«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը հապշտապ ուղարկվել է Ազգային ժողով, առաջին տրամաբանական հարցը՝ ինչու այդպես եւ ինչու այդ եղանակով, նշել է Երեւանի Պետհամալսարանի հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը։ Օրինագիծը համարվել է անհետաձգելի, որպես չզեկուցվող հարց ընդգրկվել Կառավարության անցած նիստի օրակարգում, ընդունվել առանց քննարկման ու խորհրդարան ուղարկվել։ Շատ դասախոսների ապշեցնում է այս շտապողականությունը. հազարավոր քաղաքացիներ անտուն են, գերիների, անհետ կորածների ու սահմանի հարցերը՝ դեռ չլուծված, ինչո՞ւ է այդ նախագիծն այդքան առաջնային։
«Մենք այսօր ունենք ռազմական դրությամբ պայմանավորված այնպիսի կարեւորության այդ խնդիրը, որ դա պետք է այդ ռեժիմո՞վ ուղարկվեր», – շեշտել է Արշալույս Գալստյանը։ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտն ասում է՝ իրենք այս նախագծի վերաբերյալ բազմաթիվ դիտողություններ են արել, սակայն դրանցից ոչ մեկը հեղինակները հաշվի չեն առնել։ Բուհերն ահազանգում են՝ այս նախագիծը վտանգի տակ է դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների եւ հետազոտությունների կարեւորությունը, գիտության կառավարումը։
«Ոչ մի տրամաբանություն չկա՝ ինչու պիտի Հայոց լեզու եւ գրականություն առարկան Հայաստանի Հանրապետությունում օտար լեզվի, ասենք՝ անգլերենի կամ ռուսերենի կողքին դիմորդի համար դրվի որպես կամընտրական։ Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչու, ենթադրենք միջազգային հարաբերություններում կամ տնտեսագիտականում պիտի պարտադիր սահմանվի նորմ, որ Մաթեմատիկա կամ Հայոց պատմությունը պարտադիր հանձնում է դիմորդը, իսկ այ Օտար լեզու եւ Հայոց երկու առարկաներից պիտի ընտրի մեկը։ Կա՞ որեւէ հստակ բացատրություն սրա համար, – նշել է Գալստյանը՝ շարունակելով: – Մեր մոտեցումը հետեւյալն է՝ պետք է Հայաստանի Հանրապետությունում հայագիտական առարկաները լինեն պետության հոգածության տակ»։ Օրենքի նախագծում տեղ է գտել մի դրույթ, որն այս օրերին ամենաշատն է քննարկվում. ըստ դրա՝ կրթության նախարարն է 5 տարի ժամկետով ռեկտոր ու տնօրեն նշանակում։ «Այս քայլով ցանկություն կա քաղաքական վերահսկողության տակ վերցնել բուհերը։ Բուհերում կսկսվի քաղաքական շատ ավելի լուրջ բախումներ, բոյկոտներ, հացադուլ, դասադուլ, ամեն ինչ կարող է այնտեղ լինել, անկանխատեսելի պրոցես կարող է սկսվել, ինչը լավ կլինի, որպեսզի մեր Կառավարությունը չփորձի անել», – ընդգծել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ, մաթեմատիկոս Սմբատ Գոգյանը։ Նրա գնահատականը եւս կոշտ է՝ սրանով կմարի Հայաստանում ակադեմիական ազատություն, ինքնավարություն ունենալու հույսը. – «Սա լինելու է ուժեղ գործիք, որը կօգտագործվի մոտակա հինգ տարիների ընթացքում, իսկ այդ ժամանակում աշխարհում կրթությունը, գիտությունը շատ ավելի առաջ կգնան, եւ մենք էլ ավելի հետ կընկնենք։ Ինձ թվում է՝ մենք շատ սխալ ուղղությամբ ենք գնում,այդ եվրոպական դրամաշնորհների միջոցով լավ ցանկությամբ իրականում անում ենք անպտուղ աշխատանք, մինչդեռ մենք պետք է ուսումնասիրենք, հասկանանք հիմնարար խնդիրները, որոնցից առաջինը ֆինանսավորումն է, կադրերի արտահոսքը՝ էդ խնդիրները հասկանանք ու մտածենք՝ դրանք ոնց լուծենք»,-ասել է նա։
Նախագիծը քննադատել է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանը չի բացառել՝ եթե Ազգային ժողովն այս նախագիծն այս տարբերակով ու առանց մասնագիտական հանրության դիտողությունները հաշվի առնելու ընդունի, ապա կդիմի Սահմանադրական դատարան։ Մասնագետները այս նախագծում այլ խնդրահարույց կետեր էլ են առանձնացնում՝ ռոտացիոն սկզբունքի, հանրային եւ մասնավոր բուհերի միջեւ խտրականության եւ այլ հարցեր։ Նախագծով, օրինակ, սահմանափակվում է ուսանողի մասնակցությունը բուհական կառավարմանը։
«Ուսանողները մասնակցության լիարժեք հնարավորություն բուհի կառավարմանը այլեւս ըստ էության չեն ունենում, որովհետեւ եթե այսօր նրանք բուհի կառավարման խորհրդում ունեն 25 տոկոս մասնակցություն, եւ ուսանողների այդ թվաքանակը որոշակիորեն կարողանում է բարձրաձայնել համայնքին հուզող խնդիրները, նոր նախագծով, եթե ես չեմ սխալվում, 12 անդամներից մեկն է լինելու, եւ նույնիսկ տոկոսային հարաբերությամբ այն բնավ չի մոտենում նախորդին», – նշել է ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը։
Մասնագետները պահանջում են անհապաղ հետ կանչել այս նախագիծը Ազգային ժողովից, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ անել։
Կրթության նորանշանակ նախարարը օրերս հանդիպել է ռեկտորների խորհրդի նախաձեռնությանը, ասել է, որ իդեալական օրենք գոյություն չունի, եւ ինքը նույնպես որոշ վերապահումներ ունի, բայց դրանք, ինչպես նաեւ ներկայացված մի շարք առաջարկությունները կքննարկվեն Ազգային ժողովում:
ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՎԻ՞ ԳՈՎԱԶԴԸ
Միջպետական, հանրապետական եւ մարզային ավտոճանապարհներին գովազդային վահանակների վրա սոցիալական գովազդի տեղադրման դեպքում, բացառությամբ բնակավայրերի սահմաններով անցնող տարանցիկ հատվածների, ինչպես նաեւ ավտոճանապարհի նեյտրալ գոտիներում գովազդային վահանակների վրա, յուրաքանչյուր քառակուսու արժեքը գովազդատուի համար 0 դրամ կլինի: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Ըստ նրա` նեյտրալ գոտիներում եւ միջպետական, հանրապետական եւ տարածաշրջանային ավտոճանապարհների պահպանվող գոտիներում տեղադրված դատարկ գովազդային վահանակների (բացառությամբ բնակավայրերի սահմաններով անցնող տարանցիկ հատվածների) յուրաքանչյուր քառակուսի մետրի համար հարկը 25 տոկոս կկազմի: Բացի այդ, ըստ փոխնախարարի, Հայաստանի կառավարության վարած քաղաքականության համաձայն՝ իրենք կշարունակեն ջանքեր գործադրել մարզպետարանների արդյունավետության բարձրացման, տարածքային զարգացման առումով անհամապատասխանությունները մեղմելու, ինչպես նաեւ վարչատարածքային բարեփոխումների շարունակական գործընթացն ապահովելու ուղղությամբ:
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԵՇՏԱՑԵԼ
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը: Փաթեթով նախատեսվում է հեշտացնել կուսակցությունների գրանցման եւ ստեղծման ընթացակարգերը: «Նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում ու հեշտացում կուսակցությունների գրանցման եւ ստեղծման հետ կապված: Շատ կարեւոր ուղղություն է կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության մեխանիզմների ընդունումը, այդ թվում՝ նաեւ, օրինակ՝ համագումարի լիազորությունների ընդլայնումը, որոշումների կայացման փակ, գաղտնի ռեժիմի ավելացումը, որպես օրենքի պահանջ»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ կարգավորումների զգալի մասի հետ կապված իրենք ստացել են նաեւ հանրության մոտեցումները: «Նախագծի առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետությունում ավելի առողջ քաղաքական դաշտ ունենալն է, այնպիսի կուսակցական համակարգ ունենալն է, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձակենտրոն, կլինեն հաշվետու եւ թափանցիկ»,- նշել է պատգամավորը:
ՈՐՔԱ՞Ն ԵՆ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին միջպետական, հանրապետական եւ համայնքային նշանակության ճանապարհների ասֆալտապատման մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել։ Ճանապարհաշինական ոլորտի մասնագետները, որոնք չցանկացան իրենց անունները հրապարակել, հայտնեցին, որ ճանապարհների կառուցապատման, ասֆալտապատման մրցույթներում որպես մեկնարկային գին նշվում է ծրագրի արժեքի մեծ թիվ, իսկ մրցույթը շահող կազմակերպությունն այն շահում է նախանշվածից զգալիորեն ցածր գումարի առաջարկով։ Դա նշանակում է երկու բան՝ կա՛մ ճանապահաշինական ծրագրերի նախահաշիվները ուռճացած թվերով են կազմվում, կա՛մ ծրագիրը շահած կազմակերպությունն այն իրականացնում է նախատեսվածից խախտումներով, թերություններով։ Հաճախ խախտվում է ծրագիրը իրականացնելու վերջնաժամկետը։ Նախկինում կառուցապատվող ճանապարհի եզրին տեղադրվում էր ցուցանակ, որի վրա գրված էր ծրագիրն իրականացնող, պատվիրատու եւ կապալու կազմակերպությունների անվանումները, ծրագրի արժեքը, ծրագրի մեկնարկի եւ ավարտի ժամկետները։ Ներկայումս կառուցապատվող քիչ հատվածներում են տեղադրված նման ցուցանակներ: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն «Ժողովուրդ»-ը գրավոր հարցում եմ ուղարկել,՝ խնդրելով հայտնել, թե ճանապարհաշինական որ կազմակերպություններն են տուգանվել ճանապահաշինական պահանջների խախտումների համար, ինչու տեղեկատվական ցուցանակներ չեն տեղադրվում։ Նախարարությունից հայտնել են, որ շինհրապարակներում հիմնականում տեղադրված են տեղեկատվական ցուցանակները, այն շինհրապարակներում, որտեղ դրանք բացակայում են, պատվիրատուի կողմից կապալառուին հրահանգվել է ապահովել նշված ցուցատանակների տեղադրումը։ Հաշվի առնելով, որ ճանապահաշինության ոլորտը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության իրավասության ոլորտում է 2019 թվականից, այդ նախարարությունը տրամադրել է միայն 2019-2020թթ. տուգանված ճանապարհաշինական ընկերությունների ցանկը եւ տուգանքի չափերը։ Վերջին 2 տարում տուգանվել է ճանապարհաշինական 23 ընկերություն, տուգանքի ընդհանուր չափը կազմում է 136 միլիոն 118 հազար 998 դրամ։ Այդ գումարի մեծ մասը կազմում է նախկինում Աժ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին փաստացի պատկանող «Վառմաշ» ՍՊԸ-ին է 77 միլիոն 334 հազար 590 դրամով 2019թ. արված տուգանքը։ Ճանապարհաշինական մեծածավալ ծրագրեր իրականացնող «Սուարդի» ընկերությունը եւ նախկինում Լինսի հիմնադրամի ճանապահաշինության ծրագրի ղեկավար Էդուարդ Բեզոյանի «Ճանապարհ» ՍՊԸ-ն տուգանվել են չնչին գումարներով, «Ճանապարհ» ՍՊԸ-ն 2019թ.-ին տուգանվել է 2 միլիոն 870 հազար 85 դրամով, 2020-ին՝ 86 հազար 45 դրամով, «Սուարդի» ԲԸ-ն այս տարի տուգանվել է 62 հազար 808 դրամով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