Երեկ Հադրութցի կանայք հավաքվել եւ երթ են կազմակերպել. նրանք այցելել են ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնության դեսպանատներ:
«Վերադարձրե՛ք Հադրութը» «Հադրութը Արցախ է» վանկարկումներով հադրութցի կանայք եղել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Նրանց պահանջը մեկն է՝ խախտված իրավունքերի վերականգնում։ «Մենք իրավունք ունենք ապրելու, մեր ստեղծածը պահպանելու, դրա համար էլ այստեղ ենք հավաքվել, որպեսզի միջազգային հանրությանը տեղեկացնենք։ Մենք նաեւ ուզում ենք հանդիպել դեսպանի հետ, որպեսզի մեր մտահոգություներով կիսվենք։ Ֆրանսիան դեմոկրատական Հանրապետություն է, հուսով ենք, որ ինչ-որ բանով կաջակցեն մեզ»,- նշել են հադրութցի երիտասարդները։ Դեսպանատան դիմած հավաքված հադրութցիները իրենց հետ նաեւ նամակ են բերել, որը ցանկանում են փոխանցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին։ «Հույսս այն ժամանակ կտրվեց, երբ ստորագրվեց այս ապերախտ փաստաթուղթը. մինչեւ այսօր մենք մտածում էինք, որ կվերադառնանք մեր տները, մեր հայրենիքը, հիմա, որ այս փաստաթուղթը ստորագրվեց, էլ ի՞նչ հույսի մասին է խոսքը»,- նշել են հավաքին մասնակցող հադրութցի կանանք: Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը զրուցել է հադրութցիների հետ եւ վստահեցրել է, որ դեսպանատունը միշտ բաց է արցախցիների համար, եւ ինչպես նրանք, այնպես էլ իրենք մի շարք հարցեր ունեն ստորագրված փաստաթղթի վերաբերյալ։ «Մեր առաջնահերթությունն է, որ աջակցենք այն մարդկանց, որոնք տուժել են։ Այսօր՝ օրվա ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է ունենալու Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Ինչպես ասացի, մենք չենք ստորագրել այդ փաստաթուղթը, բայց նախագահ Մակրոնն ասել է, որ այն, ինչ կատարվել է, պետք է ներկայացնի նաեւ Հայաստանի շահը։ Մենք միշտ բաց ենք արցախցիների համար»,-խսոելով կանանց հետ՝ ասել է դեսպանը:
Հադրութցիները շնորհակալություն են հայտնել դեսպանին՝ իրենց լսելու համար: Նրանք հույս են հայտնել, որ Ֆրանսիան կխոչընդոտի ստորագրված փաստաթղթում տեղ գտած կետերի իրականացմանը։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպումից հետո հադրութցիները շարժվել են դեպի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն՝ նույն պահանջով։
«Էդքան եկեղեցիներ կառուցող հադրութցիները ինչի՞ պետք լքեն իրենց հայրենի հողը, մենք մեր հավատքի հետ ենք։ Մենք հադրութեցի ենք, մենք հայ ենք, մենք չենք կարող ուրիշի կազմում լինել»,- նշել են հավաքվածները: «Հադրութը Արցախ է», «Պահանջում ենք Հադրութի դեօկուպացիա», «Վերադարձրե՛ք մեզ մեր Հադրութը» վանկարկումներով հադրութցիները դիմեցին ՌԴ դեսպանատանը։ Հադրութցիներին դիմավորել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչը, որը փոխանցել է, որ որեւէ բան չի կարող մեկնաբանել, միայն նամակը կվերցնի եւ կփոխանցի ղեկավարությանը, մինչդեռ հադրութցիները ցանկանում էին հանդիպել դեսպանին։ «Առնվազն տարօրինակ էր այս վերաբերմունքը, բայց մենք հանձնվողը չենք»,-նշել են նրանք:
Հադրութցիների հաջորդ քայլը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ գնալն էր:
Նրանց ընդունել է դեսպանատան աշխատակիցը, որը լսել է նրանց մտահոգությունները եւ հայտնել, որ դեսպանը շահագրգռված է խնդրի հանգուցալուծմամբ եւ օրերս քննարկում է հրավիրելու, որին կարող են մասնակցել նաեւ նրանք։ Դեսպանին ուղղված նամակը հադրութցիները փոխանցել են դեսպանատան աշխատակցին։ Նրանք պահանջում են դեօկուպացնել Հադրութը ադրբեջանական տեռորիստական պետությունից։ «Հադրութը միշտ եղել է հայկական։ Եթե այս տարիների ընթացքում բանակցային գործընթացի լոգիկան եղել է փոխադարձ զիջումները, եւ մեզ ռազմի դաշտում դա չհաջողվեց անել, ապա պետք է սեղանի շուրջ քննարկել այն հարցը, որ Հադրութը պետք է լինի Արցախի Հանրապետության տարածքում»,- նշել են նրանք:
ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ
