Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը՝ նվիրված ամենամյա միջազգային առցանց համաժողովին: Միջոցառումը կազմակերպվում է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կողմից։ Եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների երրորդ միջազգային համաժողովին մասնակցել են նաեւ այլ երկրներից օմբուդսմաններ եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Մոսկվայում կազմակերպվող ամենամյա միջազգային համաժողովը համարել է արդյունավետ համագործակցության առաջատար օրինակ, որը կարեւոր հարթակ է մարդու իրավունքների պաշտպանության, այդ հարցում փորձի փոխանակման տեսանկյունից:
Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Նշվել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է Պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, եւ Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ «Հակոբյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով: Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցության փորձը Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը, որի ընթացքում Պաշտպանը համագործակցում է նաեւ պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: Պաշտպանը ընդգծել է, որ 2018 թվականից սկսած՝ այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ նաեւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության շնորհիվ։ Համաժողովի ընթացքում Արման Թաթոյանն անդրադարձել է նաեւ Նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում Պաշտպանի գործունեության առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության հարցում մարտահրավերներին: Պաշտպանն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի ընթացքում մարդկանց իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ փորձի փոխանակման նպատակով արդյունավետ համագործակցություն եւ քննարկումներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Աշխատանքի առանձին ուղղություն է նաեւ պարբերաբար քննարկումները ՌԴ-ում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաեւ քաղաքացիների համատեղ ընդունելությունները։ Համաժողովի մասնակիցներին ներկայացվել է նաեւ Պաշտպանի նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի հետ առաջին անգամ ԵԽ տարածքում իրականացվող կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը կենսաբանության եւ բժշկության ոլորտում մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ, ամրապնդել փաստաբանների, բժիշկների, պետական մարմինների կարողություններն այդ չափանիշները կիրառելու ոլորտում, ապահովել մեր երկրում կենսաբանության ու բժշկության ոլորտում Օվիեդոյի կոնվենցիայով նախատեսված կարգավորումների կիրառումը: Արման Թաթոյանը նաեւ ներկայացրել է կոնֆլիկտային եւ հետկոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ներգրավման առանձնահատկությունները, մասնավորապես՝ այդ իրավիճակներում մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ եւ անկողմնակալ աշխատանքի եւ աշխարհին օբյեկտիվ տեղեկությունների ներկայացման կարեւորությունը: Պաշտպանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է, որ ակտիվորեն ներգրավված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված հարձակումների ընթացքում հայ գերիների ու դիերի փոխանակման մարդասիրական գործընթացին, եւ որ այդ հարցով մշտական կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՀՀ պետական մարմինների հետ: Նշվել է, որ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն, առաջին պահից սկսած, գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո շուրջօրյա սկզբունքով, Պաշտպանի իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները: Համաժողովի ընթացքում քննարկվել են եվրասիական տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, մասնավորապես՝ Եվրոպական դատարանի հետ մարդու իրավունքների ազգային հաստատությունների համագործակցությանը եւ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում մարդու իրավունքների ապահովմանը առնչվող հարցեր։
ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովի տարածքում երեկ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ուժեղացված ծառայություն էր իրականացնում: Երեկ վաղ առավոտից ոստիկանության զորքերը, ոստիկանության ծառայողները ծառայություն են իրականացրել ե՛ւ Ազգային Ժողովի դարպասներից դուրս, ե՛ւ դրանցից ներս: Բացի մեծ թվով ոստիկաններից, ոստիկանությունը մեքենաներ ու փշալարեր է բերել ԱԺ տարածք, իսկ 2018-ի հեղափոխությունից հետո բացված ԱԺ դարպասների դուռը փակվել է, մուտքն ու ելքը, բացի ԱԺ անվտանգության ծառայողներից, հսկում է նաեւ ոստիկանությունը:
ԱՊՕՐԻՆԻ ՈՐՍԻ ԴԵՄ
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ապօրինի որսի եւ ապօրինի ծառահատումների դեպքերը բացառելու ու կանխարգելելու նպատակով խստացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքում՝ համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի: Տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական եւ բուսական աշխարհը:
ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ եւս մեկ վիրահատության է ենթարկվել: Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երեւում է, թե ինչպես են շրջափակում Արարատ Միրզոյանի մեքենան, որից հետո նրան դուրս են բերում եւ ծեծի ենթարկում։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց եւ նույն գիշերը ենթարկվել վիրահատության։
ՈՎ ԿԿՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«Հատուկ իշխանական «հորդորիչների» համար. համաձայն ՀՀ Սահմանադրության Հոդված 14.2-ի՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ քաղաքացիական վերահսկողության ներքո են»,- նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա հայտնել է. ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հոդված 8?1.6-ի համաձայն՝ զինծառայողն իրավունք չունի պաշտոնեական դիրքն օգտագործելու՝ ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական կազմակերպությունների եւ դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաեւ զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն ցուցաբերեն։ Նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։ Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։ Եթե այսօր որեւէ հրապարակում հայտնվեն զինծառայողներ կամ զինված ուժերի որեւէ ստորաբաժանումներ, ամբողջ պատասխանատվությունը կրելու է գործող իշխանությունը»։
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԽՈՍԵԼ ԵՆ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Հեռախոսազրույցների ընթացքում նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված օպերատիվ իրավիճակը եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ խաղաղապահ ստորաբաժանման արագ եւ արդյունավետ տեղակայման, ինչպես նաեւ զոհված զինծառայողների, գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հայտնաբերման ու փոխանակման աշխատանքները կազմակերպելու համար: Հատուկ ուշադրություն է հրավիրվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ՀՀ պաշտպանության նախարարն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է զբաղվի փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված եւ անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների եւ հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերով: