ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐՑԱԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաեւ ԱՀ Ազգային ժողովի հետ եւ ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը եւ խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից եւ Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը»: Այսինքն՝ Հարությունյանը մինչեւ նման որոշում կայացնելը խորհրդակցել էր Արցախի քաղաքական վերնախավի հետ, որից հետո նոր դիմել էր ՀՀ վարչապետին՝ խնդրանքով ամեն գնով դադարեցնել պատերազմը: Ու պատերազմի դադարեցումից հետո թիվ մեկ խնդիրը այսօր Արցախի վերականգնումն է, Արցախը պետք է իր մեջքն ուղղի:

Հիմա փորձենք հասկանալ՝ քաղաքական առումով ինչ տարբերություն կա ՀՀ-ի եւ Արցախի իրավիճակներում: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կոնկրետ գնում է քաղաքական լարվածության լիցքաթափման եւ միասնականության հաստատման ճանապարհով: Իսկ որո՞նք են այդ քայլերը. հանրության կողմից սիրված, չվարկաբեկված, քիչ թե շատ ընկալված մարդկանց նշանակում է պատասխանատու պաշտոնների՝ կիսելով պատասխանատվությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար է նշանակվելու Մանե Թանդիլյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվելու է Արցախի անվտնագության խորհրդի քարտուղար՝ իր նախկին պաշտոնին։ Բացի այդ, Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու է Արթուր Թովմասյանը, որը նախագահ Հարությունյանի կուսակիցն է ու այդ պաշտոնում շուտով կնշանակվի ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Այսինքն՝ Հարությունյանը կոնկրետ իշխանություն պահելու խնդիր իր առջեւ չի դրել, «բաժանում է» իշխանությունը, որպեսզի միասնական Արցախ կառուցի։ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է սեւ-սպիտակներ, իմ ու քո-ի բաժանումը, պառակտումը Արցախում թույլ չտալու համար:

 

 

 

Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հետաքրքիր իրադարձություն է արձանագրվել: Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, երբ մի քանի ժամով գտնվում էին Հայաստանում, հասցրել են հանդիպել ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ու ՀՀ ռազմական ղեկավարությանը: «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ այդ օրը ուշագրավ զանգ է հնչել ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանին: Կառավարությունից Դավիթ Տոնոյանին տեղեկացրել են, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն ցանկանում է հանդիպել իրեն: Բնականաբար, համաձայնությունը տրվել է, այդ հանդիպումը կայացել է: Իսկ թե ինչ են խոսել նախկին ու ներկա նախարարները, մեզ այդպես էլ պարզել չհաջողվեց: Թերեւս կարելի է ենթադրել, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստանի պաշտպանության նախարարից հետաքրքրվել է, ի թիվս այլ հարցերի, թե ինչու հրաժարական տվեց:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ անհետ կորած զինվորների, գերիների ծնողների բողոքները լսելուց հետո ՀՀ վարչապետի որոշ թիմակիցներ նրանց ուղղորդել են Արցախ: Ծնողների մի մեծ խումբ մեկնել է Արցախի Հանրապետություն` հայտարարելով, թե պահանջում են իրենց զավակներին: Տեղեկացանք, որ ԱՀ իշխանությունները նրանց տեղավորել են տարբեր հյուրանոցներում, կեցության համար ապահովել պայմաններով: Ծնողներն այս օրերին շփվում են այն արցախցի պաշտոնյանների հետ, ովքեր գտնվում են ամենածանր հոգաբանական վիճակում: Վստահաբար կարելի է ասել, որ Արցախում չկա որեւէ պաշտոնյա, որը չունի անձնական կորուստ։ Մարդիկ իրենց բնակարաններն են կորցրել, բարեկամներին ու ընտանիքի անդամներին ու այս ծանր կացության մեջ պիտի սիրալիր շփվեն նաեւ անհետ կորածների ծնողների հետ, ինչը շատ դեպքում անհնար է անգամ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զինվորների հարազատները եղել են Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունում, որպեսզի գոնե նրանցից ինչ-որ տեղեկություններ ստանան, այն դեպքում, երբ ԱԻՆ աշխատակիցներն արդեն մոտ 20 օր է, զբաղված են թշնամու տարածքից ադրբեջանցիների ծաղրանքի, նվաստացումների ներքո հայ դիակների դուրս բերմամբ: Այսինքն՝ առանց այն էլ ծանր հոգեբանական վիճակում գտնվող մարդիկ պետք է մյուսներին սիրտ տան, մինչդեռ լավ կլիներ, որ ՀՀ իշխանությունները Արցախ ուղարկեն հոգեբաների մի մեծ խումբ, որը կաշխատի նախ արցախցի պաշտոնյաների, ապա նաեւ որդեկորույս ծնողների հետ:

 

 

Նոյեմբերի 28-ին հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «Մխիթար Գոշ» մեդալի է արժանացել, եւ շատերի համար անհասկանալի էր, թե նա ինչ է արել, որ արժանացել է այդ մեդալին: Բանն այն է, որ նոյեմբերի 28-ը Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրն է, սակայն հաշվի առնելով մեր երկրում ստեղծված անտրամադիր իրավիճակը՝ չեն նշել տոնը մեծ շուքով։ Մեդալը նա ստացել է ՀՔԾ աշխատողի տոնի կապակցությամբ։ Իսկ կոնկրետ ո՞ր արժանիքի համար։ Հարցն այն է, որ այս իրավիճակում շուրջ 30 նախկին եւ ներկա պաշտոնյաների են ՀՔԾ հարուցած մեղադրանքների առիթով տարել դատարաններ ձերբակալության համար, սակայն այդ գործերը իրավաչափության բացակայության հիմքով մերժվել են։ Եվ այս ամենի հիմքով փոխանակ ՀՔԾ կոնկրետ պաշտոնյաներ հեռացվեին աշխատանքից, դեռ  մեդալ են ստացել՝ ՀՔԾ պետի գլխավորությամբ։ Այ քեզ արդարություն։

 




Լրահոս