ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՄՆԱԼԸ ԽԻՍՏ ՎՆԱՍՈՒՄ Է ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը երեկվանից հացադուլ է սկսում Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի առջեւ: Armlur.am-ը զրուցել է Բալայանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է որոշել հիմա դիմել նման քայլի ու ինչ պահանջով: Կիմ Բալայանը մեզ փոխանցել է, որ ինքը պահանջում է, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթարկվի քրեական պատասխանատվության՝ սահմանադրական կարգը տապալելու համար: Նշենք, որ Կիմ Բալայանի որդիներն են դատավոր Դավիթ Բալայանը, Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանը:

 

-Պարո՛ն Բալայան, հայտարարեցիք, որ Նիկոլ Փաշինյանը քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի: Իրավապահներն այս պահի դրությամբ ի՞նչ քայլերի պետք է գնան:

-Իմ խորին համոզմամբ՝ մինչեւ հիմա անգործություն են ցուցաբերել, որի համար ես այս հացադուլը սկսել եմ, որ սա արդեն ազդակ լիներ, որ իրենք քրեական գործը հարուցեն: Որեւիցե տեղեկատվություն չունեմ՝ սահմանադրական կարգը տապալելու համար քրեական գործ հարուցել են, թե ոչ: Ես հացադուլ հայտարարել եմ այն պահանջով, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է քրեական գործ հարուցեն սահմանադրական կարգը տապալելու համար, քանի որ Սահմանադրության 116-րդ հոդվածով հստակ նշված է միջազգային պայմանագրին ներկայացվող պահանջները եւ այդ պահանջներից ելնելով՝ Ն. Փաշինյանն իրավունք չուներ հայտարարություն ստորագրեր, որով կարգավորվեն միջազգային պայմանագրի համապատասխանող նորմերը: Սա ՝ է պատճառը, որ ես ասում եմ, որ քանի որ Ն. Փաշինյանը սահմանադրական կարգը տապալել է, այդ առիթով պետք է քրգործ հարուցեն:

-Նկատի ունեմ՝ միայն ի՞ր հանդեպ պետք է քրեական պատասխանատվություն կիրառվի, որովհետեւ նաեւ իր թիմակիցներն էլ են կիսում այդ պատասխանատվությունը:

-Թիմակիցների պատասխանատվություն կիսելը քաղաքական կատեգորիա է եւ, իհարկե, բարոյական: Ես չեմ կարծում, որ բարոյական է այն, որ այս փաստաթութղը ստորագրելուց հետո իր թիմակիցները իրեն պաշտպանում են: Բարոյական եւ իրավական տեսակետից չեմ ընդունում: Բայց իմ պահանջն այն է, որ միջազգային պայմանագրին ներկայացվող նորմերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր ստորագրել պայմանագիր, բացի հրադադարից, մնացած բոլոր կետերը սահմանադրական վերահսկողության ենթակա նորմեր են: Քանի որ միջազգային պայմանագիր էր, պետք է գար Սահմանադրական դատարան, որը պետք է եզրակացություն տար, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը, որից հետո նոր տանեին Աժ՝ վավերացման: Անձամբ  ես՝ որպես սահմանադրագետ, կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը չէր կարող տալ եզրակացություն, որ դա համապատասխանում է օրենքին, քանի որ այնտեղ կան հարցեր, որոնց լուծում միայն պետք է լինի հանրաքվեի միջոցով եւ ոչ թե պայմանգրի միջոցով:

-Ասում են՝ արդեն երկրորդ անգամ է՝ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգ է տապալում: Ի՞նչ կարծիքի եք:

-Երկրորդ անգամ չէ, շատ, որովհետեւ էդ նույն Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ մարդու իրավունքը վատթարացնող օրենքը չի կարող իրավական ուժ ունենալ: Բայց դատավորների իրավունքները ոտնահարվեցին, եւ Սահմանադրական դատարան չդիմվեց, էլի սահմանադրական կարգը խախտվեց:

-Քանի որ Դուք Գեղամ Մանուկյանի հետ եք հացադուլ հայտարարել, դա կարո՞ղ է ենթադրել, որ Դուք 17 կուսակցությունների հայտարարություններին կողմ եք: Համարո՞ւմ եք, որ  իրենց պահանջը ճիշտ է:

-Ես որեւիցե քաղաքական պահանջ չեմ ներկայացրել, ես զուտ իրավական պահանջ եմ ներկայացրել: Իմ խորին համոզմամբ՝ ասում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազը, Հատուկ քննչական ծառայությունը պետք է քրեական գործ հարուցեին եւ Նիկոլ Փաշինյանին կալանավորեին: Իսկ, որպես սովորական քաղաքացի, կարծում եմ, որ բազմաթիվ ելքեր կան, որ կարելի էր փորձել: Կարելի է ասել, որ  իր՝ մեկ ժամ ավել  այդ պաշտոնում մնալը խիստ վնասում է մեր ազգային շահը:

-Ձեր որդիները տեղյակ եղե՞լ են, որ Դուք նման քայլի եք դիմելու: Խորհրդակցե՞լ եք իրենց հետ:

-Գիտակցելով, որ կատեգորիկ դեմ են լինելու՝ պատճառաբանելով, որ հիվանդություններ ունեմ, չի կարելի, ոչ մեկ տեղյակ չի եղել: Իմանալուց հետո բոլորը դիմել են, խնդրել են, բայց ասել եմ, որ հայրենիքի հանդեպ իմ պարտքը շատ ավելի մեծ է, քան իրենց անձնականը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԸ ԿՔՎԵԱՐԿԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին քվեարկելու է Ղարաբաղի ճանաչման բանաձեւը։ Ընդունելու դեպքում այն գնալու է խորհրդարան եւ միայն այստեղ ընդունվելու պարագայում կարժանանա նախագահ Էմանուել Մակրոնի ստորագրմանը։ Նկատենք, որ Ղարաբաղի ճանաչման բանաձեւ է ներկայացվել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում, որը Մինսկի խմբի մյուս համանախագահ երկիրն է։

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Ղարաբաղի կարգավիճակի եւ պատկանելության վերաբերյալ իր հարցազրույցում նույնպես խոսել է անկախության ճանաչման խնդրի մասին։ Մի դեպքում դա զգուշացում էր Բաքվին, որ իր խաղաղապահների դեմ գործողությունների պարագայում կկիրառվի Օսիայի ու Աբխազիայի նախադեպը, երբ Մոսկվան ճանաչեց այդ երկու հանրապետությունները, մյուսը վերաբերում էր Ղարաբաղյան պատերազմին եւ եռակողմ համաձայնագրին. Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարեց, որ եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղը, իրավիճակը կարող էր այլ լինել։

Հավելենք, որ Ֆրանսիայի Սենատում քննարկվելիք բանաձեւը ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները:

Բանաձեւից մի հատված ներկայացնում ենք ստորեւ.

«Կառավարությանը կոչ է անում ուշադրություն դարձնել այն դերի դիվանագիտական բոլոր հետեւանքներին, որը խաղում են թուրքական իշխանությունները, եւ իր եվրոպացի գործընկերների հետ վերանայել առավել հարմար ու կոշտ պատասխանները,

Կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ այդ ճանաչումը դարձնել բանակցությունների գործիք՝ ամուր խաղաղություն հաստատելու համար»:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ

Թուրքիան շարունակում է աշխատանքը Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ուղղությամբ, դիտակետերի միջեւ պարեկություն կիրականացվի. ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: Լեռնային Ղարաբաղում դիտակետերի միջեւ, որոնք պետք է կառուցվեն, պարեկություն կիրականացվի»: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան եւ Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի վերաբերյալ, նրանք կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»: Դրանից առաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Անկարան կաշխատեն Ղարաբաղի հարցով Ադրբեջանի տարածքում գտնվող մոնիտորինգային կենտրոնի միջոցով, «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել»:

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՎԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱ

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ գործուղվել են Մոսկվա։  Այս մասին համապատասխան կարգադրությունն  ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ըստ կարգադրության՝ Ռուսաստան են գործուղվել «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ։ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության բարձր խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2020 թվականի նոյեմբերի 22-24-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր  Վարդանյանին, Արման Բոշյանին եւ Ալեքսեյ Սանդիկովին»,- ասված է կարգադրության մեջ։

 

 

ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ

Երեկ «Ֆրանսպրեսը» տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են հայկական զորքի ստորաբաժանումները շարասյունով դուրս գալիս Քարվաճառի շրջանից: Նշենք, որ Հայաստանը պատրաստվում է մինչեւ դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնել Քարվաճառի եւ Բերձորի (Լաչինի) շրջանները: Հիշեցնենք, որ, ըստ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորգրած հայտարարության, Քարվաճառի շրջանը Ադրբեջանին պետք է հանձնվեր դեռեւս նոյեմբերի 15-ին, սակայն այն հետաձգվել էր:




Լրահոս