Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանը երեկ հեռախոսազրույց են ունեցել եւ հերթական անգամ քննարկել նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարը, մասնավորապես՝ ռուս խաղաղապահների հարցը։ «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից հակամարտության գոտում կրակի եւ ռազմական բոլոր գործողությունների լիակատար դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի արդյունքում», – ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությունում նշված է նաեւ, որ Լավրովը ֆրանսիացի գործընկերոջը պարզաբանել է ռուս խաղաղապահների մասնակցության պարամետրերը եւ հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքը: Երեկ Սերգեյ Լավրովը հայտատարել է, որ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան եւ Միացյալ Նահագները չպետք է նեղանան Ռուսաստանից, եւ որ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներ, մասնակցություն են ունեցել, եւ ստորագրված հայտարարությունում հաշվի են առնվել պատերազմի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի արած բոլոր հայտարարությունները։
Մինսկի խմբի երեք անդամներից երկուսը՝ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, հայտարարել են, որ Ռուսաստանից հստակություն են ակնկալում Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանների վերաբերյալ: Հարցը Փարիզում քննարկել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Իսկ Եվրամիության՝ երեկ տարածած հայտարարությունում նշված է, որ ռազմական գործողությունների դադարեցումը ընդամենը առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղում երկարատեւ հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ Պաշտոնական Բրյուսելի համոզմամբ՝ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն հակամարտության բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորման համար՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Նոյեմբերի 17-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն նույնպես հայտարարել է, որ հարկ է շուտափույթ կերպով վերսկսել մինսկյան գործընթացը:
«Կարգավորման հիմքում պետք է լինեն Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթները՝ ուժ կիրառելու կամ դրանով սպառնալու բացառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ մարդկանց իրավահավասարություն»,- հայտարարել է Փոմփեոն։ Հիմնականում Վաշինտոնը եւ Փարիզը պարզաբանումներ են ակնկալում Մոսկվայից ռուս խաղաղապահների, Թուրքիայի դերակատարության եւ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցերում։
Հայտարարությունում, հիշեցնեմ, Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչինչ կա, իսկ Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու օր առաջ Ղարաբաղի շուրջ ընդարձակ հարցազրույցում ասել էր, թե կարգավիճակի հարցը բաց է եւ քննարկվելու է ապագայում։ Երկու օր առաջ Մոսկվա էին ժամանել Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները։ Կարելի է ակնկալել, որ նրանք առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։ Բացի այդ, երեկ երեկոյան ղարաբաղցիների խնդիրներին անդրադարձել է Ֆրանսիայի նախագահը։ «Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում պատրաստ է ներդնել իր փորձը եւ լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակայքի մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության գործում»,- Թվիթերում գրել է Էմանյուել Մակրոնը:
REUTERS-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե Ֆրանսիան ուզում է, որ հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում ունենա միջազգային վերահսկում, եւ մտավախություն ունի, որ Ռուսաստանն ու Թուրքիան դուրս կմղեն Արեւմուտքը ղարաբաղյան վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններից։ REUTERS-ը գրում է, թե Փարիզը համառ է լինելու հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության հարցում։ Մակրոնի կառավարությունը, մասնավորապես, ուզում է վերահսկել ղարաբաղցի փախստականների վերադարձի գործընթացը, Սիրիայից եկած զինյալների վերադարձի գործընթացը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները։
ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Միրզոյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Կարեն Միրզոյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
11 ՏՈԿՈՍՈՎ ԱՎԵԼԻ
Ռուսաստանի զինված ուժերը տարվա սկզբից, չնայած համավարակին, 11 տոկոսով ավելի շատ զենք եւ տեխնիկա են ստացել, քան մեկ տարի առաջ: Այդ մասին հայտնել Է ՌԴ պաշտպանական կառավարման ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը: «Հաջողվել է ոչ միայն ապահովել գործարանների եւ ձեռնարկությունների լիարժեք գործարկումը, այլեւ անցյալ տարվա համեմատությամբ 11 տոկոսով ավելացնել զորքերին մատակարարվող սպառազինության, ռազմական եւ հատուկ տեխնիկայի քանակը»,-ասել է Միզինցեւը: Նրա խոսքով՝ այդ տարի տեղավորել, ջրարկվել եւ ռազմածովային նավատորմի կազմում ընդունվել Է 35 սուզանավ եւ վերջրյա նավ, «ինչը 1,3 անգամ ավելացրել է նավատորմի ժամանակակից մարտական միավորների բաժինը՝ 19 թվականի համեմատությամբ»:
ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ՌԴ ԱԻՆ՝ շինանյութով բեռնված մեքենաների շարասյունը Երեւանից ուղեւորվել է Ստեփանակերտ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանում նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկին: «Այսօր Երեւանից Ստեփանակերտ է ուղեւորվել ՌԴ ԱԻՆ շարասյունը, որը 45 տոննա շինանյութ է տեղափոխել, ինչը թույլ կտա օպերատիվ կերպով սկսել վերականգնողական աշխատանքները»,-ասել է նա: Նրա խոսքով՝ ՌԴ ԱԻՆ մասնագետներն ավելի քան 280 ոչնչացված եւ 2,5 հազար վնասված շենք են հայտնաբերել ԼՂ տարածքում:
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ
Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել եւս 1,3 հազար փախստական, ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 4,4 հազար մարդ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Շարունակվում է Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքած խաղաղ բնակիչների վերադարձը: Նոյեմբերի 19-ին ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձել է եւս 1382 փախստական: Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահներն ապահովել են իրենց բնակության վայրեր ավելի քան 4,4 հազար մարդկանց անվտանգ վերադարձը»,- ասել է նա: Նշվում է, որ ռուս խաղաղապահներն առավելագույնս աջակցում են տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու հարցում:
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կանցկացնի, որում կքննարկվի Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը վերացնելու հարցը: Ռազմական դրությունը վերացնելու նախագիծ է ներկայացրել խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Ազգային ժողովի արտահերթ նիստը տեղի կունենան նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին: Որպես նախագծի հիմնավորում՝ ընդդիմադիր խմբակցությունը մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարությունը, որն արվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին: «Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի` շփման գծի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր՝ 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով: Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը»,-ասվում է հիմնավորման մեջ: Նկատենք նաեւ, որ բացի այս որոշման նախագիծը, նույն խմբակցությունը դեռեւս նոյեմբերի 11-ին ներկայացրել էր նախագիծ՝ տեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ, սակայն այդ հարցը քննարկելու համար այդպես էլ արտահերթ նիստ չգումարվեց:
ԱՌԱՆՑ ԷՐԴՈՂԱՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
Wargonzo թելեգրամյան ալիքը մանրամասներ է հայտնել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության նախապատրաստության ընթացքից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդ հայտարարությունը ստորագրել է առանց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թույլտվության: Ալիեւը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 20 րոպե ժամանակ է խնդրել՝ Էրդողանի հետ հայտարարության տեքստը եւ հատկապես ռուս խաղաղապահների տեղակայման հարցը քննարկելու համար, սակայն ՌԴ նախագահն Ալիեւին այդպիսի հնարավորություն չի տվել: Բնականաբար, այդ հանգամանքը լուրջ լարվածություն է առաջացրել Բաքվի եւ Անկարայի միջեւ, քանի որ Էրդողանի ծրագրերի մեջ չի եղել այդ տարածաշրջանը ՌԴ-ի տիրապետությանը հանձնելու տարբերակը: Առաջարկվող թուրքական տարբերակում ծրագրեր կային, որ, բացի ռուս խաղաղապահներից, շփման գծում պետք է կանգնեին նաեւ թուրքական զորքեր: Սակայն այս հայտարարությունը նման բան չի ենթադրում: Սակայն դեռ բաց է մնում այնտեղ առկա վարձկան ահաբեկիչների հարցը: Մոսկվան եւ Թեհրանը պահանջել են, որ ծայրահեղական խմբավորումները դուրս գան Կովկասից: Ալիեւը խոստացել է այդ պահանջը կատարել, սակայն Էրդողանը կրկին դեմ է արտահայտվել. նա իր ծրագրերն ունի, որոնց մասին առաջիկայում մանրամասներ կլինեն: