ՔԱՐՎԱՃԱՌՆ ԱՅՍՕՐ ԿՀԱՆՁՆՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է Քարվաճառը, որն այսօր նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության հետեւանքով պետք է հանձվի ադրբեջանական կողմին: Երեկ հայկական զորքերի շարասյունը դուրս է եկել Քարվաճառից, վերջին անգամ լուսանկարվել ու հրաժեշտ տվել: Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին նոյեմբերի տասի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին Քարվաճառը պետք է հանձնվեր նոյեմբերի 15-ին, սակայն այն երկարաձգվել էր մինչեւ նոյեմբերի 25-ը: Զինադադարի կնքումից հետո Քարվաճառի բնակիչները շտապում էին այդ կարճ ժամկետում հասցնել իրենց գույքը դուրս բերել, շատերն այրել են իրենց տները: Իսկ Քարվաճառի եւ Դադիվանքի շրջակայքում են տեղակայված ռուս խաղաղապահները: Քարվաճառում զինադադարի օրերին թալան եւ անտառահատումներ էին տեղի ունենում: Առաջին անգամ հնարավոր եղավ տասը օրով հետաձգել Քարվաճառի հանձնումը հակառակորդին: Այն ժամանակ ադրբեջանական կողմը հայտնեց, թե պաշտոնական Երեւանը Մոսկվայի միջոցով դիմել է Ադրբեջանին 10 օրով մինչեւ նոյեմբերի 25-ը Քարվաճառի հանձնումը հետաձգելու համար, եւ ադրբեջանական կողմը ընդառաջել է: Այս պահին, սակայն, մենք տեղեկացանք, որ նման դիմում հայկական կողմից դեռեւս առկա չէ, ինչը ենթադրում է, որ այսօր Քարվաճառն ամեն դեպքում կհանձնվի ադրբեջանական կողմին: Երեկ թե՛ ռուսական, թե՛ հայկական, թե՛ արցախյան կողմը խուսափում էին խոսել Քարվաճառի շուրջ հնարավոր զարգացումներից:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երեկ տեղի ունեցած փակ հանդիպումից: Առաջին հերթին նրանք քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են իմքայլականների նոյեմբերի 26-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի անելիքները: Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները որոշել են արտահերթ նիստում չեղարկել ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը, իսկ իշխանական խմբակցությունն էլ պետք է իր քվեարկությամբ որոշի՝ արդյոք այս պահին պետք է գնալ նման քայլի, թե ոչ: Մեր տեղեկություններով՝ քննարկման ժամանակ եղել են տարբեր կարծիքներ, եւ դրա համար էլ խմբակցությունն այդ հարցում վերջնական որոշում չի կայացրել: Խմբակցության պատգամավորներին այցելել է նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, որը փորձել է իր կուսակիցներից պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն ՀՀ-ում առկա իրավիճակի մասին: Ընդհանուր տեսակետներ են հնչել, որից հետո Հարությունյանը հեռացել է նիստից: Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանության մի հատվածի կարծիքով՝ այս պահին անհրաժեշտ է մոռանալ «թավիշը» եւ իրավապահ համակարգի օգնությամբ ստեղծել կայունություն ու կարգուկանոն հաստատել հանրության շրջանում:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել անհետ կորած զինծառայողների հարազատների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա գտնված ծնողներն այնքան էլ գոհ չեն մնացել վարչապետի հետ հանդիպումից, քանի որ հստակ պատասխաններ չեն ստացել: Ավելին, մեր տեղեկություններով՝ ծնողների շատ հարցերի պարագայում հնչել են ոչ հասցեական պատասխաններ, եւ վարչապետը խոսել է նաեւ այլ թեմաներից, փորձել բացատրել, թե ինչու այդպես ստացվեց: Իսկ երբ ծնողները հարցրել են, թե ինչու չեն կարողանում գտնել անհետացած զինվորներին կամ նրանց մարմինները, Փաշինյանը մանրամասնել է, թե այդ տարածքները, որտեղ պետք է որոնողական աշխատանքներ կատարվեն, գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, եւ այնտեղ կարող են որոնողական աշխատանքներ իրականացնել միայն նրանց թույլտվության առկայության պարագայում: Եվ Փաշինյանը նաեւ անկեղծացել է, թե պետք է դիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այդ աշխատանքները կազմակերպելու ու ռուսական կողմի միջնորդությամբ դրան հասնելու համար: Հանդիպումը, սակայն, միայն Փաշինյանի մասնակցությամբ տեղի չի ունեցել, եւ նոյեմբերի 23-ին անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, լսել նրան, սակայն կրկին դժգոհ մնացել: Երեկ էլ ծնողների մեկ այլ խումբ է հանդիպել ՀՀ վարչապետին, եւ վերջինս արդեն հայտարարել է, թե որոնողական աշխատանքները մեկնարկել են:

 

 

 

Դոլարի փոխարժեքն արդեն մի քանի օր է՝ բարձրացել է. ըստ rate.am-ի՝ Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 507-508 դրամ է, վաճառքինը՝ 520-521 դրամ, տարբերությունը՝ 10-13 դրամ: Ըստ մասնագետների՝ պատճառը դոլարի դեֆիցիտն է: Այժմ հայաստանցիների մի հատվածում արհեստական խուճապ է։ Այս օրերին կան քաղաքացիներ, որոնք դոլար ու եվրո են գնում: Բացի այս, փոխարժեքի առուվաճառքով զբաղվող քաղաքացիները նման իրավիճակներում սկսում են հանրության շրջանում լուրեր շրջանառել այն մասին, որ փոխարժեքը բարձրանալու է, ինչի պատճառով էլ մարդիկ գնում են ու պահած դրամներով դոլար գնում: Մյուս կողմից՝ դոլարի փոխարժեքի բարձրացումը մեծ անհանգստություն է առաջացրել այն քաղաքացիների համար, որոնք ունեն դոլարային վարկեր. նրանք ֆինանսական զգալի կորուստներ են կրելու: «Ժողովուրդ»օրաթերթին ԿԲ-ից փոխանցեցին, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ. «ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում եւ անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը»: Իրենց հերթին տնտեսագետները բնակչությանը խորհուրդ են տալիս սառը դատել ու համբերել եւ արհեստականորեն չնպաստել դոլարի բարձրացմանն ու դրամի արժեզրկմանը, քանի որ ե՛ւ 2009-ի փետրվարին, ե՛ւ 2014-ի դեկտեմբերին մարդիկ, որոնք խուճապահար արտարժույթ են գնել, միշտ տուժել են: Հիշեցնենք՝ 2014 թվականի դեկտեմբերին մարդիկ 550-600 դրամով դոլար էին գնում եւ հետո ստիպված եղան 460-470 դրամով այն վաճառել:

 




Լրահոս