ԿԱՆ ԳԵՐԻՆԵՐ, ՈՐՈՆՑ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չի բացառում, որ հայ գերիների թիվը շատ ավելի մեծ է, քան Ադրբեջանը ներկայացնում է։ Բեգլարյանի համոզմամբ՝ կան գերիներ, որոնց Ադրբեջանը թաքցնում է։ Նշենք, որ ըստ Արտակ Բեգլարյանի հավաքագրած նախնական տվյալների՝ միայն վերջին օրերին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։

 

Ադրբեջանական կողմը հայտարարում է 100 եւ ավելի գերեվարվածի մասին։ Այն հարցին, թե կան իսկապես ենթադրություններ, որ այդ թիվը մեծ լինի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է. «Պետք է հասկանանք աղբյուրը, որովհետեւ, իմ տեղեկություններով եւ իմ ուսումնասիրությունների հիման վրա, միայն ադրբեջանական աղբյուրներն են 100 թիվն ասում կամ 150-160, 170 էլ կա։ Իմ տպավորությամբ մնացած հայկական աղբյուրները երկրորդային, երրորդային աղբյուրներ են, որոնք հենվել են ադրբեջանական, ընդ որում՝ ոչ պաշտոնական տեղեկատվության վրա, որը կարող է, բարձր հավանականությամբ, լինել կեղծ։ Այսինքն՝ կարող է լինել մանիպուլյացիա։ Հիմա մի քանի հավանական տարբերակ կա՝ մեկը՝ իրականում կարող է այս 60-ը գերի են ընկել, եւ իրենք ուռճացնում են թիվը՝ հոգեբանորեն լրացուցիչ չափով ազդեցություն գործելու։ Երկրորդ տարբերակն այն է, որ այս 60-ը գերի են ընկել, դրան գումարած՝ իրենք ունեն թաքցրած այլ գերիներ, որը միանշանակ է, որ ունեն, միգուցե պայմանական եւս 100-ը, եւ իրականում իրենք իրոք ունեն 160 հայ գերի եւ կարող են ցուցադրել իրենց, օրինակ եմ ասում։ Արդյունքում այս լուրը կարող է կեծիք չլինել, եւ կարծես թե իրենք ուղիղ չեն էլ ասում՝ 160-ը Խծաբերդից են գերեվարվել։ Նմանատիպ այլ սցենարներ, որոնք ես չեմ կարող բացառել։ Բայց քանի դեռ որեւէ հիմնավոր ապացույց չունենք այդ թվին հավատալու, ես չեմ կարող միանշանակ կարծիք հայտնել, բայց հիմնավոր ապացույցներ կան շատ հստակ, որ իրենց մոտ առկա են ավելի շատ գերիներ, քան իրենք վերադարձրել են մեզ»։ Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ մասնավորապես Խծաբերդի դեպքով տղաներն այս պահին ունեն անհետ կորածի կարգավիճակ։

«Վերջնականապես ես գոնե դեռեւս չեմ կարող ասել, որ հաստատ գերի են ընկել։ Այսինքն՝ այս պահին իրենց կարգավիճակը պետք է ասենք, որ անհետ կորած են, բայց հավանականությունը շատ բարձր է, որ, այո՛, գերի են ընկել, ու տեսանյութի մեջ երեւացողներն էլ իրենք են։ Քանի որ նաեւ հարազատները ճանաչել են, բայց չենք կարող միանշանակ ասել, որ տեսանյութում երեւացող գործընթացում իրենք գերի են ընկել արդեն։ Հաջորդը՝ այն տեղեկությունները, որ ես միայն գիտեմ Պաշտպանության բանակից որոշ չափով ճշտած եւ նաեւ անհատ զինծառայողներից, որ մոտավոր Խծաբերդի ուղղությամբ, Խծաբերդի կողմերում 60 հոգանոց ստորաբաժանումը անհետ կորել է։ Տեղեկություններ չունեն, իսկ թե իրենց հետ ինչ է կատարվել, դեռեւս վերջնականապես հստակ չէ, բայց հաշվի առնելով եւ՛ այս առկա տեսանյութը, եւ՛ նաեւ այն, որ որոշակի ժամանակ իրենց հետ որեւէ ձեւով կապ չի հաստատվում հեռախոսահամարներով, կամ տեղանքում որեւէ մեկին չեն գտնում՝ դրա համար է նաեւ եզրակացությունը գերի ընկնելու հետ կապված, մնացածն արդեն ավելի շատ ենթադրություններ կամ բամբասանքներ են»։

 

 

 

ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  դատախազության Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ  2020թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում արձանագրված, նույն օրը Երեւան քաղաքում անցկացվող բողոքի երթի ընթացքում տեղի ուենցած միջադեպի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները: Այս մասին փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազությունը:

 

«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Գ. Գյուլբենկյան-Հր. Քոչար փողոցների խաչմերուկում մի խումբ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել քաղաքացի Դ.Ղ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Բացի այդ, նշված միջադեպի ժամանակ անհայտ անձը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բռնություն է գործադրել մեկ այլ անհայտ անձի նկատմամբ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի բաժանմունքում նույն օրը, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ առերեւույթ բռության ենթարկված մյուս անձի ինքնությունը, 2 անձ ճանաչվել է տուժող: Քննչական եւ դատավարական համապատասսխան գործողություններով հաստատվել է մի խումբ անձանց կողմից վերջիններիս ծեծի ենթարկելու եւ հայհոյանքներ հնչեցնելու հանգամանքը: Արդյունքում պարզվել է, որ նշված միջադեպի ժամանակ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել եւ տուժողներից մեկի նկատմամբ առերեւույթ բռնություն է գործադրել Էջմիածին քաղաքի բնակիչ հանդիսացող Խ. Մ.-ն, վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով հանցաքննվել է կասկածյալի դատավարական կարգավիճակում:

Պարզվել է նաեւ, որ մյուս տուժողի նկատմամբ խմբի կազմում, բռնությամբ զուգորդված խուլիգանությունն առերեւույթ կատարել են Արտաշատ քաղաքի բնակիչներ Շ. Թ.-ն եւ Ս. Պ.-ն: Վերջիններս կասկածվում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ: Նշված երեք անձանց նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է դատախազության հայտարարության մեջ:

 

 

ՄԵՐԺԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ձեռնարկած քայլերի արդյունքում մերժել է Ադրբեջանի կառավարության պահանջը՝ սույն թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված միջանկյալ միջոցը վերացնելու մասին:  Այս մասին հայտնել են ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունից: «Մասնավորապես, Եվրոպական դատարանը հաշվի է առել այն, որ հատկապես գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոցի կիրառման պահանջները եւ դրանք հիմնավորող ապացույցները շարունակվում են ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի: Եվրոպական դատարանը ընդգծել է նաեւ, որ Ադրբեջանը պարբերաբար չի ենթարկվել այդ անձանց վերաբերյալ դատարանի՝ համապատասխան տեղեկություններ տրամադրելու պահանջներին: Այսպիսով, Եվրոպական դատարանը գտել է, որ միջանկյալ միջոցի հիմք հանդիսացող հանագամանքները շարունակում են առկա լինել, ուստի իր որոշումները վերացնելու կամ դրանց գործողությունը կասեցնելու հիմքեր չկան:

Ի վերջո, Եվրոպական դատարանը ընդգծել է, որ շարունակելու է քննել միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ ներկայացված պահանջները։

Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Եվրոպական դատարանը կոչ էր արել Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես՝ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը նաեւ կոչ էր արել Ադրբեջանին կատարել իր կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) եւ 3-րդ (խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Երգչուհի Շուշան Պետրոսյանին դեկտեմբերի 17-ին ոստիկանությունը բերման է ենթարկել: Ըստ ՀՀ ոստիկանության՝ նա բերման է ենթարկվել քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրասվող նյութերի շրջանակներում: Հիշեցնենք, որ ոստիկանությունում դեկտեմբերի 14-ին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել:

 




Լրահոս