ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԵԼԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սյունիքի  մարզի Սիսիան քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ: Նա հայտարարեց, թե Հայաստանի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը որոշվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որն էլ ընդունվել էր 2010 թվականին։  Նրա խոսքով՝ օրինակ՝ Խնձորեսկ, Տեղ համայնքների վարչական սահմանների նկարագրությունը ներառում է նաեւ Ադրբեջանի հետ սահման: «Այդ օրենքն ընդունել է 2010 թվականի խորհրդարանը, օրենքի նախագիծը ներկայարցրել է 2010 թվականին գործող կառավարությունը։ Եթե դա ճիշտ է, ուրեմն դուք 2010 թվականին ընդունած օրենքով Ղարաբաղի հարցը փակել եք։ Եթե էդ սահմանը ճանաչելն էսօր դավաճանություն է, 2010 թվականին առավել եւս դավաճանություն էր»,- նշեց նա եւ կոչ արեց պարզաբանում ստանալ նաեւ այդ ժամանակ Սյունիքի մարզի պատգամավորից: Իսկ ի՞նչ օրենքի եւ ի՞նչ վարչատարածքային բաժանման մասին է խոսքը: Չորրորդ գումարման խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության  1995 թվականի օրենքում փոփոխություն էր կատարվել 2010 թվականի հունիսի 24-ին: Այդ օրենքում հանդիպում ենք նաեւ այսպիսի ձեւակերպումների, օրինակ՝ Խնձորեսկ համայնքի մասին նկարագրության մեջ կարդում ենք. «Խնձորեսկ-պետական սահման՝ Ադրբեջանի Հանրապետություն», եւ նշվում է, որ այդ հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ: Նման պատկերի ենք ականատես լինում նաեւ այս նույն տարածքը քարտեզով դիտարկելիս: Իսկ, ահա, Խոզնավար համայնքի նկարագրության մեջ էլ կարդում ենք, որ կրկին այդ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ. նույն իրավիճակն է նաեւ քարտեզը դիտարկելիս: Նույն նկարագրությունն է առկա նաեւ Շուռնուխի պարագայում, եւ այն առավել խնդրահարույց է, երբ դիտարկում ենք քարտեզը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2010 թվականին, չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Սյունիքի մարզից եղել է Վահե Մաքսիմի Հակոբյանը, որը կարող էր մասնակցել այդ օրենքի ընդունմանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, սակայն Հակոբյանը հեռախոսազանգերին չպատասխանեց: Մենք զրուցեցին Էդուարդ Շարմազանովի հետ, որն այդ ժամանակ պատգամավոր է եղել: Նա նշեց. «Այդ օրենքը որեւէ առնչություն չունի պետական սահմանների ճանաչման հետ: Սա Նիկոլ Փաշինյանի հերթական մուտիլովկան է՝ շեղել ուշադրությունը բուն խնդրից: Ինքը կապիտուլյացիա է ստորագրել, ինքն է պարտության միակ  պատասխանատուն, ինքն է հանձնել Արցախի 75 տոկոսը, ինքն է տվել հողերը եւ վերջ»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը երկար ժամանակ ահազանգեր էր ստանում այն մասին, որ կրկին քաղաքացիներն իրենց բնակավայրերում ծանուցագրեր են ստանում զինկոմիսարիանտներ ներկայանալու համար: Ըստ մեզ զանգահարած քաղաքացիների` իրենց չեն տեղեկացնում, թե ինչի համար են հրավիրվում զինկոմիսարիատ այն դեպքում, երբ արդեն պատերազմն ավարտվել է: Ի դեպ, մեզ զանգահարած քաղաքացիները նշում էին, որ, փաստորեն, ովքեր տարիներ առաջ գումարներ են տվել, խուսափել են հայոց բանակում ծառայելուց ու պատերազմի ողջ օրերին հանգիստ նստել են իրենց տներում, իսկ ովքեր որ ծառայել են բանակում, պետք է կրկին գնան ու իրենց ծառայությունը մատուցեն բանակին: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչու է կրկին ՀՀ-ում զորահավաք իրականացվում: ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը մեզ պատասխանել է. «Դեկտեմբերի 22-ից մինչեւ 24-ը ՀՀ-ում նախատեսված էր զորահավաքային զորակոչ, սակայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համապատասխան հրամանով նշված միջոցառումը համարվել է չեղյալ եւ իմ կողմից դեկտեմբերի 19-ին ցուցում է տրվել բոլոր տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին պահեստազորում հաշվառված քաղաքացիներին չծանուցել եւ չիրականացնել զորահավաքային զորակոչ»:

 

 

 

Չնայած նախորդ տարի ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը լայն թափով  ձեռնամուխ եղավ բուքմեյքերական ընկերությունները փակելու գործընթացին, սակայն դրան զուգահեռ նրա գործընկեր Արթուր Դավթյանը նոր նախագիծ է բերում՝ հենց այդ ընկերություններին պաշտպանող: Նախ՝ նկատենք՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ին խորհրդարանի կողմից ընդունվել էր ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»» օրենքը, որով սահմանվել էր, որ լիցենզիա ունեցող վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպիչ կարող է կազմակերպել մեկական բուքմեյքերական գրասենյակ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում, եւ այդ օրենսդրական փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեին 2020 թվականի նոյեմբերի 1-ից: Եվ, ահա, պատգամավոր Արթուր Դավթյանը նկատում է, որ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, հանդիսանալով լիցենզավորման ենթակա գործունեություն, վիճակախաղերի կազմակերպիչների կողմից նախապես վճարվել է 2020 թվականի համար նախատեսված պետական տուրքը, սակայն չեն կարողացել լիարժեք իրականացնել իրենց գործունեությունը` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված:  Եվ նա առաջարկում է նախորդ տարի ընդունված կարգավորումները ուժը կորցրած ճանաչել:

 

 

 

Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. արդեն մի քանի օր է՝ բարձրանում են ե՛ւ բենզինի, ե՛ւ բնական սեղմված եւ հեղուկ գազի գները։ «Ժողովուրդ» օրաթերթը շրջայցի ընթացքում պարզեց, որ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 350 դրամից բարձրացել է՝ դառնալով 370 դրամ, հեղուկ գազի մեկ լիտրը թանկացել է 10 դրամով՝ 180-ից դարձել է 190 դրամ։ Իսկ, ահա, բնական սեղմված գազի մեկ կիլոգրամը գազալցակայաններում այժմ վաճառվում է միջինը 320-330 դրամով։ Ի դեպ, այս տարվա ընթացքում բնական սեղմված գազի գինն արդեն երկրորդ անգամ է բարձրանում։ Կհիշեք՝ հուլիսի 19-ից գազի գինը Հայաստանում խոշոր սպառողների համար բարձրացավ, ինչի արդյունքում գազալցակայաններում բնական սեղմված մեկ կիլոգրամը դարձավ 310 դրամ։ Երեւանյան գազալցակայաններից մեկի աշխատակիցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնական սեղմված գազի գնի թանկացումը կապեց դոլարի փոխարժեքի բարձրացման հետ. «Դոլարի փոխարժեքն է թելադրում, որովհետեւ գազի ձեռքբերման գինը խիստ կապված է դոլարի փոխարժեքի հետ, 10 տոկոս արդեն փոխարժեքի բարձրացում է տեղի ունեցել, այս դեպքում գազի գինը չէր կարող նույնը մնալ։ Աստծո հաջողությամբ արտարժույթը վերադառնա հին գներին, կարծում եմ, գազի գինն էլ կփոխվի, կէժանանա, հուսանք»։

 




Լրահոս