Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին ստորագրած հայտարարությունում մի շարք մանրամասներ կան, թե ինչ ժամկետներում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու Քելբաջարի շրջանը, Աղդամը, այնուհետեւ՝ Լաչինը, ինչ թվաքանակով ու որտեղ են տեղակայվելու ռուս խաղաղապահները: Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման հայտարարությունը ստորագրած Փաշինյանը այսօր առավոտյան խոսեց Ադրբեջանին փոխանցվող տարածքներից: Ըստ վարչապետի՝ փաստաթուղթը ոչ թե տարածքներ հանձնելու, այլ պահելու մասին է: Այդ փաստաթղթով տրվել է այն, ինչը, ըստ ռազմական եւ ոչ ռազմական գնահատականի, հայկական կողմը այդ իրավիճակում չէր կարողանա պահել. հայտարարեց Փաշինյանը։
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքը այդ մի փաստաթուղթն է, որով ասվում է, թե ես համաձայնվել եմ երեք տարածք՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար հանձնել Ադրբեջանին: Իրականում շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է: Այդ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին, եւ երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են, մեղմ ասած, նաեւ Արցախի քաղաքական ղեկավարությունը կիսում էր այդ կարծիքը», – նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց՝ եթե ռազմական գործողությունները շարունակվեին, տեղի կունենար ամբողջական կոլապս. շատ մեծ հավանականություն կար, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո հայկական պաշտպանական շրջաններն ու հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ։
«Տվյալ պահին ունեինք իրավիճակ, երբ որ Ստեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի ներքո, ու Զինված ուժերի գլխավոր շտաբի եւ Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ սիմվոլիկ է պաշտպանված Ստեփանակերտը, եւ եթե հանկարծ տեղի ունենար Ստեփանակերտի առումը, դա մեր հազարավոր զինվորների կթողներ շրջափակման մեջ, արդյունքում մենք կկորցնեինք նաեւ այն մնացածը, ինչ որ այդ փաստաթղթով արձանագրված է», – ասաց Փաշինյանը:
Անցած պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերը կռվել են սպառազինության մատակարարման տոտալ բլոկադայի պայմաններում. Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ երեկ հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Այն, որ գրեթե մեկուկես ամիս տեւած պատերազմի ընթացքում, երբ բազմիցս թիրախավորվել է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքը, խաղաղ բնակավայրերը, պաշտոնական Երեւանին աջակցող անգամ մեկ հայտարարություն չհնչեց Հայաստանի դաշնակիցներ համարվող երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, շատերը ուշադրություն դարձրեցին, բայց որ անցած շաբաթներին Հայաստանը պատերազմել է սպառազինության մատակարարման տոտալ բլոկադայի պայմաններում` լինելով ՀԱՊԿ անդամ եւ Մոսկվայի դաշնակից, նորություն է։
«Այնպիսի իրավիճակ է եղել, այսինքն` աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք գործել ենք սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ապահովման առումով, մատակարարումների առումով, կարելի է ասել, տոտալ բլոկադայում: Այն, ինչ որ կատարվել է թիկունքային ապահովման, ե՛ւ մարտական, ե՛ւ սպառազինության տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է, բացի ռազմական գործողություններից, նաեւ հերոսամարտ անվանել: Արվել է անհնարինը», – ասել է նախարարը:
Ն. Հ.
ՌՈՒՍ 400 ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ԱՐԴԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ
ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 օդանավերը Հայաստան են տեղափոխել 400 ռուս խաղաղապահ զինծառայողների, անձնակազմը բեռնաթափել է օդանավերը եւ շարասյուն կազմել ծառայության կրման վայր տեղափոխվելու համար. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
«Ներկայումս ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 20 օդանավեր՝ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաների եւ 15-րդ խաղաղապահ մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումների զինծառայողների հետ, վայրէջք են կատարել Հայաստանի Հանրապետությունում։ Ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերը տեղափոխել են ավելի քան 400 զինծառայողների, զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ եւ կապի միջոցներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ հանրապետություն ժամանած խաղաղապահները օդանավերից բեռնաթափել են տեխնիկան եւ սպառազինությունը ու շարասյուներ կազմել կենտրոնացման վայր գնալուց առաջ։ «Երթն իրականացնելու համար տեխնիկան եւ սպառազինությունը անցել են սպասարկման եւ լեռնային շրջաններում երթեւեկության իրականացման պատրաստականության տեխնիկական ստուգում։ Շարժման երթուղիների համաձայնեցումից հետո ռուս խաղաղապահները կսկսեն երթը դեպի խաղաղապահ խնդիրների կատարման շրջաններ»,- հավելել են են ռազմական գերատեսչությունից։
Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ, ընդհանուր առմամբ, 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա կտեղափոխվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար: ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ զորակազմի հիմքը կազմելու են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները։ Գերատեսչությունից հստակեցրել են, որ հրադադարի մասին պայմանավորվածության կատարման վերահսկման նպատակով դիտակետեր են տեղակայվելու Լեռնային Ղարաբաղում շփման գծի ամբողջ երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որն ապահովում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կապը։ Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտի շրջանում։
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ մամուլից է տեղեկացել, որ արցախյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրվել։ Մամուլից է տեղեկացել նաեւ պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Նա շեշտել է, որ այս փաստաթղթի վերաբերյալ իր հետ որեւէ խորհրդակցություն կամ քննարկում չի եղել, ինքն էլ որեւէ բանակցության չի մասնակցել։ Իր ուղերձում Արմեն Սարգսյանը նշել էր. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության եւ կարեւորության հարց է։ Հայաստանի, Արցախի, ողջ հայ ժողովրդի կենսական անվտանգային շահերին եւ իրավունքներին առնչվող ցանկացած քայլ, գործողություն, ցանկացած որոշման ընդունում, առավել եւս որեւէ փաստաթղթի ստորագրում պետք է լինի համապարփակ խորհրդակցությունների եւ քննարկումների առարկա»: Նա հայտնեց անհապաղ քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին:
Եվ, ահա, հենց երեկ քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի եւ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի, ապա՝ «Ժառանգություն» կուսակցության անդամներին, խորհրդարանական ԼՀԿ անդամներ Գեւորգ Գորգիսյանի եւ Անի Սամսոնյանի եւ հասարակական-քաղաքական տարբեր ուժերի, մտավորականության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել երկրում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին: Ընդգծվել է, որ ղարաբաղյան հակամարտության՝ որպես համազգային նշանակության հարցի կարգավորման շուրջ պետք է լինի համազգային կոնսենսուս:
ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է
Բենզինի եւ դիզելային վառելիքի գները 2020թ. հոկտեմբերին, 2019թ. հոկտեմբերի համեմատ, նվազել են 14.4% եւ 20.9%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 16.0% եւ 22.4%-ով։ 2020 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 0.5% եւ 0.8% գնաճ: