Հայաստանում ավելի շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից. հիվանդությունների ՙսեւ ցուցակ՚-ը գլխավորում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից եւ չարորակ նորագոյացություններից արձանագրված դեպքերը կազմում եմ ընդհանուր մահերի շուրջ երեք քառորդը: Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա 9 ամիսներին մահացել է 11 հազար 171 մարդ: Մեկ տարվա ընթացքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերն ավելացել են 825-ով: Բազմաթիվ մարդիկ երիտասարդ հասակում մահանում են հենց այդ հիվանդությունների պատճառով, քանի որ գումար չունեն սիրտ ստենտավորելու համար: Ըստ մասնագետների` Հայաստանում արյան շրջանառության համակարգի ամենատարածված հիվանդություններն են գերճնշումային համակարգի հիվանդությունները, սրտի իշեմիկ հիվանդությունը, ստենոկարդիան, սրտամկանի սուր ինֆարկտը: Մեր երկրում յուրաքանչյուր 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 200 սուր ինֆարկտի դեպք:
Հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի երկրորդ հորիզոնականում նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Իսկ Հայաստանում նորագոյացություններից մահացել է 4056 մարդ: Մասնագետները պնդում են, որ ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում նշված երկու հիվանդությունների աճի վրա: Իսկ դրանց կանխարգելումը որոշակիորեն կապված է մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ: Նորագոյացություններին հաջորդում են շնչառական օրգանների հիվանդությունները, որից մահացել է 1933 քաղաքացի:
Իսկ ահա Covid-19, վիրուսից այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում մահացել է 1043 քաղաքացի: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2019 թվականին կյանքի սպասվող միջին տեւողությունը տղամարդկանց համար կազմել է 73.1 տարի, իսկ կանանց համար` 79.5 տարի:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան