան թողեցին մեր զանգերը։ Ոստիկանությունը երեկ հայտարարել է, որ ոստիկանապետը երեկ եղել է կառավարության շենքում` ընդգծելով, որ նա փորձել է ստեղծված իրավիճակի մասին խոսել հավաքված քաղաքացիների հետ՝ փորձելով համատեղ կանխել անցանկալի դեպքերի հետագա ընթացքը։ Պաշտոնական հայտարարությամբ, սակայն, ոստիկանությունը հերքել է այն լուրը, թե ցուցարարները փորձել են ծեծի ենթարկել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
Նոյեմբերի լույս 10-ի գիշերը Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերում, կառավարական կեցավայրում եւ այլ վայրերում հակաիրավական վարքագիծ դրսեւորած որոշ անձանց գործողությունների առթիվ իրականացվում են մի շարք միջոցառումներ։
Արդեն ճշտվել են իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հակաիրավական վարքագիծ դրսեւորած մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

1221 ՆՈՐ ԴԵՊՔ
Նոյեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 108687 դեպք, որոնցից 66835-ը` առողջացած, 1609-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39831 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 444224 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 3050 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1221 նոր դեպք: Ունենք 1925 առողջացած եւ 29 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 412 է:

 

 

 

ՀԿ-ՆԵՐԸ  ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
Լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են «Ազատություն» ռադիոկայանի դեմ հարձակմանը: «Այսօր՝ (երեկ) նոյեմբերի 10-ին՝ ժամը 4-ի սահմաններում, տասնյակ տղամարդիկ փորձել են ներխուժել «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել են դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին։ Ըստ ռադիոկայանի հաղորդագրության՝ նրանք ասել են, որ եկել են խմբագրության սերվերների հետեւից, վիրավորական հայտարարություններ հնչեցրել, ապա քաշքշել աշխատակիցներին, սպառնացել, որ թույլ չեն տալու «Ազատության» մուտքը եթեր։ Խումբը լքել է տարածքը, երբ ռադիոկայանի աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում այս սանձարձակության կապակցությամբ եւ անթույլատրելի ենք համարում Հայաստանի համար այս օրհասական պահին լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ ցանկացած բռնություն, ճնշում կամ հետապնդում։
Տեղի ունեցածի կապակցությամբ պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել ռադիոկայանի վրա հարձակման նախաձեռնողներին եւ իրագործողներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, ոչ կառավարական այլ կառույցներին եւ նախաձեռնություններին, անհատ քաղաքացիներին զսպվածություն ցուցաբերել եւ բացառել ցանկացած ոտնձգություն ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ՝ անկախ լրատվամիջոցների քաղաքական ուղղվածությունից»։




Լրահոս