Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությունը փոթորկել է Հայաստանը: Երկու օր է՝ քաղաքացիներն իրենց անհամաձայնություն են հայտնում այդ որոշմանը, իսկ երեկ էլ արդեն հանրահավաքի փորձ եղավ՝ 17 քաղաքական ուժերի համակիրների մասնակցությամբ: 17 կուսակցության թվում են նախկին իշխանություն «Հանրապետական» կուսակցությունը, խորհրդարանական մեծությամբ երկրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստանը», Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, ինչպես նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունն ու մի շարք այլ կուսակցություններ: Մեծ թվով մարդկանց բերման ենթարկեցին, երթ տեղի ունեցավ դեպի կառավարություն, ապա Ազգային ժողով: Այսինքն՝ պատերազմի ավարտից հետո վտանգված է հայրենիքի անվտանգությունն ու բարեկեցությունը եւ քաղաքացիական խժդժությունները, քաղաքական նոր գործընթացները կարող են բացասական ազդեցություն ունենալ առաջին հերթին երկրի անվտանգության համար: Եվ այս ընթացքում օրհասական է աշխատել այն ուղղությամբ, որ լինի անվտանգություն, խաղաղություն եւ բարեկեցություն: Արդեն մի քանի օր է՝ պարալիզացված է պետական գերատեսչությունների աշխատանքը, Ազգային ժողովը նիստ չի գումարում, առկախված է բյուջեի նախագծի քննարկումը, այլ հարցեր լուծում չեն ստանում, որը իր բացասական ազդեցությունն է թողնելու: Դրա փոխարեն պետք է համախմբվել՝ փորձելով վերացնել պատերազմի վտանգները եւ ոտքի կանգնել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը հիմնադրամից 20 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, 10 մլն դրամ՝ 1000 դրամների հիմնադրամին, եւ 40 մլն դրամ էլ տրամադրել է Արցախի կառավարությանը: Հիշեցնենք, որ Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի օրերին հայտարարություններ եղան, որ նրանք, ովքեր ուզում են այս կամ այն կերպ աջակցել բանակին, կարող են նվիրատվություններ կատարել այդ հիմնադրամներին, եւ, ահա, առաջին արձագանքողներից մեկն էլ եղել է արցախցի Արթուր Աղաբեկյանը, որի ծննդավայր Հադրութը այս պահին թշնամու ձեռքում է։ Հավելենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: Հիշեցնենք, որ, պաշտոնական տվյալներով, հիմնադրամն իր գործունեության ընթացքում ավելի քան 18 միլիարդ դրամ է հավաքել, որի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել զոհված զինվորների եւ սպաների ընտանիքներին, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:
Երեկ հայտնի դարձավ, որ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է տվել՝ գրելով. «Սեպտեմբերի 27-ին պատրաստվում էի հրաժարական ներկայացնել, քանզի ավարտել էի իմ առաքելությունը դատական իշխանությունում։ Սանձազերծված պատերազմը ստիպեց հետաձգել հրաժարականիս պաշտոնական գործընթացը` մեր հանրության բարոյալքմանը չնպաստելու համար. սա կփաստեն ԲԴԽ իմ գործընկերները»: Սակայն նկատենք՝ Հայկ Հովհաննիսյանն առաջին անգամ չէ հրաժարական ներկայացնում, եւ որքան էլ նա արդարանում է, թե դեռ սեպտեմբերի 27-ին է պատրաստվել դա անել, սակայն իր գործընկերներն ու դատական համակարգի ներկայացուցիչներն այս ընթացքում նրա արարքը շոու են որակել՝ ասելով, թե ցանկացել է աչքի ընկնել: Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի նոյեմբերին էլ նա գրել էր. «Ցավոք, Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես անկախ սահմանադրական մարմնի գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին։Միաժամանակ, ես պարտավոր էի իմ կողմից իրականացվող ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտի եւ նպատակահարմար չէի գտնում ավելի վաղ հրաժարական ներկայացնել»։ Սակայն նա հետո կրկին դարձավ ԲԴԽ անդամ, հիմա էլ, գործընկերների հավաստմամբ, շոու է անում:
Հայաստանում ավելացել է ծնվածների թիվը. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ծնվել է 26 հազար 653 երեխա: Ընդ որում, ծնվածների թիվն ավելացել է՝ ե՛ւ 2018, ե՛ւ 2019 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ. 2018 թվականի 9 ամիսներին ծնվածների թիվը կազմել է 26 հազար 555, 2019-ին՝ 26 հազար 445, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ծնվածներն ավելացել են 208-ով: Ի դեպ, տեղեկացնենք, որ տղա երեխաների թիվը գերազանցում է աղջիկների թվին. այս տարվա 9 ամիսներին ծնվել է 14 հազար 41 տղա եւ 12 հազար 612 աղջիկ, այսինքն 1429-ով տղաներն աղջիկներից ավելի են: Ընդ որում, վերջին երեք տարիների ընթացքում, պաշտոնական տվյալներով, տղա երեխաների թիվը գերազանցել է աղջիկների թվին: Ըստ որոշ հետազոտությունների՝ Հայաստանը սեռով պայմանավորված ընտրության ցուցանիշով աշխարհում առաջին հորիզոնականներում է. աղջիկները քիչ են։ Մասնագետների կարծիքով՝ հիմնականում բնակչության սեռային հարաբերակցությունը հաստատուն է, ու եթե ցուցանիշը մանիպուլացիայի չի ենթարկվում, ապա յուրաքանչյուր 100 աղջիկ երեխայի հաշվով 105-107 տղա երեխա է ծնվում։ Ի դեպ, մեր հանրապետությունում, մինչեւ ուլտրաձայնային սարքերի ի հայտ գալը այս հարաբերակցությունը մոտ է եղել ընդունված նորմալ ցուցանիշին առաջին երկու երեխայի դեպքում։