Թուրք խաղաղապահների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն անհնար է առանց Երեւանի եւ Բաքվի համաձայնության, բայց այդ հարցը չի քննարկվել. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է Ռուսաստանը համաձայնել տարածաշրջանում թուրք խաղաղապահների ներկայությանը, Կրեմլի խոսնակը հայտարարել է. «Այդ թեման չի քննարկվել»: «Սա չի կարող քննարկման առարկա լինել միայն Մոսկվայի եւ Անկարայի միջեւ: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեն դրան»,- հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ «նման պայմանավորվածություն չի եղել»: Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Իլհամ Ալիեւն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակն ու տարածաշրջանում «ռուս-թուրքական խաղաղարար կենտրոնի» ստեղծումը։ Նույն օրը Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում՝ Լեռնային Ղարաբաղում, մոնիթորինգի կենտրոնի ստեղծման մասին գրված չէ կրակի դադարեցման եւ դրա պայմանների մասին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունում, այլ «առանձին պայմանավորվածություն առարկա է»։ ՌԴ նախագահի խոսնակը նաեւ հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղարարների ներկայություն նախատեսված չէ։
ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆՎԻ
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին՝ աշխատելու գործընկերների հետ՝ հասնելու Արցախի հարցի արդար ու հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման: Կոնգրեսականը համոզմունք է հայտնել՝ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի: «Ռուսաստանի եւ Թուրքիայի միջնորդությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնությունների դադարեցմանն ուղղված պայմաններն անարդար են: Թրամփի վարչակազմի բացակայությունը հանգեցրել է աղետալի հետեւանքների Հայաստանի ժողովրդի համար: Ո՞վ է կազմել այս զինադադարի մասին համաձայնագիրը. ոչ այլ ոք, քան Պուտինն ու Էրդողանը: Սա արդյունք է ԱՄՆ-ի ղեկավարության բացակայության: Մենք չպետք է կանգնենք այս աղետալի գործարքի կողքին, որը պարտադրվել է Հայաստանին: Մենք չպետք է դա դիտարկենք որպես վերջնական կարգավորում»,- նշել է Բրեդ Շերմանը:
ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Նոյեմբերի 10-ին, հավանաբար՝ գիշերը, Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ՝ «Իջեւանատուն» ռեստորանի մոտ, անհայտ անձը կամ անձինք միջպետական ավտոոճանապարհի եզրին տեղադրված քայլող մարդու արձանի գլուխը պոկել են։ Այդ արձանը խորհրդանշում է թավշյա հեղափոխությունը, արտաքինից նման է ուսապարկով քայլող Նիկոլ Փաշինյանին։ Վանդալիզմի այդ դեպքը զայրույթ է առաջացրել իջեւանցիների շրջանում, Ֆեյսբուքի «Իջեւան» խմբում այդ կապակցությամբ զայրալից եւ դատապարտող շատ մեկնաբանություններ են գրվել։ Զանգահարեցի ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ լրատվության վարչություն՝ իմանալու համար՝ դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցվել է, կա ձերբակալված անձ։ Ոստիկանությունից հայտնեցին հետեւյալը՝ ոստիկանության Իջեւանի բաժնում դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Լեռնային Ղարաբաղի հարցով ստորագրված զինադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնք պետք է լուծվեն, որպեսզի այս հակամարտությունը կայուն լուծում ստանա. Twtter-ի էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոունը՝ ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ անելով անհապաղ վերականգնել համագործակցությունը ԵԱՀԿ -ի հետ՝ այդ հարցերի լուծման համար։ «ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած ապագա բանակցային կարգավորում պետք է ապահովի, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենա վերականգնելու իր համայնքները եւ կյանքը՝ չվախենալով հետագա արյունահեղությունից։ Ներկայիս զինադադարում շարադրված պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար»,- ընդգծել է Փալոնեն։ Կոնգրեսականը նաեւ նշել է, որ «միջազգային հանրությունը պետք է վերջապես ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ նրա դերը որպես բանակցող։ Առանց դրա նրանք շարունակելու են բախվել ադրբեջանական եւ թուրքական ուժերի հետագա հարձակումներին»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: