ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում պատերազմի ավարտից հետո հակասական տրամադրություններ են: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Միեւնույն ժամանակ, Արցախի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն, Արցախի նախագահին դեռ չեն կարող խորհրդարանում անվստահություն հայտնել: Արցախի Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է. «Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնը ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո»:

Հիշեցնենք, որ Արայիկ  Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարավ 2019 թվականի ապրիլի 15-ին, իսկ լիազորություններն ուժի մեջ մտան այս տարվա մայիսի 21-ին՝ երդման արարողությունից հետո: Ստացվում է՝ խորհրդարանում Արայիկ Հարությունյանին չեն կարող անվստահություն հայտնել, քանի որ Հարությունյանը դեռեւս անձեռնմխելի է, եւ խորհրդարանում կարող են այդ հարցը բարձրաձայնել միայն մեկ տարի հետո՝ 2021 թվականի մայիսին: Այսինքն՝ Արցախում իշխանափոխության հեռանկարը միայն կարող է լինել նախագահի հրաժարականի պարագայում։ Այլ տարբերակ ուղղակի օրենսդրությամբ նախատեսված չէ։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց հետ հեշտ աշխատանքային հարաբերություններ կառուցող նոր թեկնածու առաջարկեն: Եվ, ըստ մեր տեղեկությունների, 17 կուսակցությունները քննարկել են երեք թեկնածուի անուն՝ Վազգեն Մանուկյան, Արթուր Վանեցյան եւ Հրանտ Բագրատյան: Նշված թեկնածուներից մեր ռազմավարական գործընկերը նախապատվությունը տվել է Վազգեն Մանուկյանին: Ավելին, մեր տեղեկություններով՝ Վազգեն Մանուկյանը վերջերս Մոսկվա է մեկնել այնտեղ իր թեկնածությունը քննարկելու համար: Սակայն սա չի նշանակում, որ ապագայում հենց նա է լինելու ՀՀ վարչապետը, պարզապես լինելու է ժամանակավոր կառավարության ղեկավարը, որը պետք է երաշխավորի անցնցում կառավարումն առաջիկա ամիսներին եւ նաեւ ազատ, արդար ընտրությունների անցկացումը: Այսինքն՝ Մանուկյանը լինելու է կարճաժամկետ կառավարության ղեկավարը: Ինչքանով էլ տարակուսելի է թվում, սակայն այս ամենին զուգահեռ պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի զգալի թվով համակիրներ ՀՀ քաղաքացիների շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի շուրջ զրուցել Վազգեն Մանուկյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ հայտարարելով, թե հարցազրույցներ չի տալիս:

 

 

 

Դատաբժշկական փորձաքննությունների եւ նախաքննական մարմինների մոտ անելանելի վիճակ է ստեղծվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝  նախաքննական մարմիններին դատախազությունը հանձնարարել է, որ քրեական գործերի բնույթից ելնելով՝ պետք է վիրավոր զինվորներին դատաբժշկական փորձաքննության ենթարկել: Այս հանգամանքը խիստ զայրացրել է ե՛ւ քննիչներին, ե՛ւ դատաբժիշկներին, որոնք ասել են՝ դիմում կգրեն, կազատվեն պաշտոնից: Ըստ նրանց՝ 11 հազար վիրավոր կա, եւ ինչպես իրենք կարող են 11 հազար վիրավոր զինվորի ենթարկել փորձաքննության, երբ այդքան ռեսուրս չունեն, չկա այդքան քննիչ, եւ, բացի այդ, այդքան քրեական գործեր են հարուցվել, որ հնարավոր չէ այս իրավիճակում իրականացնել: Թե ինչ կլինի դատախազության այս ցուցումի վերջը, դժվար է ասել, բայց ցուցումը լուրջ խռովություններ է առաջ քաշել ե՛ւ դատաբժիշկների, ե՛ւ քննիչների շրջանում: Իսկ, ահա, այս իրավիճակին զուգահեռ անհետ կորած զինծառայողների ծնողները շարունակում են պահանջել հանդիպում պաշտպանության նախարարի հետ: Նրանք ամեն օր Պաշտպանության նախարարության դիմաց են: Զինծառայողների հարազատները վրդովված են, որ իրենց որդիներից, հարազատ զինծառայողներից որեւէ լուր չկա:

 

 

 

«Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը պասիվ է եւ պահպանողական»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Լոկոմոտիվային զարգացումներ չի պլանավորել, որովհետեւ բյուջեն հիմնականում փորձելու է իր ներքին ռեսուրսներն ուղղել սոցիալական ծրագրերի համար՝ պայմանավորված Հայաստանում առկա սոցիալական խնդիրներով, կորոնավիրուսի եւ նախկինից եկող գործազրկության, աղքատության, կենսաթոշակների եւ սոցիալական աջակցության ծրագրերի՝ գումարած պատերազմի հետեւանքով առաջացած զոհվածների, նրանց ընտանիքների, ինչպես նաեւ վիրավորների բուժման եւ նաեւ Արցախից այստեղ գտնվող քաղաքացիների համար: Այսինքն՝ սոցիալական կոմպոնենտը պետք է ուժեղացվի կամ պետք է խնայողաբար օգտագործվի, բայց զարգացման նպատակները դրված չեն: Այսինքն՝ մենք եւս կարող է հաջորդ տարի էլ դանդաղ իներցիայով էկոնոմիկա ունենանք, որը աղքատության, գործազրկության, արտաքին պարտքի նվազեցման նախադրյալներ չի ստեղծելու»,- ներկայացրեց Մակարյանը: Մասնագետի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող պաշտոնանկությունները կարող են դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա. «Նախարարներ կային, որոնք չէին աշխատում, վաղուց պետք է ազատվեին աշխատանքից, բայց վարչապետը պահեց այդ անձերին, միայն հիմա որոշեց փոխել: Այ նրանք շատ վնասներ տվեցին իրենց չաշխատելով: Այդպիսի աշխատանքի պատճառով մենք համարյա 2 տարի հետ ենք ընկել որոշ ոլորտներում: Օրինակ՝ առանձնապես առաջ չենք գնացել բնապահպանության հարցերում, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, կրթության եւ այլ մի քանի ոլորտներում»:




Լրահոս