ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ ԵՆ ՎՆԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախաքննական մարմինը սկսել է ուսումնասիրել եւ գույքագրել այն վնասները, որոնք կրել է խորհրդարանը նոյեմբերի 9-ին գիշերը լույս 10-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Հիշեցնենք, որ այդ օրը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հրապարակումից հետո, մեծ թվով մարդիկ հավաքվել էին կառավարության եւ խորհրդարանի դիմաց, մտել հաստատությունների տարածքներ, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ, գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրել: Եվ այս գործողությունների հետ կապված արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ եւ կալանավորվածներ։ Ինչպես հայտնի է, այդ օրը գրեթե բոլոր պատգամավորների աշխատասենյակները ջարդուխուրդ էին արված, անգամ ինչ-որ իրեր էին տարված: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ հայտարարեց, որ անգամ իր աշխատասենյակից նոթբուք էին գողացել: Սակայն դրան զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների բոլոր նոթբուքերն իրենց տեղում էին, մինչդեռ դրանք բավականին փոքր էին եւ հարմար գողանալու համար, բայց չեն տարել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից պարզել՝ ինչ վնասներ են եղել այդ օրվա դեպքերից, քանի նոթբուք է գողացվել: «Դա նախաքննական ատյանի ուսումնասիրության տիրույթում է: Կարծում եմ՝ հիմա այդպիսի տվյալ հնչեցնելը սխալ է: Սակայն բոլոր տեղերում, որտեղ մուտք են գործել, եղել են թե՛ կորուստներ թե՛ վնասված ապրանքանյութական արժեքներ», – հայտնեց նա՝ կոնկրետ տվյալներ չցանկանալով նշել:

Հիշեցնենք, որ այդ դեպքերի շուրջ շարունակվում է նախաքննությունը, եւ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով եւ 301.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործ, եւ քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ  չորս տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայումս 10 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կանալանավորումը, 5 անձ ձերբակալվել է, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլական պատգամավորները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկել են Արցախի բնակիչների հարցը: Բանն այն է, որ այժմ Երեւանում եւ տարբեր մարզերում Արցախից եկած քաղաքացիներ կան. նրանք տարբեր խնդիրներ ունեն, որոնք շուտափույթ լուծում են պահանջում, ինչի համար էլ իմքայլականները կառավարության են գնացել՝ հասկանալու համար, թե ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ դրանց լուծում տալու համար: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որին հայրենի օրենսդիրները հարցեր են ուղղել՝ հասկանալու համար, թե ինչպես է նախարարը պատրաստվում այդ հարցերին լուծում տալ: Նախարարն ասել է, որ իրենք ամբողջ իրենց թիմով լծված են այդ աշխատանքները կատարելու համար: Բաթոյանին ասել են, որ արցախցիների համար այսօր գլխավոր հարցը կեցության հարցն է, որին պետք է շտապ լուծում տալ: Փոխվարչապետը հայտարարել է, որ պետք է օրենսդիրն ու գործադիրը ամեն ինչ շատ արագ անեն, որպեսզի այդ հարցերին լուծում գտնեն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շուտով կսկսեն Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները: Հայաստանում տիրող ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ընտրական օրենսգրքի շուրջ աշխատանքներն ընդհատվել էին, իսկ մինչ այդ էլ դրանք դանդաղել էին՝   կորոնավիրուսով պայմանավորված: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն մի քանի օր է, ինչ վերսկսել են Ընտրական օրենսգրքի քննարկումները, ընդ որում՝ աշխատանքներն ընթանում են նախապատերազմականից ավելի ինտենսիվ կերպով, եւ փորձ է արվում ավելի արագ ավարտել սկսված աշխատանքները: Նկատենք, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը վերսկսել էր ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումների՝ համավարակի պատճառով ընդհատված շարքը եւ դրանք կազմակերպել առցանց եղանակով օգոստոսին:  Մինչեւ պատերազմը տեղի էր ունեցել մի քանի հանրային քննարկում:  Իսկ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին էլ տեղի էր ունեցել  ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հանձնաժողովը հաստատել էր  Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը: Իսկ ի՞նչ փոփոխություններ էին առաջարկվում. առաջին հերթին ամրագրվում էր բարեգործության արգելքը ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը ժամանակահատվածում, քրեականացվելու է թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը:

 

 

 

Հայաստանի վիճակագրական կոմիտեում կյանքը մեկ ամիս հետ է ընկել. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբեր ամսվա հաշվետվությունները կներկայացվեն դեկտեմբերին, մինչդեռ սովարաբար անցնող ամսվա հաշվետվությունները ՎԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրվում են հաջորդող ամսվա 5-ին: Նոյեմբերի 5-ին, սակայն, տվյալ կայքում տեղադրվել են սեպտեմբեր ամսվա հաշվետվությունները: Ստացվում է, որ Վիճակագրական կոմիտեն նոյեմբերին հանրությանը ներկայացրել է սեպտեմվբեր ամսվա հաշվատվեւոյունները: Ինչու հարցին կոմիտեից պատասխանեցին. «Հոկտեմբերինը կլինի դեկտեմբերի 5-ին, նոյեմբերինը՝ հունվարի 5-ին: Ծրագրով փոխվել է, հոկտեմբերի տվյալները անպայման կհրապարակվեն դեկտեմբերի 5-ին: Covid-19-ը եւ երկրում հայտարարված ռազմական դրությունն ազդեցություն չեն թողել աշխատանքի վրա. դրանք ոչ մի խնդիր չեն առաջացրել: Դա կապված է հաշվետվությունների հետ, ընդհանուր մի բանից չի կախված։ Ուղղակի ելնելով հաշվետվություններից՝ այդ թվերը մշակելը, հաշվելը ժամանակատար է եւ պատրաստ է լինում հաջորդ ամսվա 5-ին: Գիտեք, հաշվետվությունները ծավալուն են, հնարավոր չէ դրանք արագ հաշվել եւ ներկայացնել, դա է խնդիրը»:

 




Լրահոս