Դոլարի փոխարժեքն արդեն մի քանի օր է՝ բարձրացել է. ըստ rate.am-ի՝ Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 507-508 դրամ է, վաճառքինը՝ 520-521 դրամ: Ասել է թե՝ հայկական դրամն արդեն երկրորդ ամիսն է՝ արժեզրկվում է ամերիկյան դոլարի նկատմամբ։
Ըստ մասնագետների՝ պատճառը դոլարի դեֆիցիտն է: Այժմ հայաստանցիների մի հատվածում արհեստական խուճապ է. այս օրերին կան քաղաքացիներ, որոնք դոլար ու եվրո են գնում: ArmLur.am-ը արձանագրեց, որ դոլարի առքի եւ վաճառքի միջեւ հսկայական տարբերություն կա: Մասնագետը զրույցի ընթացքում հիշեց, որ նախկին ժամանակներում է եղել այդպես, երբ բանկերը փորձել են իրավիճակն օգտագործել իրենց օգտին: Տեղեկացնենք, որ ապահով շրջանում դոլարի առքի եւ վաճառքի միջեւ տարբերությունը 3-4 դրամ է կազմել, իսկ հիմա այն շատ է: Օրինակ, ըստ rate.am-ի՝ այդ տարբերությունը երեկվա դրությամբ կազմել է 10-13 դրամ. եւ այս տարբերությամբ առաջարկը քաղաքացիներին անում են ՀՀ առեւտրային բանկերը: Դոլարի փոխարժեքի բարձրացումը մեծ անհանգստություն է առաջացրել այն քաղաքացիների համար, որոնք ունեն դոլարային վարկեր. նրանք ֆինանսական զգալի կորուստներ են կրելու: Բացի այս, փոխարժեքի առուվաճառքով զբաղվող քաղաքացիները նման իրավիճակներում սկսում են հանրության շրջանում լուրեր շրջանառել այն մասին, որ փոխարժեքը բարձրանալու է, ինչի պատճառով էլ մարդիկ գնում են ու պահած դրամներով դոլար գնում: Այս ամենի արդյունքում դոլարի նկատմամբ ոչ միայն պահանջարկն է բարձրանում, այլեւ գինը: Բնականաբար, պետք է Կենտրոնական բանկն այս խնդրի մասին մտածի: Չի բացառվում, որ բանկերն ու փոխանակման կետերը փորձում են լրացուցիչ եկամուտ, շահույթ կորզել։ Սակայն ՀՀ կենտրոնական բանկից ArmLur.am-ին փոխանցեցին, որ կատարվողը համարում են բնականոն զարգացում եւ այս պահին չեն պատրաստվում միջամտել արտարժույթի շուկային. քայլեր կձեռնարկեն, երբ գնաճային ռիսկեր տեսնեն։ Բացի այս, ArmLur.am-ին ԿԲ-ից փոխանցեցին նաեւ, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ. «ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում եւ անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը»: Իսկ, ահա, տնտեսագետները բնակչությանը խորհուրդ են տալիս սառը դատել ու համբերել եւ արհեստականորեն չնպաստել դոլարի բարձրացմանն ու դրամի արժեզրկմանը: Քանի որ ե՛ւ 2009 թվականի փետրվարին, ե՛ւ 2014 թվականի դեկտեմբերին մարդիկ, որոնք խուճապահար արտարժույթ են գնել, միշտ տուժել են, եւ շահել են այն քաղաքացիները, որոնք չեն գնել: Մասնագետների խոսքերով՝ դրամը աշխարհի ամենակայուն արժույթներից մեկն է, որը, ըստ էության, դոլարի համեմատ վերջին 5 տարում որեւէ փոփոխության չի ենթարկվել: Մեր քաղաքացիները, որոնք որ այս փուլերում ձգտում են արտարժույթ գնել այն հույսով, որ վաղը ավելի բարձր է լինելու ու շահելու են, իրենք, որպես կանոն, ավելի են տուժում: Մասնագետները հորդորում են ձեռնպահ մնալ նման քայլերից: Հիշեցնենք՝ 2014 թվականի դեկտեմբերին մարդիկ 550-600 դրամով դոլար էին գնում եւ հետո ստիպված եղան 460-470 դրամով այն վաճառել: Բայց, մյուս կողմից, դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում որոշ ապրանքներ հնարավոր է թանկանան: Օրինակ, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ պակասել են այլ երկրներից ուղարկվող գումարները, որոնք դոլար են ուղարկում իրենց ընտանիքներին: Մասնագետի կարծիքով՝ դոլարի բարձրացումը ձեռնտու կարող է լինել արտահանման ոլորտում. եթե մեր արտահանման ծավալներն աճում են, ապա դրա արդյունքում մենք դոլարի դիմաց ավելի շատ դրամ ենք ստանում, այդ առումով ձեռնտու է: Բայց մեկ խնդիր. մեր արտահանման ծավալները մոտավորապես 3 անգամ զիջում են ներմուծման ծավալներին: Այս դեպքում ավելի վատ է, որովհետեւ թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՋԵՎԱՆՑԻ ՄՏԵՐԻՄՆԵՐԸ ՊԱՍԻՎԱՑԵԼ ԵՆ
Արցախում ռազմական պարտությունից հետո հանրության մեջ քիչ են երեւում, պասիվացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմները, որոնք Փաշինյանի կամքով քաղաքական կամ համայնքային պաշտոններ են ստացել։ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը նախկինում բավականին ակտիվ էր, հովանավորների ֆինանսավորմամբ Տավուշի մարզի Իջեւան, Նոյեմբերյան քաղաքներում կառուցապատման, բարեկարգման ծրագրեր է իրականացրել, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում կոյուղագիծ է փոխել եւ այդ մասին տեղեկատվությունը զետեղել Ֆեյսբուքի իր էջում։ Սակայն պատերազմի ընթացքում եւ հատկապես վերջին շրջանում Սիփան Փաշինյանը խիստ նվազեցրել է սոցիալական ցանցերում իր գրառումների թիվը։ Նոյեմբերի 1-ին Սիփան Փաշինյանն իր էջում տեղադրել է երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ Արցախին նվիրված նոր երգի կատարումը, սակայն Փաշինյանի էջի այցելուների մի մասը դժգոհություն է հայտնել այդ գրառման տակ: Հաջորդ եւ առայժմ վերջին գրառումը, որը Սիփան Փաշինյանը Ֆեյսբուքում կատարել է, եղել է նոյեմբերի 18-ին եւ դա եղել է Նիկոլ Փաշինյանի ուղերձը հայրենակիցներին։ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Իջեւան քաղաքի բնակիչ Վահե Ղալումյանը ես պասիվացել է, թեեւ նախկինում ակտիվ էր համացանցում։ Նա Ֆեյսբուքի իր էջում վերջին գրառումը կատարել է նոյեմբերի 19-ին՝ տեղադրելով սիրողական որակի, հեռախոսով նկարված մի տեսանյութ, որտեղ 80 տարեկան մի տղամարդ իջեւանցու բարբառով կոչ էր անում սատարել Նիկոլ Փաշինյանին, ասպարեզից հեռացնել կեղտոտներին, չքանդել Նիկոլի ոտքի տակը։ Վահե Ղալումյանի եղբայր, Նիկոլ Փաշինյանի կողմից 2019թ. սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը նախկինում ակտիվ գործունեություն էր ծավալում Իջեւան քաղաքի փողոցների ասֆալտապատման, բարեկարգման ուղղությամբ եւ այդ մասին տեղեկատվությունը մշտապես զետեղվում էր Իջեւանի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Համայնքապետարանի ինտերնետային կայքում վաղուց նոր նյութեր չեն տեղադրվում, վերջին գրառումը կատարվել է ավելի քան մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 22-ին։ Այդ տեղեկատվության մեջ քաղաքապետի պաշտոնակատարը հայտնել է, որ ստեղծվում է հայրենիքի պաշտպանության համար «Իջեւան» կամավորական ջոկատ, որին առաջինն ինքն է անդամագրվել, կոչ է արել համախմբվել, միանալ ջոկատին, մեկնել առաջնագիծ՝ համոզմունք հայտնելով, որ հաղթանակը մերն է լինելու։ Ի դեպ, այդ ջոկատն այդպես էլ Արցախի առաջնագիծ չի մեկնել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐԻՆ
Երեւանի ավագանին որոշում կայացրեց համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից եւ չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը որպես ձմեռային վառելափայտ անվճար հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքներին: Նախագիծը ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանը: «Երեւան քաղաքի ծառերի էտման եւ չորացած ծառերի հեռացման արդյունքում ներկայումս կուտակվել է շուրջ 500 խմ փայտանյութ: Նախագծով նախատեսվում է կուտակված փայտանյութն օգնության կարգով տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ հնարավորինս մեղմելու սոցիալական խնդիրները: Նախատեսվում է նաեւ, որ այդ ընտանքիների ցանկը, չափորոշիչները եւ հատկացվելիք փայտանյութի չափաքանակը եւ հատկացման կարգը սահմանվելու է Երեւանի քաղաքապետի որոշմամբ»,- նշել է Նազարյանը: Որոշումն ընդունվել է միաձայն՝ 40 «կողմ» ձայներով:
ԿՐԿԻՆ ՊՆ-Ի ՄՈՏ
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետեւանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած իրենց հարազատներին գտնելու ուղղությամբ: Քաղաքացիները որոշել են ակցիան շարունակել Ռուսաստանի դեսպանատան մոտ, իրենց խնդիրը բարձրացնել նաեւ այնտեղ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Կառավարության ղեկավարը լսել է ներկաներին, ներկայացրել պարզաբանումներ եւ պատասխանել նրանց հարցերին: Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր անհետ կորած անձանց ընտանիքների ներկայացուցիչներին ընդգրկվել ձեւավորված միջգերատեսչական աշխատանքային խմբում:
ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը: Նշվում է, որ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում եւ անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը։