Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանի միջազգային համաժողովի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային առցանց համաժողովին: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Ամենամյա այս կարևոր միջոցառումը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կողմից։ Եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների երրորդ միջազգային համաժողովին մասնակցել են նաև այլ երկրներից օմբուդսմաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Արման Թաթոյանն իր ելույթում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ պատերազմի սկզբնական օրերից սկսած մշտական կապ մեջ են եղել, քննարկել են ստեղծված իրավիճակը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Մոսկվայում կազմակերպվող ամենամյա միջազգային համաժողովը համարել է արդյունավետ համագործակցության առաջատար օրինակ, որը կարևոր հարթակ է մարդու իրավունքների պաշտպանության, այդ հարցում փորձի փոխանակման տեսանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Նշվել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է Պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով:

Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցության փորձը Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը, որի ընթացքում Պաշտպանը համագործակցում է նաև պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: Պաշտպանը ընդգծել է, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության շնորհիվ։

Համաժողովի ընթացքում Արման Թաթոյանն անդրադարձել է նաև Նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում Պաշտպանի գործունեության առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության հարցում մարտահրավերներին: Պաշտպանն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի ընթացքում մարդկանց իրավունքների արդյունավետ պաշտպանության և փորձի փոխանակման նպատակով արդյունավետ համագործակցություն և քննարկումներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Աշխատանքի առանձին ուղղություն է նաև պարբերաբար քննարկումները ՌԴ-ում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև քաղաքացիների համատեղ ընդունելությունները։

Համաժողովի մասնակիցներին ներկայացվել է նաև Պաշտպանի նախաձեռնությամբ Եվրոպայի Խորհրդի հետ առաջին անգամ ԵԽ տարածքում իրականացվող կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենսաբանության և բժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ, ամրապնդել փաստաբանների, բժիշկների, պետական մարմինների կարողություններն այդ չափանիշները կիրառելու ոլորտում, ապահովել մեր երկրում կենսաբանության ու բժշկության ոլորտում Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված կարգավորումների կիրառումը:

Արման Թաթոյանը նաև ներկայացրել է կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ներգրավման առանձնահատկությունները, մասնավորապես՝ այդ իրավիճակներում մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ և անկողմնակալ աշխատանքի և աշխարհին օբյեկտիվ տեղեկությունների ներկայացման կարևորությունը:

Պաշտպանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է, որ ակտիվորեն ներգրավված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված հարձակումների ընթացքում հայ գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին, և որ այդ հարցով մշտական կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՀՀ պետական մարմինների հետ: Նշվել է, որ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն առաջին պահից սկսած գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո, շուրջօրյա սկզբունքով, Պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները:

Համաժողովի ընթացքում քննարկվել են եվրասիական տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, մասնավորապես, Եվրոպական դատարանի հետ մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցությանը և կորոնավիրուսային համաճարակի պայմաններում մարդու իրավունքների ապահովմանը առնչվող հարցեր։




Լրահոս