Դեռեւս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ահազանգ հնչեցրեց, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման եւ դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին:
Եվ հիմա՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո, երբ Հայաստանը փաստացի ստանձնել է պատասխանատվություն Ադրբեջանին վերադարձնել տարածքներ, իրավիճակը արմատապես փոխվել է:
Այս առնչությամբ Գեւորգ Կոստանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է.
«Հրադադարի պայմանագիրը կնքվել է ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև, այլ նաև Լեռնային Ղարաբաղի, ինչը հիմնավորում էր, որ կողմերն Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն են, իսկ Հայաստանը ու Ռուսաստանը՝ երաշխավորներ են: Այս տարի այս փաստաթուղթը ստորագրելով, Հայաստանը պարտավորվեց տարածքներ հանձնել Ադրբեջանին եւ մեխանիկորեն Հայաստանի Հանրապետությունն ընդունում է իր պատասխանատվությունը: Միջազգային փաստաթղթերում Հայաստանին կոչ էր արվում օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների նկատմամբ, այսինքն՝ նա այնտեղ միայն սուբյեկտ էր հանդիսանում այնքանով, որքանով ինքն ազդեցություն ուներ Լեռնային Ղարաբաղի հետ կապված: Ինքն արդեն պատասխանատու է դարձել այդ հարցի կապակցությամբ», – նկատեց Կոստանյանը:
Նա ընդգծեց՝ ստորագրելուց հետո է ըստ էության փոփոխություն եղել, քանի որ վարչապետն իր ստորագրությամբ մեխանիկորեն դարձավ պատասխանատու սուբյեկտ եւ անկախ իրենից պատասխանատվություն վերցրեց Հայաստանի վրա: «Դրանից օգտվելով Ադրեբջանի նախագահն անմիջապես հաջորդ օրը հայտարարեց, որ հասցված վնասների հաշվարկ է կատարելու եւ փոխհատուցում պահանջելու Հայաստանից: Այսինքն, հիմնավորվեց իմ՝ դեռեւս երկու տարի առաջ հնչեցված տեղեկատվությունը, որ Ադրբեջանը նախապատրաստվում է: Անմիջապես այդ հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի Գլխավոր դատախազության հաղորդագրությունը, որով նշվեց վնասների հաշվարկը եւ այն դրվելու է Հայաստանի առջեւ: Իսկ սա նաեւ բերեց նրան, որ այսօր արդեն Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Կոչին Ահունդզադեն հայտնել է, թե եթե Հայաստանը փող չունի, կարող է տալ օրինակ Զանգեզուրը: Սա այդ հնարավոր գործողություններն են, որ Ադրբեջանը կարող է կատարել: Այսինքն, մենք ոչ միայն անվտանգության ետ կապված խնդիր ունենք, այլև Նիկոլ Փաշինյանն այնպես արեց, որ Հայաստանը կարող է նյութական պատասխանատվություն ստանձնել, որը մի քանի անգամ գերազանցում է ՀՀ պետական բյուջեի ամբողջ ծավալը», – հավելում է նա:
Կոստանյանի խոսքով, սա վտանգավոր է նրանով, որ մեխանիկորեն կանխելու է բոլոր ներդրումների հնարավորությունը, որովհետեւ պարտավորությունների դեպքում ցանկացած եկամուտ, որ ստանալու է Հայաստանը, պետք է ուղղվի ադ պարտավորությունների կատարմանը: «Այս ամենը վտանգի տակ դրեցինք միայն նրա համար, որ այսպիսի քայլի դիմեց Նիկոլ Փաշինյանը: Ելքը հետևյալն է. իրավական տեսակետից ելքը հետեւյալն է. Փաշինյանի հրաժարականն է, իրավական տեսակետից է դա անհրաժեշտ, որպեսզի հետագայում հնարավոր լինի այդ պարտավորությունների կատարման՝ առնվազն նյութական մասով, քննարկման առարկա դարձնել: Բացի երկու կետերից, մնացածը քննարման եւ բանակցային առարկա կարող է դառնալ եւ դառնալու է վստահաբար եւ այս ընթացքում նաեւ քննարկման առարկա պետք է դառնա հնարավոր վնասների փոխհատուցման, փոխանցման հարցը», – հավելում է Կոստանյանը:
ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչը մեզ հետ զրույցում հիշեցրեց նաեւ իր նախկին հայտարարություններից եւս մեկը, որը հերթական անգամ ապացուցում է, թե Ադրբեջանը որքան վաղուց էր պատրաստվել այս պատերազմին: «Կառավարությունը որեւէ միջոց չի ձեռնարկել: Այս տարվա հունվարին եւս փախստականների վերադարձի հետ կապված եւս հետաքրքրիր դրվագ եղավ: 4 տարի շարունակ նախարարների կոմիտեում Ադրբեջանի կառավարությունն ամեն անգամ մտնում էր փախստականների վերադարձի հարցով, բայց մենք կարողանում էինք այնպես անել, որ այդ հարցի քննարկումը հետաձգվում էր կամ հանվում էր օրակարգից ընդհանրապես: Եվ շատ տարօրինակ կերպով այս տարվա հունվարյան նախարարների կոմիտեի նիստին, երբ այդ հարցը օրակարգում էր, տարօրինակ կերպով Ադրբեջանն ինքն իր նախաձեռնությամբ այդ հարցը հանում է օրակարգից եւ սա հենց ազդակ էր, որին ես արագ արձագանքեցի եւ հրավիրեցի իշխանություններիուշադրությունը, որ վստահաբար տեղի է ունեցել որոշակի պայմանավորվածություններ: Դա առնվազն նշանակում էր, որ քաղաքական առումով արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որովհետև եթե նախարարների կոմիտեն մերժեր այդ դիրքորոշումը, ապա այսօր նրանց կառավարությունը չէր կարողանա այդ փաստաթղթում մտցնել այդ հարցը», – եզրափակեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։