ԻՆՁ ԱՍՈՒՄ ԷԻՆ. «ՄԻ՛ ԳՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ, ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը բազմիցս սեր է խոստովանել հայ ժողովրդին ու Հայաստանին, մշտապես հետեւում է մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Դեռ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո նա ժամանեց Հայաստան` հայերի կողքին լինելու, նրանց սատարելու համար: Հայաստանի եւ Արցախի համար այս ծանր օրերին Դեքերը կրկին Հայաստանում էր եւ զորակցություն էր հայտնում իր սիրելի ժողովրդին: Ծագումով ամերիկացի երգիչ-երաժիշտը 2015-ի ապրիլի 24-ից Հայաստանի քաղաքացի է եւ հայերի մասին խոսելիս ասում է՝ մենք:

 

-Պարո՛ն Դեքեր, Դուք կրկին Հայաստանում եք այս դժվարին օրերին: Ի՞նչը Ձեզ բերեց Հայաստան:

-Ես հատուկ եկա Հայաստան հենց այս ժամանակ, քանի որ պատերազմ էր: Եվ ես ցանկանում էի աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Արցախի ժողովրդին այդ դժվար օրերին եւ լինել նրանց կողքին: Ես երկար ժամանակ ծախսեցի որպես կամավոր օգնելու մարդկանց, ունեցա բազմաթիվ զրույցներ Հայաստանի բնակիչների հետ՝ նրանց ասելու համար, որ չպետք է վախենան, ուժեղ լինեն, մենք միասնական ենք եւ կարող ենք միասին լինել եւ ունենալ մեր ձայնը: Ես ձայնագրվեցի նաեւ «Իմ Արցախ» անվամբ երգը, որը նվիրված էր Արցախի հերոսներին:  Մենք այժմ մոնտաժն ենք անում, եւ այն շուտով պատրաստ կլինի:

-Դուք Հայաստանում էիք նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո եւ նաեւ հիմա: Դուք ի՞նչ փոփոխություններ տեսաք, ի՞նչ համեմատություններ կարող եք անել:

-Իհարկե, մեծ տարբերություններ կան 2016 եւ 2020 թվականների պատերազմների միջեւ: Այս մեկն ավելի շատ լուրջ էր, ավելի վտանգավոր: Եվ ես առաջին անգամ լսեցի պատերազմի մասին, ես շատ հուզվեցի, մտահոգվեցի եւ տխրեցի:  Կարծում են՝ դա այն էր, ինչ այդ ժամանակ զգում էր յուրաքանչյուր հայ: Եվ հետո ես սկսեցի մտածել՝ գամ Հայաստան, թե ոչ: Իմ ընկերները, որոնք ԱՄՆ-ում են, ասում էին՝ մի գնա, դու խենթ ես, դա վտանգավոր է, բայց սիրտս քաշում էր ինձ: Եվ իրականում դրա պատճառը երկուսն էր՝ առաջինը այն լուսանկարներն էին, որ ես տեսա, որոնք ինձ շատ ծանոթ թվացին, եւ ես հետո հասկացա, որ սա այն նույն շենքն է, որտեղ ես համերգ եմ տվել դեռեւս 27 տարեկանում:  Դա Շուշիի երիտասարդական կենտրոնն էր, որը ես շատ լավ էի հիշում, հետո ես տեսա այդ կենտրոնի ռմբակոծության լուսանկարները, ես լաց եղա, իսկ հետո ես շատ բարկացա, որ նման բան է եղել: Եվ այդ պահից ես որոշեցի, որ դա ինձ չի հետաքրքրում եւ, եթե մարդիկ ինձ անգամ խենթ անվանեն, ես պետք է գնամ Հայաստան:

-Բայց Դուք գնացե՞լ եք Արցախ:

-Ես այնտեղ էի գնացել 2017 թվականին: Ես ցանկանում էի գնալ այս ժամանակ, բայց այն ապահով չէր: Երբ ես ժամանեցի Հայաստան, մենք ունեինք Շուշի գնալու ծրագիր, սակայն Շուշիին արդեն հարվածել էին, եւ այլեւս անվտանգ չէր: Բայց ես ինձ շատ կախված եմ զգում Շուշիի եւ Շուշիի բնակիչների հետ: Ես հավատում եմ, որ մենք կվերադառնանք: Հավատում եմ դրան իմ ամբողջ սրտով եւ կարծում եմ, որ հայերը չպետք է հանձնվեն: Այո, սա հետընթաց է, մենք կորուստներ ենք ունեցել, հերոսներ են զոհվել, բայց մենք չենք կարող հրաժարվել այդ երազանքից: Մենք պետք է շարունակենք պայքարել, բայց հիմա արդեն այլ կերպ:

-Իսկ հիմա ի՞նչ եք մտածում Հայաստանում եւ Արցախում տիրող իրավիճակի մասին:

-Ես շատ տխուր եմ ներկա իրավիճակի համար եւ,  միեւնույն ժամանակ, դեռ զայրացած եմ դրա համար, եւ ես տեսնում եմ, թե ինչ է տեղի ունեցել, ինչպիսին է տրամադրությունը Հայաստանում, ինչ են զգում հայերը: Դա նման է, երբ ինչ-որ մեկը մահանում է, եւ դու ապրում եւ անցնում ես այդ բոլոր տարբեր հույզերի միջով: Կարծում եմ` նույն զգացողությունն է: Դուք զգում եք, որ ինչ-որ մեկը մահացել է, ինչ-որ մեկը, որը ձեզ շատ մոտ է, եւ երբեմն տխրում ես:  Դուք ուզում եք լաց լինել: Երբեմն բարկանում ես: Երբեմն քեզ անհույս ես զգում: Երբեմն ձեզ վճռական եք զգում: Մենք պետք է շարունակենք պայքարել: Բոլոր հույզերը նորմալ են: Եվ դա ես նույնպես զգում եմ: Այո, Հայաստանի համար բարդ ժամանակներ են, բայց ես հավատ ունեմ հայ ժողովրդի հանդեպ:  Ես հայերի կողքին եմ, եւ մենք ուժեղ ենք միասին, մենք չենք կարող հանձնվել: Բոլորն էլ տեսնում են ճշմարտությունը, թե ինչու է պատերազմը տեղի ունեցել, ով էր ագրեսորը: Սա հայկական հող է եւ դա արդեն հազարամյակներով: Սա իրավմամվ պատկանում է հայ ժողովրդին եւ մենք չենք պատրաստվում հրաժարվել դրանից: Մենք աշխարհին կպատմենք այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհը չի ճանաչում այն:

-Բայց Դուք ի՞նչ եք մտածում, ի՞նչ է պետք անել:

-Շատ բարդ հարց է:  Հիմա Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի առաջընթացի ճանապարհը, նա պետք է աշխատի լուծել այն խնդիրները, որոնք ստեղծվել են այս պատերազմի արդյունքում: Սա մի բան է, որի պատասխանները ես չունեմ, ես Հայաստանում չեմ ապրում:  Այնպես որ, ես այնքան չգիտեմ, որ մեկնաբանեմ այս իրավիճակը, սակայն մեկ բան կարող եմ ասել. այս խնդիրների շուրջ պետք է աշխատել որպես մեկ ազգ: Սրանք բոլորը շատ բարդ հարցեր են, եւ ես քաղաքական գործիչ չեմ, դրանց չեմ կարող պատասխանել, նման փորձ չունեմ: Իմ աշխատանքը մշակութային օրակարգում էց եղասպանության հարցերի շուրջ: Սակայն ակնհայտ է, որ ես ուզում եմ, որ հայերը համախմբվեն: Մենք պետք է հավատարիմ մնանք մեր արժեքներին, մեր հոգեւոր արժեքներին:  Պետք է գտնել այնպիսի առաջնորդներ եւ աջակցել նրանց, որոնք նույնպես այդպիսի արժեքներ եւ սկզբունքներ կունենան:  Ես չգիտեմ, թե ովքեր կարող են լինել նրանք, ես չգիտեմ Հայաստանի քաղաքական գործիչներից որեւէ մեկին: Ես դա թողնում եմ, որպեսզի այլ մարդիկ որոշեն: Բայց ուր էլ որ Հայաստանը որոշի գնալ, ինչ էլ որոշի անել, ես միեւնույն ժամանակ կաջակցեմ: Այլ երկրների հայերը պետք է գան այստեղ, սա իրենց հայրենիքն է, ծննդավայրն է:  Եվ բոլորի նպատակը պետք է լինի վերակառուցել Հայաստանը, դարձնել այն ավելի բարեկեցիկ, որտեղ դուք կունենաք ավելի ուժեղ տնտեսություն, ուժեղ տոխնոլոգիա:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ

Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները պահպանվում են, ինչը պայմաններ է ստեղծում արդար հիմքի վրա հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Կարեւոր է, որպեսզի պայմանավորվածությունները (արձանագրված Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ) պահպանվեն: Ամբողջությամբ դադարեցվել են մարտական գործողությունները, իրավիճակը կայունանում է»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի ժամանակ: Պուտինի խոսքով՝ «պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ եւ լիաֆորմատ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքի վրա՝ ի շահ ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովրդի»:

Պուտինը հիշեցրել է, որ ռուսական կողմը ձեռնարկել է ամենաակտիվ ջանքերը, որպեսզի դադարեցնի իր երկու բարեկամ պետությունների միջեւ մարտական գործողություններն ու նրանց խրախուսի գնալ փոխզիջման: «Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին կրակի լիարժեք դադարեցման եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց: Այդ ամենը արձանագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրած եռակողմ հայտարարության մեջ»,-նշել է նա:

 

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդել փոխգործակցությունը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ Լեռնային Ղարաբաղում. այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հայտնելով, որ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության նախագահ Պետեր Մաուերի հետ հանդիպմանը: «Մենք հիմա փոխգործակցության լրացուցիչ դաշտ ենք ստացել, ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը: Մեկ շաբաթ առաջ ստորագրվել է եռակողմ հայտարարություն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Այնտեղ տեղակայվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ, եւ մենք գիտենք, թե որքան ակտիվ եւ ինչքան վաղուց է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն աշխատում այդ տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք ամրապնդել փոխգործակցությունը, որն արդեն ակտիվ զարգանում է»,- ասել է Լավրովը:  ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ՌԴ-ն եւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը սերտ համագործակցում են տարբեր տարածաշրջաններում: «Մեր շփումները մշտական բնույթ ունեն, եւ միասին աշխատելու ուղղություններ կան, որովհետեւ, ցավոք, հումանիտար ճգնաժամերի, հակամարտությունների թիվն աշխարհում չի նվազում»,- նշել է Սերգեյ Լավրովը:

 

 

ԱՄԵՆԱԱՐԺԵՔԱՎՈՐԸ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածության հիմնական ձեռքբերումները, հայտնել է, որ ամենաարժեքավորը հանդիսանում է այն, որ զենքերը լռեն են, եւ մարդիկ չեն զոհվում: «Ամենից առաջ, իհարկե, պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որ զենքերը լռել են: Սա ամենակարեւոր եզրահանգումն է: Մարդիկ չեն զոհվում: Դա ամենաարժեքավորն է, որ կարող էր լինել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում հրադադարի հաստատումից հետո առաջին օրերը:

Դ. Պեսկովը հավաստիացրել Է, որ եթե ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների, որեւիցե պարզաբանում պետք լինի Թուրքիայի եւ Ղարաբաղի վերաբերյալ, նրանք դրանք կստանան: «Կասկած չկա, որ, եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենան, այդ պարզաբանումները կտրամադրվեն: Դեռ ավելին, այժմ մեր դիվանագիտական գերատեսչությունների միջեւ ղարաբաղյան գործերի շուրջ կանոնավոր շփումներ են իրականացվում»,-ասել Է Պեսկովը: Նրա խոսքով՝ Կրեմլը չԷր ցանկանա մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ:




Լրահոս