Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Պատասխանելով սենատոր Բեն Քարդինի հարցին ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է, որ Վաշինգտոնը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում եւ խորապես ցավում մարդկային կյանքի կորուստների վերաբերյալ՝ ներառյալ բազմաթիվ խաղաղ բնակիչների: «Մարդկանց կյանքերը հնարավոր չէ վերադարձնել»,-նշել է Ռիկերը:
«Մենք շարունակում ենք շեշտել, որ այդ երկարատեւ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Գոյություն ունի մարմին՝ Մինսկի խումբն ու համանախագահները, որոնք կոչված են օգնելու երկու կողմերին, այսինքն` Հայաստանին եւ Ադրբեջանին գտնել հակամարտության կարգավորումը: Վերջին մոտ 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մոտ էինք խաղաղության հաստատմանը: Ես հիշում եմ իմ կարիերայի սկզբին, երբ մենք Մինսկի խմբի համանախագահության առաջատար դիրքում էինք եւ ակտիվ բանակցություններ էինք վարում 2000-2001թթ. Քի Ուեսթում: Մենք իսկապես մտածում էինք, որ մոտ ենք կարգավորմանը կամ համարյա այնտեղ ենք: Սակայն դա դարձավ պատրանք»,- ընդգծել է Ռիկերը:
Նա կարեւորել է Մինսկի խմբի ու համանախագահների դերը վերջին երեք տասնամյակում փխրուն խաղաղության պահպանման հարցում: Նրա կարծիքով՝ դրա շնորհիվ հնարավոր եղավ խուսափել բռնության այնպիսի դրսեւորումներից, որոնք գրանցվեցին վերջին շրջանում:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ այստեղ երկարաժամկետ ռազմական լուծում չկա: Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ եւս ուրիշ արդյունք գրանցել»,- նշել է Ռիկերը:
Նա շեշտել է՝ կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ համանախագահներն այս հարցում լավագույն միջնորդներն են: «Մենք աշխատում ենք մյուս համանախագահ երկրների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ»,-ասել է պետքարտուղարի տեղակալը:
«Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: Չափազանց մտահոգված էինք եւ հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների եւ տրամադրվող զենք-զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»,- ընդգծել է Ռիկերը:
Նա հայտնել է, որ այս հարցերը շարունակում են մտահոգել Վաշինգտոնին եւ գտնվում են Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկխոսության օրակարգում: Ռիկերը տեղեկացրել է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը շաբաթվա վերջում նախատեսում է մյուս համանախագահների հետ մեկնել Բաքու եւ Երեւան, ուր կքննարկվեն խաղաղ գործընթացի վերականգնման եւ դիվանագիտական հարթակ վերադառնալու հարցեր: «Մենք ուշադրությամբ կհետեւենք այս գործընթացին եւ կշարունակենք բարձրացնել այս հարցերը այլ երկրների հետ քննարկումների ժամանակ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն այս առումով ճիշտ հարթակ է: «Մենք պարզապես կարող ենք հուսալ, որ տեւական խաղաղության կհասնենք, որպեսզի ստիպված չլինենք ականատես լինելու մարդկային նոր կորուստների եւ քաղաքացիական բնակչության տառապանքների, որոնք գրանցվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում»,- նշել է Ռիկերը:
Ռիկերը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը միջոցներ է հատկացնում՝ փորձելով օգնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Նա խոստացել է այս հարցի վերաբերյալ սերտ կապ պահպանել ամերիկացի օրենսդիրների գրասենյակների եւ Հելսինկյան հանձնաժողովի հետ:
ՄԻՊ-Ը ԿՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆ
Դիմել եմ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները:
Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Այս հարցով Բարձր դատարանից հետ էի վերցրել որոշ ժամանակ առաջ հասցեագրած դիմումս, քանի որ Կառավարության հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ բարեփոխումներով արագ լուծում կտրվի այս հարցին: Սակայն հաշվի առնելով, որ դրանից հետո Կառավարությունը չընդունեց, որ առկա է սահմանադրականության խնդիր, ու այդպիսով փոփոխություններ չեն իրականացվել՝ նորից եմ դիմել Սահմանադրական դատարան՝ հաշվի առնելով, որ խնդիրը շարունակում է մնալ արդիական։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 300.000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով՝ 1.000.000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որեւէ բացառություն չի կարող արվել։ Մասնավորապես, տուգանքները նշանակվում են առանց անհատականացման. դրանք չեն նշանակվում՝ հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը: Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։ Խնդրահարույց է նաեւ տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց եւ/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող եւ մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչեւ ձեռնարկատիրական գործունեության դադարեցման:
Իմ դիրքորոշմամբ՝ վերոնշյալ վիճակը չի ապահովում տնտեսական եւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական՝ ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության հարկային մարմինների կողմից»։
ԳՅՈՒՂԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՆԵՐԸ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ
Պետական սուբվենցիոն ծրագրով՝ ծրագրի արժեքի 45 տոկոսը՝ Բերդի համայնքապետարանի, 55 տոկոսը՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, Բերդ համայնքի Այգեձոր, Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Վարագավան բնակավայրերում մշակույթի տների տանիքների եւ լուսամուտների հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում: Բերդի համայնքապետարանից հայտնեցին, որ ծրագրի ընդհանուր արժեքը 71 միլիոն 160 հազար դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորումը կազմում է 32 միլիոն 22 հազար, Բերդ համայնքի ներդրումը՝ 39 միլիոն 138 հազար դրամ:
ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԿԵՐՏՈՒՄԸ ԻՋԵՎԱՆՈՒՄ
Երկուսուկես տարի առաջ՝ թավշյա հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւան քաղաքում սկսվեց նրա պաշտամունքի կերտումը։ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, 2014թ. այդ պաշտոնից ազատված, իջեւանցի 70-ամյա բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը 2018թ. հոկտեմբերին 177-էջանոց գիրք ձոնեց Նիկոլ Փաշինյանին, որը վերնագրված է` «Իջեւան մոլորակից իջած փրկիչը»: Այդ չափածո գրքի տպագրության համար Լյուբիկն այդ ժամանակ Իջեւանի քաղաքապետարանից դիմումով խնդրել եւ ստացել է 220 հազար դրամ։ Իջեւան քաղաքի բնակիչ Լյուբիկ Չիբուխչյանի Նիկոլ հայրը, ինչպես Նիկոլ Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանը, ծնունդով Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղից են:
2018թ. Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին՝ Ճամբարակի խաչմերուկից տասնյակ մետր հեռավորությամբ՝ 1990-ական թվականներից չգործող երկաթուղային կամրջի հենապատին, անհայտ անձի կողմից մեծ տառերով գրվեց «Նիկոլաշեն»։ Այդ գրառումը մինչեւ հիմա առկա է։ Այդտեղից Իջեւան քաղաք մոտ 18 կմ է, սակայն գրողը նկատի է ունեցել Իջեւան քաղաքը, ոչ թե մոտակա գյուղը՝ Դիլիջան համայնքի մաս կազմող փոքրիկ Հովք բնակավայրը։ 2020թ. նոյեմբերի 10-ին անհայտ անձը կամ անձինք կոտրել էին Իջեւանի հյուսիսային մուտքի մոտ Նիկոլ Փաշինյանին խորհրդանշող քայլող մարդու արձանի գլուխը։ Քանդակը կերտվել եւ տեղադրվել էր իջեւանցի քանդակագործ Արմեն Դավթյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով։ Վնասված արձանը ներկայումս գտնվում է Իջեւանի քաղաքապետարանի տնօրինության տակ, քաղաքապետարանը մտադիր է արձանը վերանորոգել, սակայն մտադրություն չկա այն նորից տեղադրելու։ ՀՀ ոստիկանությունից պարզեցինք, որ արձանը վնասելու կապակցությամբ դեռ նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ հարուցված չէ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