ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԱՅԺՄ ՉԿԱ ՈՐԵՎԷ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ինստիտուտում, տեղի էր ունեցել միջազգային «Լազարեւյան ակումբի» խորհրդի արտահերթ նիստը: Մասնակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ինչպես նաեւ ռուս-հայկական հարաբերությունների եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վազգեն Մանուկյանը, որը հանդիսանում է 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուն: Սակայն այս նիստից զատ Պետդումայի ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը նաեւ հանդիպումներ է ունեցել «Դաշնակցության» անդամների հետ: Այս եւ այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Զատուլինի հետ:

 

-Պարո՛ն Զատուլին, Դուք հանդիպում եք ունեցել «Դաշնակցության» անդամների հետ: Ի՞նչ հարցեր եք քննարկել:

-Ես շատ հանդիպումներ եմ ունենում շատ գործիչների հետ: Ինչո՞ւ է Ձեզ հենց այդ հանդիպման վերաբերյալ այդպիսի հետաքրքրություն:

-Ես ցանկանում եմ իմանալ՝ արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է որպես վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հարցը:

-Ես շատ հարցեր եմ քննարկել, հետաքրքրվել Հայաստանում տիրող իրավիճակով, այն տեսակետով, որ կա Հայաստանի քաղաքական  ուժերի մոտ: Մենք անցկացրել ենք Լազարեւյան ակումբի նիստ, այդ մասին տեղեկություն հրապարակվեց: Իսկ հանդիպում դաշնակների հետ տեղի է ունեցել դրանից հետո, եւ մենք քննարկել ենք տարբեր հարցեր, ինձ պատմել են մի քանի տարբերակների մասին, որով հնարավոր է հարցը լուծել, այդ թվում՝ Փաշինյանի հրաժարական, անցումային կամ մշտական կառավարություն, որը կկարողանա վստահություն վայելել քաղաքական ուժերի մոտ եւ անհրաժեշտ աշխատանք կատարի:

-Իսկ Դուք ի՞նչ եք մտածում հենց Վազգեն Մանուկյանի թեկնածության մասին:

-Ես նրան վաղուց գիտեմ: Ձեր ուշադրությանը հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ մեր ծանոթությունը շատ վաղուց է եղել, մենք այս տարիներին հաճախ ենք հանդիպել, եւ ես հարգանքով եմ վերաբերվել նրա տեսակետներին, դա միշտ ինքնուրույն է եղել: Ապա մենք շարունակել ենք մեր շփումները նաեւ վերջին տարիներին, երբ նա արդեն Հանրային խորհրդի նախագահն էր: Երբ մենք որոշեցինք ստեղծել Լազարեւյան ակումբը, նա մասնակցեց առաջին նիստին եւ պաշտպանեց այդ որոշումը: Մենք ստեղծեցինք խորհուրդ, եւ նա եւս այդ կազմի մեջ է, եւ մենք մի քանի անգամ արդեն հանդիպել ենք: Վերջին նիստն արդեն այս տարվա նոյեմբերին էր՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո: Ինչ վերաբերում է իմ անձնական վերաբերմունքին, ապա ինձ համար նա խոշոր քաղաքական եւ հասարակական գործիչ է, նա մեծ դերակատարում է ունեցել Հայաստանի կայացման գործում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, եղել է առաջին վարչապետ, պաշտպանության նախարար, եւ եղել են լուրջ հաջողություններ նրա օրոք: Նրան չես անվանի պաշտպանության ոլորտից հեռու մարդ: Նրա թեկնածությունն ինձ համար հասկանալի է: Հույսերն են կապում, որ նա կարող է արտահերթ արդար ընտրություններ կազմակերպել, որը վաղ թե ուշ տեղի կունենա:

-Իսկ նիստի ժամանակ անդրադարձ  եղե՞լ է հենց եռակողմ հայտարարությանը:

-Նիստի ժամանակ մենք ամեն ինչ ենք քննարկել: Դա մենք չէինք կարող չքննարկել, քանի որ հասարակական կառույց է, որը պետք է հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդի: Եվ, իհարկե, մենք կոնֆլիկտի հենց սկզբից էինք ակտիվացել, փորձել էինք հանդես գալ տարբեր ձեւերով, միջոցներ հավաքել, որը դեռ մեզ մոտ է, եւ պետք է փոխանցենք այն:

-Չնայած տեսակետներ են հնչում, թե Նիկոլ Փաշինյանը չի նպաստել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, սակայն հենց օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, թե պետք է աջակցել Փաշինյանին: Ինչո՞վ կբացատրեք այս հանգամանքը:

