Խորհրդարանն այսօր 36 կողմ, 56 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախաձեռնությունը։ Նման օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին էր։
«Սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոփոխվել է, բայց բոլոր սահմանափակումները դեռ շարունակում են մնալ»,- նիստի սկզբում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, հարցի հիմնական զեկուցող Գեւորգ Գորգիսյանը, որը կարծում է, որ Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված որոշ սահմանափակումներ տնտեսապես բացասական հետեւանքներ են ունենում:
«Իսկ այս սահմանափակումները վերաբերում են ժողովրդավարության հիմքերին` խոսքի ազատություն, մարդու ազատ տեղաշարժման իրավունք, հավաքների եւ գործադուլների ազատություն: Այս ամենը դեռ սահմանափակ է մնում, եւ դա ունենում է նաեւ բացասական հետեւանք տնտեսական տեսանկյունից: Բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր երկքաղաքացի են` հանդիսանում են այլ երկրի եւ Հայաստանի քաղաքացիներ, այսօր չեն կարողանում դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից, որպեսզի կարողանան իրականացնել իրենց տնտեսական գործունեությունը, մեկնել արտագնա աշխատանքի եւ գումարներ ուղարկել Հայաստան, իսկ մենք հասկանում ենք, որ մենք կանգնած ենք լուրջ տնտեսական ճգնաժամի շեմին, եթե ոչ արդեն այդ ճգնաժամի մեջ ենք», – հայտարարեց Գորգիսյանը:
Իշխող ուժն ու կառավարության ներկայացուցիչներն առաջարկում են ռազմական դրությունը հանել աստիճանաբար` փուլային տարբերակով: Այս պահին շուրջ 520 կմ երկարությամբ սահմանի պահպանության, զինվորների պատշաճ հերթափոխ կազմակերպելու եւ մի շարք այլ խնդիրներ կան, եւ սրանք Զինված ուժերի հիմնավորումներն են։
«Արդեն իսկ պատրաստ են նախագծերի փաթեթներ, եւ երբ կառավարությունը հաստատի դրանք, այս բոլոր խնդիրները հնարավոր կլինեն լուծել առանց ռազմական դրության պայմանների»,- հայտարարեց Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը։ «Այն տարբերակը, որ ներկայացված է քննարկման, անմիջապես ընդունելու եւ լրացուցիչ կարգավորումները միաժամանակ չընդունելու պարագայում խնդիրներ է առաջացնելու անվտանգային եւ պաշտպանական հարցերի վերաբերյալ»,- նշեց վերջինս։
Խմբակցությունների անունից ելույթների ժամանակ Էդմոն Մարուքյանը հորդորեց պատգամավորներին կողմ քվեարկել եւ հանել ռազմական դրությունը. «Ասացիք` դուք ուզում եք էս ռազմական դրությունը հանել, չեք ասում, բայց թաքուն, չեք էլ հերքում, որ սկսեք անվստահության գործընթաց, դրա՞ համար եք ուզում անեք, այսինքն` մեր սահմանադրական իրավունքները իրացնելու համա՞ր պիտի ամաչենք կամ վախենանք, էտ խի՞ եք սարսափում որ: Էնա հանեք, կսկսենք այդ պրոցեսը, բա ի՞նչ պիտի անենք, բա հո չե՞նք թողնելու երկիրը սենց»:
Ռուսաստանի կառավարությունը ամեն օր հայտարարություններ է տարածում, թե ինչ խնդիրներ են լուծում Արցախում։ «Այդ դեպքում դուք ինչի՞ համար եք, – դիմելով «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներին` հարցրեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը,-Ռուսաստանի գերատեսչությունները հայտարարություններ են տարածում, թե Արցախում ինչ խնդիրներ են ամենօրյա ռեժիմով լուծվում: Ո՞ւր են մեր գերատեսչությունների հայտարարությունները՝ այսքան փախստական վերադարձավ, ջեռուցումը միացվեց: Այսօր ՌԴ գերատեսչությունն է պրես ռելիզ տվել, որ Արցախում վերականգնվեց հանրային տրանսպորտը: Բա դուք ինչի՞ համար եք էս 88 հոգով աշխատավարձ ստանում, կառավարությունն ինչի՞ համար է պետք, էնա մարդիկ զբաղվում են նորմալ էլի»:
«Ռազմական դրությունն անհրաժեշտություն է, այդ թվում` Սոթքում տիրող իրավիճակի պատճառով»,- իշխող խմբակցության անունից ելույթի ժամանակ հայտարարեց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։- Ռազմական դրության ռեժիմն այս պահին անհրաժեշտություն է՝ հատկապես Սոթքում տիրող իրավիճակը հաշվի առնելով»:
Նիստը պարբերաբար թեժանում էր ընդդիմադիրների եւ իշխանականներիր միջեւ լեզվակռիվների պատճառով։ Կրքերը առավել բորբոքվեցին, երբ իշխանական Համազասպ Դանիելյանը իր ելույթում անդրադարձավ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանին, թե նա ադրբեջանական մամուլի գերաստղ է դարձել։ «Այդ նույն ադրբեջանական մամուլի գերաստղ ես», – նկատեց Դանիելյանը, որից հետո պատգամավորներին հանդարտեցնելու համար ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ստիպված էր ներս հրավիրել անվտանգության աշխատակիցներին:
Ն.Հ.
ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏ
Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր եւ հրաժարական է ներկայացրել մարզպետի պաշտոնը ստանձնելու համար:
ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դրական է գնահատել Ռուսաստանի քայլերն ու դերը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործընթացում: Շատ կցանկանայի շնորհավորել Ձեզ Կովկասում տեղի ունեցածի կապակցությամբ: Հասկանալի է, որ առանց ջանքերի չի լինում. կլինի քննադատություն, ամեն ինչ կլինի: Բայց այն, որ հիմնականում Ռուսաստանի շնորհիվ այս ջարդը դադարեցվեց, որ մարդիկ այնտեղ չեն մահանում, եւ որ չնայած ճանապարհի սկզբում ենք, սկսել ենք Կովկասում հարաբերությունների կարգավորման այս երկար ճանապարհը, դա շատ դրական եւ լավ նշան է: Մենք դիրքորոշումը հենց այսպիսին է»,- ասել է Բելառուսի ղեկավարը: Լուկաշենկոն պատմել է, որ ի սկզբանե խորասուզված էր Կովկասի տարածաշրջանի խնդիրների մեջ, լավ գիտի դրանք, եւ այդ թեման բազմիցս քննարկել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ:
ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է
Նոյեմբերի 26-ի հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130870 դեպք, որոնցից 103055-ն` առողջացած, 2068-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25228 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 498951 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք: Երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայուն է, 3-4 շաբաթ առաջվա համեմատությամբ մի փոքր բարելավվել է։ Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Երեկվանից չկան քաղաքացիներ, որոնք կլինեն ծանր վիճակում, եւ մենք չենք կարողանա նրանց տեղավորել։ Հուսով ենք, որ նման վիճակը կպահպանվի նվազագույնը առաջիկա մի քանի շաբաթներին»,-նշել է նա։
ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ իր գրասենյակի աշխատողները հոկտեմբեր ամսին պարգեւավճար են ստացել: «Ղեկավարվելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգեւատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի»,-ասված է Ավինյանի որոշման մեջ:
ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐ
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ, խոչընդոտներ: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում ԼՀԿ-ի նախաձեռնած՝ ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը: «Բոլորի համար ակնհայտ է, որ ռազմական դրությունը որեւիցե իրավական հենք չունի եւ իրականության մեջ որեւիցե գործողություն այլեւս չի համակարգում: Ավելին՝ ներկայումս ռազմական դրությունն իր հետ բերում է մի շարք խնդիրներ եւ խոչընդոտներ, որպեսզի թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս հնարավոր լինի ավելի արդյունավետ գործունեություն ծավալել, մասնավորապես՝ հնարավոր լինի օգտվել Սահմանադրությամբ ամրագրված մի շարք գործիքակազմերից՝ խաղաղ հավաքներից, քննարկումներից, եւ ստեղծված իրավիճակի պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել»,-ասել է Էնֆիաջյանը:
Պատգամավորը նաեւ դժգոհություն է հայտնել այն առիթով, որ ԱԺ-ի պաշտոնական կայքում հրապարակում են իշխող քաղաքական ուժի քաղաքական հայտարարությունները, իսկ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունները՝ ոչ:
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ
Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 10-ին, երկու լիբանանահայ է անհետացել: Այս մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մենք այսօր ունենք երկու լիբանանահայ, որոնք անհետացել են: Մեկ կին եւ մեկ տղամարդ անհետացել են Արցախում զինադադարից հետո: Գնացել են իրենց ունեցվածքը հանելու, եւ այդ մարդիկ չկան: Փորձում ենք պարզել, թե որտեղ են, բայց չենք կարողանում գտնել նրանց, թուրքերի մոտ են իրենց հեռախոսները»,- ասել է Սինանյանը:
Լիբանանահայերից մեկը հայրենիք է վերադարձել Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո` ցանկություն հայտնելով վերաբնակվել Արցախում: Նա ժամանակավորապես տեղավորվել է Շուշի քաղաքի հյուրանոցում մինչեւ բնակության համար հատկացվելիք տան հանձնումը: Պատերազմը սկսվելուց հետո տեղափոխվել է Գորիս, իսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո` նոյեմբերի 10-ին, մեկ այլ լիբանանահայ տղամարդու հետ Բերձորից ենթադրաբար մեկնել է Շուշի` իր իրերի հետեւից: Լիբանանահայերի հետ կապ հաստատել չի հաջողվել, իսկ ավելի ուշ թուրք կամ ազերի անձինք պատասխանել են նրանց հեռախոսին, սկզբում հայտնել, որ կինը գերի է, հետո նշել, թե սպանված է: Լիբանանահայ տղամարդու վերաբերյալ տեղեկություններ չկան:
Դեպքի վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, Կարմիր խաչին եւ Ազգային անվտանգության ծառայությանը: