ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ, ըստ իրեն, պետք է առաջիկայում նորից հանդես գալ ռազմական դրության մասին որոշումը չեղարկելու հարցով: Ըստ ԲՀԿ-ականի՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ-ում այլեւս ռազմական դրություն չլինի, քանի որ հստակ է, որ այս պահին այն անիմաստ է պահելը: Պետրոսյանը նշեց նաեւ, որ միայն դրա շնորհիվ կկարողանան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը սկսել:
-Պարո՛ն Պետրոսյան, կա՞ տարբերակ, որպեսզի հասնեք ռազմական դրության չեղարկմանը:
-Կարծում եմ, որ նախաձեռնությունը կրկնելու անհրաժեշտություն ունի եւ այս անգամ ոչ միայն ռազմական դրությունը հանելու, այլեւ վարչապետի նկատմամբ անվստահություն հայտնելու օրակարգում: Պարզապես պետք է առանձին պատգամավորների վճռականությունը լինի, եւ ամենաառաջինը, ես մեկ անգամ ասել եմ, նորից եմ կրկնում՝ պատգամավորի երդման տեքստի մեջ գրված է, որ նա երդվում է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե կոնկրետ անձանց, իսկ այս դեպքում Նիկոլ Փաշինյանին: Իսկ էն, որ այսօր «իրենց քայլը» ռազմական դրությունը հանելու դեմ քվեարկեց բացառապես մեկ նկատառումով՝ հնարավորություն երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սա աներկրբա է: Հետեւաբար իրենք զբաղված են սահմանադրական կարգի տապալմամբ, որովհետեւ զեկուցողների ելույթներում հնչում էին այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «հիմա հետպատերազմյան շրջան է»: Իսկ եթե հիմա հետպատերազմյան շրջան է, ի՞նչ գործ ունի ռազմական դրությունը Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ ակնհայտորեն կա Նիկոլ Փաշինյանի ցուցումը, քանի որ «իրենց քայլը» խմբակցությունը ծառայում է մեկ մարդու համար, եւ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Նրանք հեզ ու խոնարհ կատարում են Նիկոլ Փոշինյանի ցանկացած հրահանգ, եւ այդ հրահանգներից մեկն էլ ռազմական դրությունը երկարաձագելու դեմ քվեարկելն էր: Բայց պատմությունը շարադրվում է ամեն օր, եւ իրենք հաստատ երջանկահիշատակ չեն լինի պատմության էջերում:
-Պարո՛ն Պետրոսյան, առաջիկայում նորի՞ց եք փորձելու այդ հարցը բերել խորհրդարանի օրակարգ:
-Միգուցե հիմա նման պատասխանատու հայտարարություն չանեմ, բայց ես անձամբ փորձելու եմ, նախ, ներքաղաքական թիմին, հետո նաեւ՝ «Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին համոզել, որ մենք նորից նույն նախաձեռնությամբ հանդես գանք: Ամբողջ խնդիրն այն է, որ ամբիոնից չհնչեց որեւէ մասնագիտական եզրակացություն պարունակող կարծիք, որ այսօր ռազմական դրության պահպանումը դեռ անհրաժեշտություն է: Անգամ բանը հասավ նրան, որ այսօր անգամ եթե վերացնենք ռազմական դրությունը, միեւնույնն է, համավարակի հետ կապված արտակարգ իրավիճակը շարունակվում է: Իրենք չեն պատկերացնում խնդրի լրջությունը: Իրենք չունեն բարեկամներ, չեն հասկանում, որ մարդիկ տնից տեղից կտրվել են առանց աշխատանքի, առանց բարեկամների են: Արտերկրում ապրողները չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքներին: Իրենց նման բաները չեն հետաքրքրում: Իրենց հետաքրքրում է՝ միայն անվրեպ կատարեն երկրի գերագույն ինքնահռչակ հրամանատարի անօրինական ցուցումներն ու հրահանգները:
-Նաեւ նշեցիք, որ նպատակ ունեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել՝ իմպիչմենտի գործընթաց սկսել: Դա խանգարո՞ւմ է:
-Անվստահություն հայտնել չենք կարող՝ Սահմանադրության համաձայն, եթե սահմանված է ռազմական դրություն: Դրա համար մեր առաջին քայլը ընդդիմության ռազմական դրության վերացումն էր, որին պետք է հաջորդեր նաեւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը: Բայց իրենք վիժեցրին ռազմական դրությունը վերացնելու նախագիծը, հետեւաբար այս պահին անվստահություն հայտնելու մասին խոսք լինել չի կարող:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՅՈՒՆԱՆԱԼ
Շաբաթվա ընթացքում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում էր կայունանալ: Հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչպես նաեւ սադրանքներ չեն եղել ռուսական խաղաղապահ զորախմբի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով` հաջողվում է առանց լուրջ միջադեպերի ապահովել այս տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը:
«Նշված դրական միտումներն Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից հաստատված գծի ճշտության ծանրակշիռ ապացույցն են, եւ ներկայումս գործնականում լիարժեքորեն իրականացվում է կողմերի կողմից: Այս տրամադրվածությունը գերակշռում է նաեւ մեր արտասահմանցի գործընկերների շրջանում, ովքեր աշխարհաքաղաքականության կատեգորիաներով չեն մտածում` զրոյական գումարով խաղերի տեսանկյունից»,- շեշտել է Զախարովան:
Ընդ որում, ինչպես նշել է Զախարովան, նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող հարցերի ամբողջ համալիրը մնում է Ռուսաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
«Նոյեմբերի 23-ին եւ 24-ին Ռուսաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ մի շարք հեռախոսազրույցներ են տեղի ունեցել: Քննարկվել են ռուս խաղաղապահների աշխատանքի մոդուլյարությունը, բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը եւ, իհարկե, կրոնական եւ մշակութային օբյեկտների պահպանմանն ուղղված միջոցառումները: Այս թեմաները կենտրոնական էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ նրա նորանշանակ հայ գործընկերոջ հեռախոսազրույցների ընթացքում: Ընդհանուր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մտքերի մանրամասն փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահի եւ Թուրքիայի նախագահի միջեւ, ինչպես նաեւ` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի եւ Իրանի արտաքին գործերի նախարարի միջեւ: Այս շփումների վերաբերյալ մեկնաբանությունները հրապարակվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի կայքում»,- հայտնել է Զախարովան:
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ՝ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման եւ սահմանազատման, ինչպես նաեւ տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր: Նա հայտնում է, որ նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն՝ օրը մի քանի անգամ: Այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ են տարածվում՝ հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը եւ հաճախությունը:
Իսկ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է խաղաղ կյանքի վերականգնման գործընթացը: Քաղաքի էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը 95-97 տոկոսով վերականգնվել է: Վերսկսվել է նաեւ քաղաքային էլեկտրական ենթակայանների աշխատանքը: Զինվորականների խոսքով՝ ռուս խաղաղապահներն այժմ նաեւ տեղացի բնակիչներին օգնություն են ցուցաբերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման եւ ճանապարհների մաքրման աշխատանքների հարցում:
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Հայաստանում առեւտրի շրջանառության ծավալը 2020-ի հունվար սեպտեմբերին ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 42 մլրդ 609.9 մլն դրամ (4 մլրդ 218 մլն 525.2 հազ. ԱՄՆ դոլար) եւ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 11.4%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ մանրածախ առեւտրի ծավալն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 924 մլրդ 642.2 մլն դրամ, որը 2019-ի նույն ամիսների համապատասխան ցուցանիշին զիջում է 15%-ով, մեծածախ առեւտրի ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 1 տրլն 49 մլրդ 57.5 մլն դրամ եւ 7.1%։ Ավտոմեքենաների առեւտրի ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 22.6%-ով՝ մինչեւ 68 մլրդ 910.2 մլն դրամ. այս ցուցանիշը ներառում է միայն մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի եւ պարագաների վաճառքը, ինչպես նաեւ դրանց տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը: