Ադրբեջանական ուժերը հոկտեմբերի 8-ին միտումնավոր են թիրախավորել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին՝ խախտելով պատերազմի վարման միջազգային կանոնները. պնդում է հեղինակավոր Human Rights Watch միջազային կազմակերպությունը երեկ հրապարակած ծավալուն զեկույցում։ «Մի քանի ժամվա տարբերությամբ իրականացված երկու հարձակումները ենթադրում են, որ եկեղեցին, որը մշակութային նշանակություն ունեցող քաղաքացիական օբյեկտ է, դիտավորյալ է թիրախավորվել այն դեպքում, երբ որեւէ ապացույց չկար, որ այն օգտագործվում է ռազմական նպատակներով», – հայտարարում է հեղինակավոր կառույցը։
Նախագահ Իլհամ Ալիեւը պնդում էր, թե եկեղեցին պարզապես սխալմամբ է հայտնվել ադրբեջանական բանակի թիրախում, մինչդեռ կազմակերպության փորձագետներն ուսումնասիրել են տեղում առկա զենքերի մնացորդները եւ արձանագրել, որ ադրբեջանական բանակը ոչ թե պատահական կրակ է բացել, այլ օգտագործել է հատուկ կառավարվող զինատեսակներ։ Հեղինակավոր կազմակերպությունը զրուցել է խաղաղ բնակիչների հետ, ովքեր հարձակման պահին եղել են տաճարում կամ դրա անմիջական հարեւանությամբ։ «Այդ պահին եկեղեցու ներսում մի քանի երեխա կար, ես ուղղակի գրկել էի նրանց ու փորձում էի համոզել, որ վախենալու կարիք չկա», – պատմել է 71-ամյա Վովա Զաքարյանը։
Առաջին ռմբակոծությունից վնասվել էր եկեղեցու առաստաղը, պայթյունի հետքերը տեսանելի էին նաեւ մերձակայքում։ Դրանք պատկերող լուսանկարներն ու տեսանյութերը շատ արագ տարածվեցին համացանցում, փաստում է իրավապաշտպան կառույցը՝ մանրամասնելով՝ շրջանառվող լուսանկարներում երեւացող զինատեսակների մնացորդները համապատասխանում են այն զինամթերքին, որը կարող է ճշգրիտ կերպով ուղղվել կոնկրետ թիրախի վրա հեռակառավարման վահանակի օգնությամբ։ Միեւնույն օրը՝ մի քանի ժամ անց, եկեղեցին երկրորդ անգամ է հարձակման ենթարկվել։
Դեպքի վայր ժամանած ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը, որը եւս վիրավորվել էր Սուրբ Ղազանչեցոցի վրա կատարված հարձակման ժամանակ, պատմել է. «Ես մի ահավոր պայթյուն լսեցի, դա այնքան հզոր էր, որ ընկերս վայր ընկավ, փորձում էր հարցնել՝ կենդանի եմ ես, թե չէ, ես էլ փորձում էի հասկացնել, որ ողջ եմ, բայց չէի կարողանում, քանի որ հայտնվել էի փլատակների տակ»։
«Գլխի, պարանոցի, որովայնի, վերջույթների շրջանում ստացած վնասվածքներից բացի, Կոտյոնոկը նաեւ թոքի վիրավորում էր ստացել եւ գլխուղեղի ցնցում, դեպքից մեկ շաբաթ անց նա դեռ գլխացավեր ուներ եւ լսողության խնդիրներ»,- փաստում է Human Rights Watch-ը։
Միջազգային մարդասիրական իրավունքը, որ հայտնի է որպես պատերազմի վարման օրենք, պահանջում է բոլոր դեպքերում եւ բոլոր հանգամանքներում տարանջատել քաղաքացիական օբյեկտները ռազմական թիրախներից, հարգել մշակութային ժառանգությունը եւ չվնասել կրոնական եւ պատմական հուշարձանները։ «Այդ օրենքի լուրջ խախտումները համարվում են պատերազմական հանցագործություն, եւ կառավարությունները պարտավոր են հետաքննել այդ մասին մեղադրանքները եւ արդարացի պատասխանատվության կանչել մեղավորներին», – փաստում է իրավապաշտպան կառույցը։
Հեղինակավոր կազմակերպությունը հիշեցնում է՝ հոկտեմբերի 15-ին BBC-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել էր, թե Բաքուն պատրաստ է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, միայն թե դրա համար ադրբեջանցի իրավապահները պետք է դեպքի վայր հասնեն։
«Հետաքննելու համար մենք պետք է այնտեղ լինենք։ Ես մի քանի անգամ ասել եմ՝ դա կամ մեր հրետանու կողմից թույլ տրված սխալմունք է կամ միտումնավոր սադրանք հենց հայերի կողմից», – ասել էր նա։ «Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է, եւ կառավարությունը պետք է ժամանակ չկորցնի՝ հետաքննելու Սուրբ Ղազանչեցոցի վրա իրականացված հարձակումներն ու պատասխանատվության կանչելու մեղավորներին»,- հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Հյու Ուիլյամսոնը։
Սա Human Rights Watch-ի արդեն երրորդ զեկույցն է՝ ղարաբաղյան պատերազմի մասին վերջին մեկ շաբաթվա մեջ։ Ռազմական գործողությունների ողջ ընթացքում ակնդետ հետեւելով զարգացումներին՝ կազմակերպության փորձագետները փաստել էին, որ երկու կողմն էլ կիրառել է արգելված զինատեսակներ խաղաղ բնակչության դեմ։
Նոյեմբերի սկզբին այցելելով Ադրբեջան՝ իրավապաշտպաններն արձանագրել էին կասետային ռումբերի օգտագործման չորս դեպք՝ մեկը՝ Բարդայում, երկուսը՝ Գորանբոյում, մեկն էլ՝ Թարթարի շրջանում։ Բարդայում կատարված հարձակումից, ըստ իրավապաշտպան կազմակերպության, 21 խաղաղ բնակիչ զոհվել էր, 70-ը՝ վիրավորվել։ «Երբ հարձակումը սկսվեց, ես թաքնվեցի այստեղ: Սմերչով էին խփում, ռումբերն այս ու այն կողմ էին թափվում, մոտ 7-8-ն ընկան մեր տարածքում», – պատմել էր Գորանբոյի շրջանի բնակիչ Անար Սաֆարովը։ Ադրբեջանի կողմից կիրառված կասետային ռումբերի մասին կազմակերպությունը մի քանի անգամ էր ահազանգել։ Հիշեցնելով, որ BBC-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն այս մասին մեղադրանքները կեղծ՝ «ֆեյք նյուզ» էր որակել, Human Rights Watch-ը գնացել էր դրանց հետքերով ու փաստել՝ ադրբեջանական բանակի թիրախում են եղել ոչ միայն բնակելի շենքերը, դպրոցներն ու ծննդատունը, այլեւ գազի խողովակաշարերն ու էլեկտրական ցանցերը։
ՍՊԱՌՆՈՒՄ Է
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմական եւ քաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը: «Նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը սպառնում է ապակայունացմանը: Դա, իհարկե, մարտահրավեր է ներգրավված բոլոր կողմերի եւ պետությունների համար»,- ասել է նա: Նրա խոսքով՝ այդ պատճառով ԱՄՆ-ն հատուկ ուշադրություն է դարձնում հումանիտար իրավիճակին, որի մասին նոյեմբերին մասամբ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ: Ա. Սարգսյանը հանդիպում է ունեցել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենադպիր Ռադիկ Կարապետյանի, Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հրաչյա Կարապետյանի, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի, «Պաշտպան Հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի, «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի, «Արդարություն» կուսակցության նախագահ Արթուր Բալոյանի հետ: Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի, այն հանգուցալուծելու ուղիների շուրջ: Կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են արտահայտել իրավիճակի վերաբերյալ:
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ԿԱՆ
Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս եւ մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների եւ սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր: «Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի եւ կենսական կարեւորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների եւ վերջապես ՀՀ պետական սահմանների անվտանգության մասին է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հատուկ եմ շեշտում, ոչ թե Սյունիքի մարզային կամ համայնքային մարմինները, այլ մեր պետության գործադիր իշխանության բարձագույն մարմինը պարտավոր է հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ նրանց ու, առհասարակ, մեր ողջ հանրությանը վերաբերող հարցերի ու զարգացումների մասին: Սա քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է: Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը եւ վերջ»,- գրել է Թաթոյանը:
ՊՈՒՏԻՆԸ ԿՈՆՏԻՆԳԵՆՏԸ ԿՄԵԾԱՑՆԻ
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մեծացում հնարավոր է, սակայն հակամարտության կողմերի հետ համաձայնեցմամբ: Այս մասին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ինչ վերաբերում է մեր խաղաղապահների թվի մեծացմանը, ապա դա հնարավոր է միայն հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ, քանի որ մենք սկզբնապես պայմանավորվել ենք մեր խաղաղապահների թվի շուրջ, այդ քանակը համաձայնեցվել է»,-ասել է նա: Պուտինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումը, որն արձանագրվել է մարտական գործողությունների լիարժեք դադարեցման մասին համատեղ հայտարարության՝ նոյեմբերի 9-ին ուժի մեջ մտնելուց հետո, միակ դեպքն է եղել: ՌԴ նախագահը հույս է հայտնել է, որ նման դեպքեր այլեւս չեն լինի: «Հրադադարի ռեժիմի խախտումը մեկ անգամ է եղել: Հուսով եմ, որ դա միակ դեպքը կմնա, եւ կհաջողվի, ի վերջո, նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ մեր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: Կարեւոր է, որպեսզի գործընթացը սկսվի եւ դրական ավարտ ունենա»,-ասել է նա: