ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտություների կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր «Գործարար միջավայրի բարելավման արդի մարտահրավերները՝ դատաիրավական բարեփոխումների ներքո» խորագրով երկօրյա աշխատաժողով։ Մասնակցել են պետական եւ մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱԺ պատգամավորներ Սուրեն Գրիգորյանն ու Եղիշե Սողոմոնյանը, ներկայացուցիչներ՝ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններից, Կենտրոնական բանկից, Պետական եկամուտների կոմիտեից, Բանկերի միությունից,  առեւտրային բանկերից, խորհրդատվական ընկերություններից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաեւ ոլորտային փորձագետներ ու իրավաբան-գիտնականներ։

 

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ դատաիրավական բարեփոխումների ներքո մինչեւ այժմ քննարկված ու իրականացված հիմնական օրակարգային հարցերը շոշափել են հանրային ոլորտի թեմաներ, ուստի այս համատեքստում կարեւորվում է մասնավոր ոլորտի, գործարար միջավայրի բարելավմանը ուղղված հարցերի քննարկումը, որոնք ներառված են աշխատաժողովի օրակարգում: «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտություների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տ. Դադունցը ներկայացրել է աշխատաժողովի ընթացքում քննարկվելիք թեմաների շրջանակը` կորպորատիվ եւ արբիտրաժի ոլորտների բարեփոխումներ, էլեկտրոնային պայմանագրերի դաշտի բարելավում եւ կրիպտոակտիվների իրավական կարգավիճակի հստակեցման ուղղությունները։

Կորպորատիվ ոլորտում նախատեսվող փոփոխությունների շրջանակում քննարկվել են աշխատակիցերի բաժնետիրացման, բաժնետոմսերի համախմբան (կոնսոլիդացիայի), բաժնետոմսերի դասակարգման կառուցակարգերի վերանայման, բաժնետոմսերի պարտադիր գնման եւ վաճառքի պահանջի վերաբերյալ կարգավորումների ներդրման, կորպորատիվ կառավարման մարմինների իրավասությունների արդյունավետ տարանջատման եւ բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական դաշտի արդիականացմանն ուղղված մի շարք հարցեր։

Արբիտրաժի ոլորտի բարեփոխումների շրջանակներում քննարկվել են ոլորտի օրենսդրության վերանայման հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ Հայաստանում արբիտրաժային նոր կենտրոն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Ներկայացվել են արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծման ամփոփ օրակարգը՝ կազմակերպաիրավական ձեւ, ֆինանսավորում, կառուցվածք, արբիտրաժային կանոններ, արբիտրների (այդ թվում` միջազգային) ներգրավման ուղիներ, վճարներ, այլ երաշխիքներ: Անդրադարձ է եղել նաեւ էլեկտրոնային պայմանագրերի իրավական կարգավորումների արդիականացման եւ կրիպտոարժույթների իրավական կարգավիճակի հստակեցման ու կանոնակարգումների նախատեսման անհրաժեշտության հարցերին:

Օրակարգային հարցերի շուրջ ծավալվել են քննարկումներ եւ բանավեճեր աշխատաժողովի հյուրերի եւ բանախոսների մասնակցությամբ, որոնց ժամանակ հնչած առաջարկությունները եւ դիտարկումները հիմք կհանդիսանան բարեփոխումների իրականացման եւ քննարկված փաստաթղթերի լրամշակման համար մինչեւ դրանց սահմանված կարգով շրջանառությունը:

 

 

ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ՝ 7 ՕՐՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է կորոնավիրուսի համավարակի կամ պատերազմական գործողությունների հետեւանքով մահանալու փաստի առկայության դեպքում կրճատել ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրման ժամկետը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է երկրում ստեղծված համավարակային եւ պատերազմական գործողությունների հետեւանքով մահացած անձանց ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգության բացման օրվանից ժառանգներին հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրելու անհրաժեշտությամբ։ Ներկայումս, օրենսդրական կարգավորման համաձայն, ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո։ Նշված իրավակարգավորումը որոշ դեպքերում բացասական ազդեցություն է ունենում տնտեսավարող սուբյեկտների հետագա գործունեության վրա։ Մասնավորապես, եթե մահացած անձը հանդիսանում է իրավաբանական անձի միակ մասնակիցը կամ բաժնետերը եւ միաժամանակ նաեւ տվյալ իրավաբանական անձի տնօրենը, ապա համապատասխան բաժնեմասի, ինչպես նաեւ ժառանգատուի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների ժառանգության գործընթացը գործող օրենսդրական կարգավորումների համատեքստում կատարվում է ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո, ինչը գործնականում խոչընդոտներ է առաջացնում տվյալ ընկերության հետագա գործունեության համար»,- նշված է նախագծի մեջ:

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում հնարավոր կլինի ժառանգության բացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր, եթե ժառանգատուի մահը պայմանավորված է COVID-19 համավարակով կամ պատերազմական գործողություններով, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կստանան շարունակել իրենց բնականոն գործունեությունը։

 

 

ԵՌՕՐՅԱ ՍՈՒԳ

Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից կհայտարարվի եռօրյա սուգ, պատերազմում նահատակների հիշատակին նվիրված արարողություններ կկազմակերպվեն: Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը: Եվ այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի, նաեւ կկազմակերպվի հիշատակի երթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր»,-ասել է ՀՀ վարչապետը:

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՀԱՅԵՐԻՑ

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Բելարիչենսկի հայ համայնքի բարեգործների հատկացրած ֆինանսական միջոցները Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի ուղղորդմամբ հատկացվել են Արցախում այս տարի տեղի ունեցած պատերազի ընթացքում վիրավորված դիլիջանցի զինծառայողներին: Ֆինանսական օգնություն են ստացել 3 տասնյակից ավելի զինվորականներ: Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը բարեգործության համար երախտագիտություն է հայտնել  Բելարիչենսկի  հայ համայնքին՝ ի դեմս համայնքի ներկայացուցիչներ Արկադի Գեւենյանի եւ Սերգեյ Աֆյանի:

 

 

ԴՊՐՈՑԸ ԿՐՈՒՄ Է ՀԵՌԱՑՆՈՂԻ ԱՆՈՒՆԸ

ԵՊՀ  ժուռնալիստիկայի ֆակուլտետը 1996թ. հիմնադրել, այդ ֆակուլտետը  մինչեւ իր մահը՝ 2007թ. նոյեմբերի 20-ը ղեկավարել է է հայ գրականագետ, հրապարակախոս,  ծագումով  Իջեւանից  Գառնիկ Անանյանը, ով մինչ այդ  երկար ժամանակ ղեկավարել է համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ Նա Իջեւանի շրջանի երկարամյա ղեկավար Ջեմմա Անանյանի հարազատ եղբայրն էր։ 1991թ. Նիկոլ Փաշինյանը ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, որը 1996թ. վերափոխվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի։ 1995թ. կառավարության որոշմամբ Նիկոլ Փաշինյանը հեռացվել է Երեւանի պետական համալսարանից։  Նիկոլ Փաշինյանը գրել է, որ ԵՊՀ պրոռեկտորներից մեկի հետ հանդիպման ժամանակ իրեն պարզ է դարձել, որ իր հեռացման պատճառը ոչ թե ցածր առաջադիմությունն է,  դասերից՝ բացակայությունները, այլ Գառնիկ Անանյանի քրոջ՝ Ջեմմա Անանյանի վերաբերյալ իր քննադադատական հոդվածը։ Հենց Գառնիկ Անանյանն է  եղել Նիկոլ Փաշինյանին համալսարանից հեռացնելու նախաձեռնողը։ 2017թ. նոյեմբերի 18-ին՝ Գ. Անանյանի մահվան 10-րդ տարելիցի շեմին,  Իջեւանոմ տեղի է ունեցել Իջեւանի ավագ դպրոցը Գ. Անանյանի անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությունը։ Ավագ դպրոցի մուտքի մոտ Գառնիկ Անանյանի արձանի բացման պատիվը վերապահվել է Գառնիկ Անանյանի կնոջը՝  Նեկտարին, եւ Մինա թոռնուհուն, քանդակի հեղինակը Գետիկ Բաղդասարյանն է։ Հանդիսավոր արարողության ժամանակ  օրհնանքի խոսք է ասել Հայ առաքելական եկեղեցու  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ելույթ է ունեցել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։ Իջեւանի ավագ դպրոցի տնօրեն Գայանե Էդիլյանին հարցրի, թե դպրոցի անվականոչման ժամանակ Գառնիկ Անանյանի հարազատների կողմից խոստացվել է դպրոցում նորոգման աշխատանքներ կատարել, դրանք արվել են արդյոք: Դպրոցի տնօրենն ասաց, որ  Գ. Անանյանի կինը եւ աղջիկը խոստացել էին դպրոցի մարզադահլիճը նորոգել եւ կահավորել, այդ աշխատանքներն իրականացվել են։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ 

Տավուշ

 

 




Լրահոս