ՄԻՊ-Ի ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԻՍՏ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրում ստեղծված այս պատասխանատու օրերի իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել լարվածության բերող որեւէ տեսակի զարգացում:

 

Հանրային իշխանության մարմինները, գործող պաշտոնյաները պարտավոր են օրինակելի լինել իրենց խոսքով ու պահվածքով հանուն համերաշխության ու համախմբվածության՝ անկախ քաղաքական կամ որեւէ այլ տեսակի հայացքներից: Նույն սկզբունքով մեծ դեր ունեն նաեւ հանրային ճանաչում ունեցող անձինք:

Ֆորմուլան հստակ է. գործող պաշտոնյաների նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի պահանջները խիստ են, քանի որ այդ անձինք ունեն իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սպառիչ սահմաններով: Բայց դա չի նշանակում, թե որեւէ պահանջից դուրս են ոչ պաշտոնյա հանրային գործիչները: Երկրում համերաշխության համընդհանուր մթոնոլորտի երաշխավորման հրամայականը հատկապես հանրային ճանաչում ունեցող անձանցից է պահանջում դրսեւորել օրինակելի խոսք ու պահվածք:

Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Դա հատկապես կարեւոր է այս պատասխանատու ու զգայուն իրավիճակներում:

Հատկապես ողջունելի գործառույթ են կատարում հանրային այն գործիչներն ու իրավապաշպանները, որոնք իրենց գործողություններով ու խոսքով են կանխում լարվածության ցանկացած դրսեւորում, ցույց են տալիս բռնության անթույլատրելիությունը, նպաստում են հանրային համերաշխությանը:

Պաշտոնյաներն ու հանրային ճանաչում ունեցող անձինք չպետք է կատարեն այնպիսի գրառումներ կամ մեկնաբանություններ կամ ունենան այնպիսի ելույթներ, որոնք թեկուզ ուղղակի կամ անուղղակի վիրավորանք կամ ատելություն են պարունակում:

Ցավոք, սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ վտանգավոր աստիճանի են ատելություն ու վիրավորանք, բռնության կոչեր ու սպառնալիքներ տարածող, նույնիսկ ներքին թշնամանք հրահրող մեկնաբանություններն ու գրառումները:

Այս ամենին նպաստում է կազմակերպված գործող կեղծ էջերով ու օգտատերերով ատելության ու վիրավորանքի տարածումը:

Ուստի, բոլորին խնդրում ենք սոցիալական ցանցերում որեւէ կերպ չներքաշվել նման քննարկումների: Պաշտպանը խնդրում է ուշադրություն չդարձնել այդ քննարկումներին ձեզ ներքաշելու սադրանքներին, ուղղակի պետք է անտեսել դրանք: Դրանցով տարածվող ատելությամբ երկրում մթնոլորտը միայն ավելի է լարվում:

Մարդու արժանապատվությունը վիրավորել ու իրար նկատմամբ ատելություն տարածել չի կարելի: Դա ավելացնում է լարվածությունն ու բարձրացնում բռնության հավանականությունն իրական կյանքում:

Պետք է միշտ հիշել, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ու մենք պետք է հարգանքով վերաբերվենք միմյանց խոսքի ու կարծիքի նկատմամբ՝ ինքներս պահպանելով նշված կանոնները: Այս ողջ գործընթացում իրենց պարտականությունները պետք է բարեխիղճ կատարեն պետական մարմինները՝ գործելով իր կարգավիճակի առավելագույն սահմաններով:

Պետք է ապահովել անմիջական հաղորդակցություն քաղաքացիների հետ կանխելու համար որեւէ տեսակի ապատեղեկատվություն ու պետք է անհապաղ արձագանքել լարվածության տանող ցանկացած ապատեղեկատվության: Պետք է զգոն լինեն իրավապահ մարմինները եւ կանխեն կամ բացառեն իրենց իրավասությանը վերաբերող ցանկացած տեսակի ապօրինի արարք, բայց բացառապես մեկ պայմանով՝ սեփական գործողություններում ապահովելով իրավունքի գերակայություն ու հավասար մոտեցում բոլոր իրավիճակների նկատմամբ:

 

 

ՇՈՒՐՋ 60 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է. «Հայ նոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկության շուրջ կապ եմ հաստատել մի շարք մարմինների ու տեղում գտնվող որոշ զինծառայողների հետ: Ըստ իմ հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, որն էլ երեւում է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում: Բացարձակ անընդունելի է այս միջադեպը, որը պետք է արագորեն ու խստորեն քննվի իրավապահ մարմինների կողմից՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը: ԱՀ եւ ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին եւ վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից»:

 

 

ՊՆ-Ի ՄՈՏ

Երեկ Պաշտպանության նախարարության առջեւ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներից ու հարազատներից ոմանք, կարողանալով հաղթահարել նախարարության տարածքի մուտքը պահպանողների պատնեշը, մտել են ներս։ Մյուսները սպասել են դրսում։ Նրանք պահանջում են հանդիպում նախարարության պատասխանատուների հետ։ «Իմ քրոջ որդին՝ Մխիթարյան Սարգիսը, 2 տարի 3 ամիս ծառայեց, տարան գլուխը կերան… Մեկը ասում ա՝ անհետ ա կորել, մեկը ասում ա՝ չկա։ Խեղճ քուրս չի կարում տեղերից հելնի, որ գա բողոքի։ Ամուսինն ա ընգած Ղարաբաղի քուչեքը…Գալիս ա ստեղ, ասում են՝ գնա Ստեփանակերտ, գնում ա Ստեփանակերտ՝ գնա Թութակներ, Թութակներից Մարտունի, Հադրութ: Ձեռ են առնում։ Հոկտեմբերի 27-ից մինչեւ հիմի էդ էրեխուց տեղյակ չենք», – հազիվ զսպելով արցունքները՝ ասում էր մի կին։ «Ամեն օրը դուռը բացվում ա, ասում ենք՝ էսօր կգա, վաղը կգա։ Սեպտեմբերի 22-ից գնացել ա, մինչեւ էսօր չկա։ Անհետ կորածների մեջ են գցել: Խի տե՞նց ա… Էս իրեք ամիս ա, քշում են Ուլնեցի, գնա ստեղ, գնա ընտեղ, փաստերով գնում ենք, ոչ մի օգնություն չկա։ Գերեզման էլ չունենա՞ էդ էրեխեն։ Բոլորիս համար ա գնացել էդ էրեխեն, բոլորիս: Ասում են՝ հետաքննությունը գնում ա, ո՞ւր ա։ Պատերազմը պրծավ, հրադադարը պրծավ, ամեն ինչը պրծավ, բա ո՞ւր ա իմ էրեխեն, ո՞ւր ա…»,- ասել է հավաքվածներից մեկ այլ ծնող:

 

 

ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՎԵՐԱՑՐԵԼ ԵՆ

Ռուսաստանի իշխանությունները մասնակիորեն վերացրել են ադրբեջանական արտադրության գյուղմթերքի ներկրման վրա դեկտեմբերի 10-ին սահմանված արգելքը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության ոլորտի վերահսկողական ծառայությունը (ՀՏրրպսՖւՏջվՈՊջՏՐ)՝ ընդգծելով, որ մեղմացումները վերաբերում են լոլիկի արտադրությամբ զբաղվող ադրբեջանական ընկերություններից միայն մեկին՝ Խիզիի շրջանում գտնվող «Ագրոտերմ» կոնցերնին։ Գյուղմթերքի ներկրման արգելքի մասնակի վերացման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալության հետ բանակցությունների արդյունքում։ «Բանակցությունները շարունակվում են, այժմ քննարկվում է եւս երկու ադրբեջանական ջերմոցային տնտեսությունների համար ներկրման արգելքը վերացնելու հարցը», – հաղորդում է ռուսական գործակալությունը։

Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնությունը լոլիկի մատակարարման առաջատարներից է։ Ռուսական պաշտոնական աղբյուրների տեղեկություններով՝ միայն այս տարվա 10 ամիսներին Ադրբեջանից Ռուսաստան է արտահանվել շուրջ 170 հազար տոննա լոլիկ, որի ընդհանուր գումարային ծավալը կազմել է 190 միլիոն ԱՄՆ դոլար։ Ադրբեջանական ընկերությունները այսօր վերահսկում են Ռուսաստանի լոլիկի շուկայի 38 տոկոսը։ ՀՏրրպսՖւՏջվՈՊջՏՐ-ն արգելել էր ադրբեջանական լոլիկի եւ խնձորի ներմուծումը Ռուսաստան: ՀՏրրպսՖւՏջվՈՊջՏՐ-ում ադրբեջանական բանջարեղենի եւ մրգի էմբարգոն բացատրել են ռուսաստանցիների առողջության մասին հոգատարությամբ: Ադրբեջանին բազմիցս նախազգուշացվել է, որ իրենց արտադրանքը սանիտարական նորմերին չի համապատասխանում:

 

 

ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002 թվականին ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը: Այս մասին հայտնել են Արցախի պաշտպանության բանակից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 




Լրահոս