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհանգստացած է, որ պատերազմը չվերսկսվի Լեռնային Ղարաբաղում: Պուտինն իր ստորագրությունն է դրել հայտարարության տակ, որը ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները կատարում են, եւ բնականաբար նա անհանգստացած է, որ ներքին հարցերի եւ զրագացումների պատճառով այդ հայտարարությունը չվտանգվի: Ընդ որում, ես մտածում եմ, որ Պուտինը լիակատար հասկանում է, որ Հայաստանը չի կարող այժմ պատերազմ վարել կրկին: Բնականաբար, նա առաջին հերթին խոսում է այն մասին, որ պետք է պահպանել խաղաղություն, եւ այն հանգամանքը, որ Փաշինյանը ստորագրել եւ կատարում է, դա է նրա խոսքը: Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ ով պետք է լինի իշխանության Հայաստանում, որոշում է հայ ազգը, հայ ժողովուրդը, այլ ոչ թե Պուտինը, ես կամ մեկ ուրիշը: Իսկ ժողովուրդը լիակատար իրավունք ունի իր որոշումը կայացնելու համար: 2018 թվականին Փաշինյանի նախորդը՝ Սերժ Սարգսյանը, զիջեց իր աթոռը: Սակայն այսօր՝ այս ամբողջ տեղի ունեցածից հետո, հայ ժողովուրդը հասկանում է, որ Հայաստանի դիրքերը վերականգնելու եւ հայ ազգի վստահությունն ու համարձակությունը բարձրացնելու համար, պետք են փոփոխություններ: Այժմ Հայաստանում տարբեր քաղաքական ուժեր, եկեղեցու ներկայացուցիչներ հանդես են գալիս հայտարարություններով, որ Փաշինյանը չկառչի աթոռին եւ փոխանցի այն: Կառավարության հանդեպ այժմ չկա որեւէ վստահություն, եւ ցանկացած քայլ, թեկուզ դրական, վստահություն չի ներշնչում:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմի ամրապնդմանը:

Այս մասին ասել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ: Նշելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԻԻՀ դիրքորոշումն եւ աջակցելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»՝ Ռոհանին գոհունակություն է հայտնել պատերազմի ավարտի եւ «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման» ու հրադադարի ռեժիմի սահմանման կապակցությամբ: Ռոհանին պատրաստակամություն է հայտնել կառուցողական դեր ունենալ հրադադարի ռեժիմի ամրապնդման գործում:

Ընդգծելով տնտեսական եւ առեւտրային համագործակցության զարգացման համար Իրանի եւ Ադրբեջանի սահմանների օգտագործման անհրաժեշտությունը՝ Իրանի նախագահն ասել է. «ԱՄՆ-ում Թրամփի դարաշրջանի ավարտից եւ այդ երկրում նոր իշխանության գալուց հետո մենք զգում ենք, որ երկրներն ավելի լավ պայմաններ կունենան համագործակցության համար»:

Նա նաեւ հայտարարել է «Ադրբեջանի ազատագրած շրջանների վերականգնման» գործում Իրանի մասնակցության պատրաստակամության մասին: Նշենք, որ, երեկ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Իրան, որտեղ հանդիպումներ  է ունեցել իրանցի պաշտոնակցի, երկրի նախագահի ու խորհրդարանի ղեկավարի հետ։

 

 

ՀՐԱՏԱՊ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Նիդերլանդների խորհրդարանը միաձայն բանաձեւ է ընդունել Արցախի բնակչության մշտական անվտանգության ապահովման եւ կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին: Նիդերլանդների խորհրդարանի պատգմավորներ Վան դեր Գրաֆի, Ֆորդեւինդի, Օմցիխտի եւ Բիսխոպի համատեղ մշակված բանաձեւում նշված է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման, տեղի բնակչության համար ամուր անվտանգության ապահովման եւ կարգավիճակ որոշելու գործընթացի նախաձեռնման հրատապ անհրաժեշտություն կա: Այդ նպատակով կոչ ենք անում կառավարությանը ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

 

 

 

ՄՈՒՐԱԴՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է

Ղարաբաղում ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նագիեւի հետ: Վերջինս այցելել է Քարվաճառի եւ Լաչինի շրջաններ:

 

 

ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանղաքի «Մեր բակ» անվանումը կրող մանկապարտեզի աշխատակիցների կողմից մանկապարտեզի սաներին առերեւույթ ծեծի ենթարկելու եւ հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն:

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ

Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: «Հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արարատի մարզպետի պաշտոնում աշխատեցի 2,5 տարի: Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լծվել եմ մարզը զարգացնելու,  մեր բնակիչների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործին։ Ժամանակն, իհարկե, բավարար չէր, որպեսզի մեր նախանշած բոլոր ծրագրերը կյանքի կոչեինք, սակայն այս ընթացքում կատարվեցին բավականին շատ աշխատանքներ, որոնք հեղափոխությունից առաջ տարիներ շարունակ չէին իրականացվել»,-հայտնել է նա: Վերջինս վստահեցրել է, որ այս 2,5 տարում եղած ռեսուրսով արվել է մաքսիմումը, ինչը հնարավոր էր անել: Կատարված աշխատանքների մասին նա խոստացել է առաջիկայում ներկայացնել մանրամասն հաշվետվություն։

 




Լրահոս