ԳՆԱՃԻ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԱՐԱԳԱՑՄԱՆ ԷԱԿԱՆ ՌԻՍԿԵՐ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկը վստահեցնում է, որ արտարժութային շուկայում աժիոտաժային տրամադրությունների հիմքեր չկան, ավելին՝ այս պայմաններում թե՛ ներկայում եւ թե՛ դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր առկա չեն:

 

«Մեր դիտարկումներով դրամի շարժի հիմքում ընկած իրական հատվածի հոսքերում (արտահանում, ներմուծում, դրամական փոխանցումներ, ՕՈՒՆ (օտարերկրյա ուղղակի ներդրումներ) եւ այլն) էական անհաշվեկշռվածություններ չեն ձեւավորվել։ Ուստի արտարժութային շուկայում աժիոտաժային տրամադրությունների հիմքեր եւս չկան։ Միեւնույն ժամանակ, եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում փոքր-ինչ բարձրացել էր, ապա ներկայումս այն կրկին նվազել է։ Սա նշանակում է, որ միջազգային կապիտալի շուկայում մեր տնտեսության արժութային ռիսկերը ներկայումս բարձր չեն գնահատվում»,- հայտնում են ԿԲ-ից:

Գլխավոր դրամատնից նկատել են, որ սրան զուգահեռ, բնականաբար, ՀՀ-ում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն է ունեցել ապագա տնտեսաքաղաքական հեռանկարների վերաբերյալ ձեւավորված անորոշությունը։ Փոխարժեքի զարգացումները, ի թիվս այլ բազում գործոնների, մշտադիտարկվում են Կենտրոնական բանկի կողմից դրանց՝ գնաճի վրա ազդեցության տեսանկյունից։ ԿԲ-ից հիշեցրել են, որ վերջին տարիներին բանկի վարած հետեւողական դրամավարկային քաղաքականության արդյունքում ներկայումս ունենք գնաճի ցածր եւ խարսխված մակարդակ (օրինակ՝ հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.3%):

«Այս պայմաններում թե՛ ներկայումս եւ թե՛ դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր առկա չեն։ Ավելին, ՀՀ ԿԲ-ն այսօր տիրապետում է լայն գործիքակազմի եւ նման ռիսկերի դրսեւորման պարագայում անպայման կարձագանքի իր ողջ հիմնական գործիքակազմով՝ երաշխավորելով գների եւև ֆինանսական կայունությունը»,- վստահեցնում են ԿԲ-ից:

Գլխավոր դրամատնից, սակայն, նկատել են, որ տարբեր գործոնների ազդեցության ներքո, ներառյալ առանձին էներգակիրների եւ այլ միջազգային գների փոփոխությունները, հնարավոր են առանձին ապրանքատեսակների գների փոփոխություններ: ԿԲ-ից շեշտել են, որ պարտադիր չէ, որ դա ռիսկեր առաջացնի երկրում ընդհանուր գների կայունության տեսանկյունից։ «Պետք է արձանագրել նաեւ, որ ինչպես ցույց է տվել տարիների փորձը, տարբեր տնտեսաքաղաքական զարգացումների պայմաններում արձանագրվել են տատանումներ (այդ թվում` փոխարժեքի), սակայն ԿԲ հետեւողական գործողությունների արդյունքում մշտապես ապահովել է գների կառավարելի ու ցածր մակարդակ եւ գործուն ու կայուն ֆինանսական համակարգ»,- եզրափակել են Կենտրոնական բանկից:

Նշենք, որ Հայաստանում վերջին շրջանում արտարժույթը թանկանում է: Ըստ ԿԲ-ի կայքում հրապարակված վերջին տվյալների՝ դեկտեմբերի 2-ին դոլարի փոխարժեքը կազմել է 509.14՝ աճելով 2.16 դրամով, եվրոյինը՝ 613.77՝ աճելով 6.36 դրամով, ռուբլունը՝ 6.73՝  աճելով 0.07: Պատերազմից առաջ, օրինակ, սեպտեմբերի 25-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել էր 485.27, եվրոյի փոխարժեքը՝ 565.05 դրամ, ռուբլունը՝ 6.28 դրամ:  Համեմատության համար, օրինակ, հոկտեմբերի 9-ին դոլարի փոխարժեը կազմել է 490.95 դրամ, եվրոյինը՝ 579.03 դրամ, ռուբլունը՝  6.36 դրամ:  ՀՀ կենտրոնական բանկը նոյեմբերի 24-ին հայտարարել էր, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ, շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում եւ անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը։

 

 

 

1277 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ը` առողջացած:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3453 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 519445 թեստավորում: Այսպիսով, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1277 նոր դեպք եւ 1433 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2254 (ավելացել է եւս 26-ով) դեպք:  Արձանագրվել է նաեւ մահվան 11 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է:

 

 

ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ԱՌԱՐԿԱՆԵՐ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության եւ տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում։ Ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաների մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտի հարավային հատվածներում: Սակրավորների կողմից ականազերծման ընթացքում մեկ օրում հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 100 պայթյունավտանգ առարկա: Պայթյունավտանգ առարկաները տեղափոխվում են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան եւ ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովմամբ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 38 հեկտար տարածք եւ շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն եւ սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 1100 պայթյունավտանգ առարկա:

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԱԾ ԱՆՁԱՆՑ

Հայաստանի կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետեւանքով տեղահանված եւ փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալած ֆիզիկական անձանց: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսորոպ Առաքելյանը, ներկայացնելով նախագիծը կառավարության նիստում, նշեց, որ աջակցություն կտրամադրվի այն ընտանիքներին,  որոնք հյուրընկալել են Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս եկած համայնքի հաշվառում ունեցող եւ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի Արցախում բնակված չափահաս քաղաքացիներին։ «Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձեւով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 հազար դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է, եւ 45 հազար դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է, որը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ենթակա չէ հարկման»,- ասաց Առաքելյանը։

Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝

2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,

2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչեւ հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

Դիմումին պետք է կցվի նաեւ հյուրընկալվողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:

Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվեու է ամսական միայն մեկ անգամ: Ընդ որում, սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցվելու է, եթե հյուրընկալվողը ներկայացնում է աջակցության տրամադրման դադարեցման դիմում՝ կացարանի տրամադրումը դադարելու հիմքով, կամ Արցախի Հանրապետության կառավարության կողմից հյուրընկալվողի՝ Արցախի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու տեղեկության դեպքում։

Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է դրամական օգնության գումարը բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: Նախագծի նպատակն է Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքների չափահաս բնակիչներին հյուրընկալող անձանց ֆինանսական վիճակի բարելավումը:

 




Լրահոս