Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն 123 գերիների վերաբերյալ դիմումներ են առկա: Ընդ որում, 123 հայ գերիներից 28-ը խաղաղ բնակիչներ են, այսինքն՝ քաղաքացիական անձինք, իսկ մնացածն էլ ռազմագերիներ են: Ընդ որում, միայն նախօրեին Ստրասբուրգի դատարանում Հայաստանի ներկայացուցիչը 15 նոր դիմում է ուղարկել, այդ թվում պատերազմի ավարտից հետո Բերձոր մեկնած ու ճանապարհին անհետացած երկու լիբանանահայերի՝ Մարալ Նաճարյանի ու Վիգեն Էուլջեքյանի վերաբերյալ։ Նկատենք՝ ադրբեջանական կողմը օրեր առաջ Վիգենին ներկայացրել էր որպես վարձկան ահաբեկիչ ու հինգ մեղադրանք ներկայացրել։
ՄԻԵԴ ուղարկվող միջանկյալ միջոցի կիրառման դիմումներով հայկական կողմն ակնկալում է ստանալ մի քանի հարցերի պատասխաններ, նախ հաստատում գերի լինելու վարկածի վերաբերյալ, արդյոք բժշկական օգնություն ստացել է թե ոչ, և փոխանակման հնարավորության վերաբերյալ տեղեկատվություն։ Սակայն Ադրբեջանը դատարան ուղարկված 57 դիմումներից 15-ին է պատասխանել, բայց տեղեկատվությունը խիստ թերի է:
Իսկ Հայաստանին վերադարձված երեք գերիները տարեց մարդիկ են, մեկ կին և երկու տղամարդ Շուշիի, Ասկերանի ու Հադրութի շրջաններից։ Նրանցից մեկը 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է, ադրբեջանական կողմը ավելի վաղ ծերունուն նվաստացնող տեսանյութ էր տարածել։ Կույր մարդը պարզապես չէր հասցրել հեռանալ Շուշիից և Ադրբեջանի հսկողության տակ էր մնացել իր քաղաքի հետ միասին։
Թե քանի՞ հայ գերի է պահվում Ադրբեջանում, վերջնական թիվ չկա։ ՄԻԵԴ դիմումներում 123 անուն-ազգանուններ են։ Հայաստանն ու Ադրբեջանը նաեւ Կարմիր խաչին ցուցակներ են փոխանցել, և դրանք այժմ ճշտվում են։ Թե քանի՞ ադրբեջանցի է Հայաստանում, դա էլ չի հրապարակվում:
Մանրամասները՝ տեսանյութում