«ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ՏԵՍԱԿԵՏԸ. ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՏԵՍԱԿԵՏԻ ԿՐՈՂԸ ՉԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ` պարզելու համար, թե ինչ պայմաններ են ստեղծվել արցախցիների վերադարձի համար: Մեր զրուցակիցն ասաց, որ Ստեփանակերտում արդեն վերականգնվել է էլեկտրաէներգիան, ջուրը, որոշ տեղերում՝ գազամատակարարումը: Բաբայանը նշեց նաեւ, որ պահանջված փոփոխությունները տարբեր ոլորտներում արդարացված են, քանի որ դա կարող է փոխել նաեւ այն հոգեբանական վիճակը, որն առկա է Արցախում:

 

-Պարո՛ն Բաբայան, տարհանվածները վերադառնո՞ւմ են Ստեփանակերտ:

-Իհարկե, վերադառնալը վերադառնում են կամաց-կամաց: Ակնկալել շուտափույթ վերականգնում ցանկալի է, բայց իրատեսականը մենք կտեսնենք: Բայց օրական մի քանի տասնյակ ավտոբուսներով, տարբեր մեքենաներով վերադառնում են: Բնական է, մի մասը գալիս է վերջնական մնալու, մի մասը՝ տեղում ծանոթանալու, հետո վերադառնալու: Այսինքն՝ ամեն ինչ պետք է արվի, որ վերականգնվի: Ճիշտ է, մենք չենք ունենա այն Արցախը, որ կար, բայց պետք է լինի հայկական: Մարդիկ, ինչքան կարողանան, պետք է վերադառնան:

-Կա՞ն այն պայմանները, որ մարդիկ կարողանան ապրել: Սոցիալական  առաջին անհրաժեշտության պայմանները կա՞ն բնակություն հաստատելու համար: Հասցրե՞լ եք կարգավորել այդ ամենը:

-Այդ աշխատանքներն ընթանում են: Լուծված են  էլեկտրաէներգիայի, ջրի խնդիրները: Տեղ-տեղ գազամատակարարումն է վերականգնված: Խնդիրը ոչ թե սոցիալական է, այլ հոգեբանական է ու քաղաքական: Այսինքն՝ մարդիկ ապագայի վերաբերյալ են մտածում, սոցիալականը այստեղ երկրորդական հարց է: Պետք է այնպես անենք, որ մարդիկ պատրաստ լինեն հոգեբանական հարցերին: Մենք սոցիալ-տնտեսականին զուգահեռ աշխատանքներ պետք է տանենք:

-Իսկ այդ առումով ի՞նչ իրավիճակ ունենք: Կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է անեք: 

-Դա միայն ժամանակը ցույց կտա: Պետք է մենք վերանայենք մեր մտածելակերպը, պահելաձեւը, մեկը մյուսի հանդեպ մեր վարվելակերպը: Եթե զիջումներ չլինի, շատ վատ է լինելու:

-Դա պայմանավորում եք նաեւ պաշտոնանկություններո՞վ. պահանջ կա կառավարության, նախարարների հրաժարականի:

-Փոփոխությունները ե՛ւ անհրաժեշտ են, ե՛ւ անխուսափելի: Պետք է լինեն արմատական փոփոխություններ, միայն պաշտոնյաների մասին չէ խոսքը: Եթե չլինեն, ապա մենք շատ վատ վիճակում ենք լինելու:

-Այս պահի դրությամբ համարո՞ւմ եք, որ պետք են պաշտոնանկություններ, թե՞ պետք է սպասել, քննարկել:

-32 տարի քանի պատերազմներ են եղել, ինչքան զոհեր, կորուստներ ենք տվել: Արցախը եղել է 11 հազար քառակուսի կիլոմետր, դարձել է մոտ 3 հազար: Ոչ մեկ չպե՞տք է հեռանա: Այս հարցին պետք է պատասխանել. Ամեն մեկն իր մեջ: Եթե ամեն մեկն իր մեջ այդ հարցի պատասխանը գտնի: Ժողովուրդը պետք է ընտրի: Ամեն ժողովուրդ ինքն է իր ճակատագրի կրողը: Այն, ինչը եղավ մեզ հետ, մենք ենք մեղավոր, մի՛ փնտրեք ուրիշի մեջ:

-Հայաստանի իշխանություններն ասում են՝ այս պահին ցնցման տանել, փոփոխել  համակարգը, կառավարությունը, խորհրդարանը սխալ կլինի: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

-Ես ունեմ իմ տեսակետը, ես որեւէ մեկի տեսակետի կրողը չեմ: Փոփոխություններ պետք է այնպես անել, որ լինի տեղին ու որակական: Երբ է լինելու այդ ժամանակը, թող ժողովուրդն ինքը որոշի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ  

 

 

 

ԱՌԱՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ

«Այսօր հրապարակված ճանապարհային քարտեզում նախանշված քայլերը կատարելուց հետո արդյոք պատրաստվո՞ւմ եք արտահերթ ընտրությունների». կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց է ուղղել Աժ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Այսօր հրապարակված ճանապարհային քարտեզին, կարծում եմ, այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ եւ կարող եմ ասել, նաեւ տեքստում գրված է, որ մեզ համար կարեւոր առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունը, անվտանգությունը եւ երաշխավորությունը, որ իշխանություն ձեւավորելու ժողովրդի հնարավորությանը եւ իրավունքին ոչինչ չի սպառնում: Դա մեր կարեւոր առաջնահերթությունն է: Եվ երկրորդ ուղղությունը՝ պատերազմի հետեւանքների վերացումը»,- ի պատասխան ասել է վարչապետը՝ հավելելով, որ 6 ամիս հետո, այսինքն՝ 2021-ի հունիսին, կամփոփեն կատարված աշխատանքները եւ, ըստ այդմ, կորոշեն հետագա անելիքները:

Փաշինյանը շեշտել է, թե ինչպես նախկինում, հիմա էլ կարող է ասել, որ աշխարհում կամ առնվազն Հայաստանում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության: «Սա ասել եմ միշտ եւ հիմա էլ եմ կարծում այդպես»,- հավելել է վարչապետը: Բաբաջանյանը հետաքրքրվել է նաեւ, թե վարչապետն ինչ նկատի ունի, երբ որ այդ ճանապարհային քարտեզում գրել է կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին: Արդյոք խոսքը նաեւ կառուցվածքայի՞ն փոփոխություններին է վերաբերում:

Փաշինյանն ասել է, որ հիմա քննարկումների շրջան է, բնականաբար, որոշումները կհրապարակվեն, երբ որ կայացվեն: Այս պահին կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում: Բաբաջանյանի մյուս հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք վարչապետի թիմն ունի անհրաժեշտ վստահության պաշարը՝ նախանշված փոփոխություններն իրականացնելու համար: Այդ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանն արձագանքել է. «Շատ ավելի կարեւոր է ազգային համաձայնության մթնոլորտը, որովհետեւ միշտ չէ, որ կառավարությունների ձեւավորմամբ համաձայնության վերնագրի ներքո ձեւավորվում է համաձայնության մթնոլորտ: Մեր խնդիրն է հիմա ձեւավորել համաձայնության մթնոլորտ: Եվ կարծում եմ՝ այդ համաձայնության մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն եւ անվտանգություն: Մեր հանրության ըմբռնումները, պահվածքը եւ դիրքորոշումը դրա ամենավառ ապացույցն են: Ինչպես նոյեմբերի 10-ից ասել եմ, այսօր էլ ասում եմ, որ կայունությունն ու անվտանգությունը, որոնց նպատակը խորքային ժողովրդավարության երաշխավորումն է, մեր առաջնահերթությունն է, եւ մենք ունենք բավարար ներուժ այդ հարցը լուծելու»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ առավոտյան գրել էր, որ իրեն է համարում ինչպես ստեղծված իրավիճակի, այնպես էլ դրանից դուրս գալու պատասխանատուն, եւ ներկայացրել էր իրավիճակը հաղթահարելու ճանապարային քարտեզ:

 

 

ՀՐԱՀՐՈՒՄ ԵՆ

«Արեւմուտքը հայ եւ ադրբեջանական ազգայնական ուժերին հրահրում է Ղարաբաղում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը չեղարկել»,- հայտարարել է ՌԴ Ներքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը: «Մեզ մոտ առկա տեղեկատվության համաձայն՝ մի քանի արեւմտյան երկրներ, որոնք կապեր ունեն, հրահրում են հայ եւ ադրբեջանական ազգայնականներին: Հայերին փորձում են համոզել, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը Երեւանի պարտությունն է: Մտքեր են նետվում մինչեւ հաղթական ավարտը պատերազմի անհրաժեշտության մասին, իսկ Ադրբեջանում, հակառակը, ասում են, որ Կրեմլը նրանցից խլել է հաղթանակը, երբ վերջինս մոտ էր Ստեփանակերտը վերցնելուն»,-ասել է Նարիշկինը:

Վերջինիս խոսքով՝ այդպիսի քայլերը մեկ անգամ եւս վկայում են, որ ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրները, ինչպես միշտ, իրենց հարցերը լուծում են հասարակ ժողովուրդների, այս անգամ՝ հայերի եւ ադրբեջանցիների հաշվին: «Ամերիկացիներին եւ եվրոպացիներին չի անհանգստացնում, որ իրենց նման քայլերը կարող են հանգեցնել նոր արյունահեղության եւ տարածաշրջանը ենթարկել ծանր ռազմական կոնֆլիկտի»,-ասել է Նարիշկինը:

 

 

ԺԱՄԱՆԱԿ Է ՏՐՎԵԼ

Արցախի Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի՝ Հովտաշենի, Կարմիրավանի, Նոր Մարաղանի, Նոր Այգեստանի, Նոր Սեյսուլանի բնակիչներին երեկ երեկոյան հայտնել են, որ մեկ օր է մնացել ունեցածը տարհանելու համար։ Սակայն նկատենք, որ երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարության համաձայն՝ Աղդամի շրջանը պետք է Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձվի մինչեւ նոյեմբերի 20-ը, իսկ վերը նշված տարածքները, պարզվում է, հենց այդ շրջանին են պատկանում: Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Մարտակերտի վարչական շրջանի համայնքի ղեկավարի տեղակալ Նելսոն Աթայանի հետ՝ պարզելու համար, թե քանի բնակիչ է լքելու, եւ ուր են գնալու: «Այս գյուղերը 1994-թվականի Աղդամի շրջանի ազատագրված տարածքներից են, որոնք, համաձայնագրի համաձայն, պետք է հանձնվեն թշնամուն. դա է պատճառը, որ հիմա այդ համայնքները դատարկվում են: Չեմ կարող ասել, թե ինչ իրավիճակ է հիմա այդ գյուղերում, թե արդյոք բնակիչներն իրենց տներից դուրս գալուց հետո այրում են, թե ոչ, քանի որ արդեն երեք օր է, ինչ առողջական խնդիրներ ունեմ եւ տանը պառկած եմ: Նշված բնակավայրերը լքում են մոտ 1400 խաղաղ բնակիչ, իսկ թե ուր են գնալու նրանք, դեռեւս չեմ կարող ասել. այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,- հավելում է մեր զրուցակիցը:

 




Լրահոս