Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը պետության գլխավոր առաջնահերթությունն է, քանի որ առանց անվտանգ միջավայրի հնարավոր չէ մնացած ոլորտներում հաջողություններ ու զարգացում արձանագրել. իր ուղերձում շեշտում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

 

«Մի կողմից ունենք պատերազմի հետեւանքով շուրջ երկուսուկես անգամ երկարած շփման գիծ ադրբեջանական կողմի հետ, կոնկրետ հատվածներում անմիջական մոտեցում մեր որոշ բնակավայրերի եւ խիստ սահմանափակված՝ Մայր Հայաստանի հետ հաղորդակցության միջոցներ, մյուս կողմից ունենք սուղ մարդկային ու տեխնիկական միջոցներ եւ սահմանափակ ժամանակ նոր առաջնագիծն ամրացնելու համար, իսկ երրորդ կողմից ունենք ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությամբ եւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ներկայությամբ պայմանավորված անվտանգության երաշխիքները:

Այժմ Արցախի իշխանությունները կատարում են հնարավոր ամեն ինչ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում առկա անվտանգային մարտահրավերների չեզոքացման ու անորոշությունների հստակեցման ուղղությամբ, որոնց մի մասը կախված է նաեւ ամենաբարձր մակարդակի միջազգային բանակցությունների արդյունքներից: Այնուամենայնիվ, անկախ առկա օբյեկտիվ դժվարություններից՝ մեկ բան ակնհայտ է մեզ համար, այն է՝ Պաշտպանության բանակը ողջ հայության աջակցությամբ շարունակելու է իր գործառույթներն ու ջանքերը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք լրացվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի երաշխիքներով», – նշում է Հարությունյանը:

Նրա խոսքով` ադրբեջանական կողմը շարունակում է իր մշտական սադրիչ վարքագիծը, որի օրինակներից են վերջին օրերի նրանց գործողությունները Խծաբերդի ու Բերդաձորի հատվածներում: «Պաշտպանության բանակի զինծառայողների եւ ռուս խաղաղապահների կողմից կանխվել են ադրբեջանական զինծառայողների տարբեր սադրանքներ, իսկ երեկ երեկոյան նրանց դուրս են մղել Շուշիի Հին շեն գյուղի մերձակայքից: Այս օրերին Բերդաձորի ուղղությամբ ոչ մի անձ չի տուժել, իսկ հակառակորդին թույլ չի տրվել մուտք գործել որեւէ բնակավայր: Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, եւ այժմ Պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Ես անձամբ հետեւողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: Նրանց արագ ու անվտանգ վերադարձը հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, եւ արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ», – հայտարարել է Արցախի նախագահը:

Վերջինս նաեւ նկատում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի ստանձնած խաղաղապահ մանդատն Արցախում՝ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ու ձեւավորված շփման գծի խախտումները հստակ անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի եւ՛ միջնորդական ջանքերի, եւ՛ խաղաղապահ մանդատի նկատմամբ: «Ուստի Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին աշխատում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի համատեղ կանխենք ադրբեջանական սադրանքները, իսկ Պաշտպանության բանակը, իհարկե, զուգահեռաբար կատարում է իր պարտականությունները եղած հնարավորությունների սահմաններում», – ընդգծում է Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը նաեւ ասում է, որ պատերազմից հետո պատրաստ է եղել վայր դնել նախագահի իր լիազորությունները, սակայն մի քանի հիմնական պատճառով չի գնացել այդ քայլին. «Նախ՝ արդյո՞ք հետպատերազմյան հումանիտար աղետի առերեսված ու բազմաթիվ զրկանքների մեջ խրված Արցախը, արագ համախմբվելու եւ ժողովրդի առկա կարիքներով զբաղվելու փոխարեն, պետք է անցներ քաղաքական լարվածության ու կառավարման անկայունության մի երկարատեւ փուլ: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է. առնվազն անմեղսունակ պետք է լինել ժողովրդի դարդերը թողնելու եւ ներքաղաքական պայքարի կրկեսը մտնելու համար: Երկրորդ՝ արդյո՞ք արտաքին ու անվտանգային լրջագույն մարտահրավերների պայմաններում որեւէ մեկը համոզված է, որ պատշաճ կամ նույնիսկ նվազագույն չափով երաշխավորված միջավայր ունենք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու եւ կայացնելու համար: Երրորդ՝ պետք չէ մոռանալ նաեւ սահմանադրական կարգավորումների մասին, որոնք այնպես են կառուցված, որ այս փուլում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են առաջացնել սահմանադրական ճգնաժամ՝ խորացնելով ընդհանուր պետական ճգնաժամը: Չորրորդ ?? վերջապես՝ ես պատասխանատվությունից խուսափող մարդ չեմ, հակառակը՝ այս ծանր շրջանում ստանձնում եմ լրիվ պատասխանատվություն մեր հայրենիքն ու ժողովրդին հետպատերազմյան ճգնաժամից հանելու հարցում: Իսկ ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում իմ եւ այլ պաշտոնատար անձանց գործողություններին ու վարքին, ապա ողջունում եմ հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից իրավապահ մարմիններ ներկայացված հաղորդումը հնարավոր պետական դավաճանության ու այլ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ: Ես պատրաստ եմ ամբողջությամբ աջակցել իրավապահ մարմիններին արդյունավետ քննություն անցկացնելու այդ գործի մասով, պատրաստ եմ նաեւ անձամբ պարզաբանումներ ներկայացնելու: Իսկ ինչ վերաբերում է հետաքննության արդյունքներին ու դրանցից բխող գործողություններին, ապա ոչ միայն պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը, այլ նաեւ պարտավոր եմ իմ լիազորությունների շրջանակներում հնարավորինս կատարել կոնկրետ հարցերում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ վերհանված խնդիրները լուծելու ուղղությամբ»:

Ն.Հ.

 

 

 

ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ՀԵՏ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

 

 

 

ՄԻՐԶՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, սահմանների հստակեցմանը, գերիների վերադարձին եւ ներքաղաքական գործընթացներին առնչվող հարցերի շրջանակ։ Երկուստեք կարեւորվել է ներքաղաքական կայունության հաստատումը։

 

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է

Ազգային ժողովը դադարեցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները։ Ազգային ժողովը հիմք է ընդունել պատգամավորի՝ հրաժարականի մասին դիմումը։ Արամ Խաչատրյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 9-ին։ Լոռու մարզից ընտրված պատգամավորը նշել էր, որ մանդատից հրաժարվում է գործադիրում աշխատանքը շարունակելու նպատակով։

 

 

ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Ջոն Գալագերը նշանակվել է Միացյալ Թագավորության դեսպան Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացավ Միացյալ Թագավորության կառավարության կայքից: Գալագերն իր պաշտոնը կստանձնի 2021-ի մարտին:

 

 

 

ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Երեկ գյուղացիները փակել են Շիրակի մարզի Քեթի գյուղ տանող ճանապարհը։ Նրանք հայտարարել են, որ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերի մեջ տեսել են իրենց հարազատներին՝ գերության մեջ։ Ցուցարարներն իշխանություններից պարզաբանում են պահանջում։ Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ ու տեսանյութեր են տարածվում, թե 100 հայ է գերեվարվել Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայ զինվորների գերեվարման մասին տեսանյութերի առնչությամբ ՊԲ-ից պարզաբանումներ է սպասում։ Իսկ, ահա, Արցախի պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան դեռեւս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Նախարարության փոխանցմամբ՝ շարունակվում են որոնողական աշխատանքները։

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Այվազյանն ու Ռեյնսալուն անդրադարձել են հայ-էստոնական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի: Մտքեր են փոխանակվել նաեւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության շուրջ: Արտգործնախարարները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները կարեւորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

 

 

ՊՈՒՏԻՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ

Պուտինը դեկտեմբերի 18-ին կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստը կկայանա Ուզբեկստանի Հանրապետության նախագահության ներքո տեսահամաժողովի ռեժիմով: «Ծրագրվում է ԱՊՀ շրջանակում քաղաքական, առեւտրատնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների եւ ընթացիկ վիճակի քննարկում: Կքննարկվեն նաեւ կորոնավիրուսի վարակի տարածման դեմ պայքարում փոխգործակցության հարցերը, կարծիքներ կփոխանակվեն միջազգային եւ տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ:




Լրահոս