Սահմանադրական դատարանն այս տարի եւ հաջորդ տարվա առաջին ամիսներին մի քանի կարեւոր նախագծեր պետք է քննարկի եւ որոշի՝ դրանք համապատասխանում են սահմանադրականությանը, թե ոչ: Նախ՝ դեկտեմբերի 25-ին գրավոր ընթացակարգով նախատեսված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը: Սակայն նշենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանն այս հարցով ՍԴ էր դիմել դեռ 2019 թվականի դեկտեմբերին, սակայն ՍԴ-ում տեղի ունեցող գործընթացները հետ գցեցին, դրա համար դիմումը քննարկվելու է ուղիղ մեկ տարի անց: Իսկ դիմելու պատճառն էլ այն էր, որ օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ: Նա նկատել է՝ ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել եւ անհետեւանք մնալ դատարանի համար: Արդեն փետրվարին քննարկվելու է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների իրականացման, Ազգային ժողովի կանոնակարգե սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ եւ 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Նշենք, որ այս դիմումով ընդդիմադիր խմբակցությունները պահանջում էին սահմանադրական փոփոխությունների գործընթացն առ ոչինչ համարել: Սահմանադրական դատարանը որոշել է դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։ Որպես պատասխանող կողմ՝ ներգրավված են հանրապետության նախագահը, Ազգային ժողովն ու կառավարությունը: Այստեղ ուշագրավն այն է, որ հենց այս փոփոխությունների արդյունքում են այժմ Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանն ու Երվանդ Խունդկարյանը զբաղեցնում ՍԴ անդամի պաշտոնը, իսկ Հրայր Թովմասյանն էլ նախագահից դարձել է շարքային անդամ: Ստացվում է՝ Սահմանադրական դատարանի անդամներից 9-ից 4-ը քննելու են մի դիմում, որն անմիջականորեն հենց իրենց է վերաբերում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը նոյեմբերի 10-ի գիշերը, հենց ԱԺ-ում տեղեկանալով, որ քաղաքական իշխանություններն Արցախի կապիտուլացիայի փաստաթուղթ են ստորագրել, հայտնվել է շատ ծանր վիճակում եւ հարձակվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա՝ ասելով, թե դու դավաճան ես։ Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ, երբ նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շատ կոպիտ ու կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ու իշխանություններին մեղադրել է Ադրբեջանին սադրելու, պատերազմ հրահրելու ու վերջում նման խայտառակ փաստաթուղթ ստորագրելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայրապետյանն այնքան վրդովված ու զայրացած է եղել ստեղծված իրավիճակից, որ խմբակցության պատգամավորներն են հորդորել հանդարտվել, քանի որ վերջինս ելույթի ժամանակ անգամ արտասվել է: Նկատենք, որ այդ օրվանից մինչեւ այժմ Տաթեւիկ Հայրապետյանի հետ անհնարին է դարձել խոսելը. նա ինքնամփոփ է դարձել։ Արդեն տեւական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է զրուցել Տաթեւիկ Հայրապետյանի հետ, սակայն պատգամավորը հայտարարում է, որ իսկապես ի վիճակի չէ որեւէ բան խոսել, որեւէ հարցի պատասխանել:
Դատախազական համակարգում եւս արշալույսները խաղաղ չեն: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունում մի շարք դատախազներ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ խոսակցությունների ժամանակ հասկացրել են, որ իրենք ապօրինությունների չեն գնալու, նման որոշումներ չեն կայացնելու եւ ռիսկի չեն դիմելու՝ հաշվի առնելով այս վերջին շրջանում մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու ոչ իրավաչափ դեպքերը: Նրանք Դավթյանին ասել են՝ որեւէ ապօրինության չեն գնալու, եւ եթե իրենց որեւէ բան ստիպեն անել, ապա դիմումներ են գրելու եւ պաշտոնից ազատվեն: Եվ, մեր տեղեկություններով, հենց սա է պատճառը, որ չի բացառվում՝ առաջիկայում Գլխավոր դատախազությունում եւս պաշտոնանկությունների շարք սկսվի, եւ իրենց պաշտոններից ազատվելու դիմումներ գրեն բարձրաստիճան դատախազներ անգամ: Ամեն դեպքում, դատախազներն այդ մասին ասել են ոչ միայն իրենց անմիջական ղեկավարներին, այլ հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւս:
Աշխատանք փնտրողների թիվը 2020թ. հոկտեմբերի դրությամբ կազմել է 88356 մարդ, ինչը 4893 մարդով կամ 5.9%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 6638 մարդով կամ 8.1%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2020թ. հոկտեմբերի դրությամբ կազմել է 60416 մարդ, ինչը 1515 մարդով կամ 2.4%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 5582 մարդով կամ 8.5%-ով պակաս է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջին ամսական անվանական աշխատավարձը (աճողական) 2020 թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 186428 դրամ, ինչը 7714 դրամով կամ 4.3%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 17910 դրամով կամ 10.6%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Բացասական են միտումներն արտաքին առեւտրի ոլորտում. արտաքին եւ փոխադարձ առեւտրի առեւտրաշրջանառության ծավալը 2020թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 5,689.0 մլն դոլար, ինչը 731.5 մլն դոլարով կամ 11.4%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 335.4 մլն դոլարով կամ 5.6%-ով պակաս է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 2020թ. հունվար-հոկտեմբերին կազմել է -1,580.7 մլն դոլար, ինչը 540.5 մլն դոլարով կամ 25.5%-ով պակաս է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից եւ 442.0 մլն դոլարով կամ 21.9%-ով պակաս է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: