Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայանամասշտաբ պատերազմի ընթացքում Հադրութում եւ Շուշիում իր դասակի հետ բացառիկ արիություն է դրսեւորել մերօրյա հերոս, ժամկետային զինծառայող, սերժանտ Զավեն Մխիթարյանը, ինչի համար արժանացել է լեյտենանտի կոչման:
Մերօրյա հերոսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է պատերազմի մանրամասների մասին:
Զավենը բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 28-ին, ծառայության է անցել Հադրութում, իսկ պատերազմի մասին իմացել են տագնապի ազդանշանից։
«Առավոտյան շուտ սնարյադների ձայներ լսեցինք, հետո տագնապի աազդանշան հնչեց, եւ արդեն հասկացանք, որ մի բան այն չէ, որ ինչ-որ լուրջ բան է կատարվում։ Երբ հնչեց ընդհանուր զորամասի տագնապի ազդանանը, բոլորս զինամթերք ստացանք եւ բարձրացանք դիրքեր։ Սկզբում ամեն ինչ շատ խառն էր, անհասկանալի, չէնք կողմնորոշվում, թե մեր շուրջն ինչ է կատարվում։ Երբ բարձրացանք պոստեր, նորակոչիկներն ինձ հետ էին, տեսնում էի, որ դեռ չեն հասկանում, չեն կառավարվում, լարվածությունը շատ մեծ էր, հետո արդեն ամեն ինչ ընկավ իր տեղը, սկսեցինք մարտական ճշգրիտ հաշվարկով աշխատել, թշնամու հարձակումները կանխել, անձնակազմը պատսպարելով կռվել»,-պատմում է լեյտենանտը։
Մեր զրուցակցի խոսքով՝ պատերազմական գործողությունների ընթացքում վախի զգացողություն չի ունեցել, միայն մտածել է, թե ինչպես կանխի թշնամու հարձակումները եւ համապատասխան հակահարված տա. «Ամեն մարդու մոտ զգացողություններն իհարկե տարբեր են լինում, բայց կոնկրետ ես շատ սառն եմ դատել ամեն ինչ, փորձել եմ հուզմունքին չտրվել եւ ամեն ինչ անել մեր դիրքերը ամրացնելու, պահելու համար։ Կռվի առաջին իսկ օրվանից թշնամուն արժանի հակահարվածներ ենք տվել Հադրությում, իրենց ամեն նոր քայլը կանխվել է, չէին կարողանում առաջ գալ։ Սակայն իրենց հաջողվեց ի վերջո ճեղքել մեր ճակատը Ջաբրայիլի աջ թեւով եւ մտնել մեր թիկունքը, բայց էլի չենք հանձնվել, էլի մարտերը շարունակել ենք, չնայած որ մնացել էինք շրջափակման մեջ։ Ուզում եմ ընդգծել, որ ուղղակի ոչ մի կտոր հող չի հանձնվել, 34 օր պահել ենք այդ դիրքերը։ Պակաս ունեցել ենք՝ թե՛ զինտեխնիկայի, թե՛ զինամթերքի, բայց այդ պակասը ես կապում եմ տեղ հասցնելու հնարավոր չլինելու հետ։ Ես ոչ մեկին չեմ կարող մեղադրել, քանի որ հրետակոծությունը շատ ուժեղ էր։ Հիմնականում կռվել են մեր ժամկետային զինծառայողներն եւ իրենց հրամանատարական կազմը, կողքից օգնություն չեմ տեսել, իսկ կամավորական, որպես այդպիսին, եղել են մեր զինվորների ծնողները, բայց ես էլի ոչ մեկին չեմ մեղադրում»։
Զավենի խոսքով՝ երբ լսել են, որ պատերազմն ավարտվել է, չեն հավատացել, մտածել են, թե հերթական զինադադարն է, որը կրկին չի պահպանվելու նենգ թշնամու կողմից։
«Հրադադարի օրերին տեղի են ունեցել ամենաուժեղ մարտերը։ Հակառակորդին հաջողվում էր որսալ մեր կապը, իրենց ռազվեդկան շատ ուժեղ էր աշխատում, իսկ մենք ժամանակ առ ժամանակ էինք միայն կարողանում կապ հաստատել, այն էլ մեկ կամ երկու րոպեով։ Լավ է, որ կռիվը դադարեց այն առումով, որ մեզ օգնական ուժեր չկային, զորք չկար, Շուշին էլ մեզ վառ օրինակ, իսկ ամենաուժեղ կռիվը եղել է հենց Շուշիի համար»,-հավելում է մեր զրուցակիցը։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾԻՑ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է ՄԻԱՅՆ ԼՌԵԼ». ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ
ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար նշանակվելուն։ Նա գրել է. «Իրականում այն ամենից հետո, ինչ որ երեկ կատարվեց Եռաբլուրում, պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու ենք, հույս չունենաք… Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նրանց, ովքեր շնորհավորեցին ինձ օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունը ստանձնելու առիթով:
Առաջարկը ստացել եմ դեռեւս տարեսկզբին ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի կողմից: Համավարակի պատճառով կարողացել եմ ընդունել այն ավելի ուշ՝ հոկտեմբերի 12-ին: Ովքեր որ ակնկալում էին ինձ համար ավելի բարձր պաշտոններ, ասեմ, որ այս պահին ավելի կարեւոր դերակատարում, քան մեր երիտասարդներին ուղղորդելն է, չեմ տեսնում: Դրա լավագույն ապացույցն էր մեր մեկնարկը՝ Բեթհովենի 250-ամյակին նվիրված դեկտեմբերի 17-ի համերգը, որը փաստեց, թե ինչպես ուսանող երգիչները կարող են կարճ ժամանակում համախմբվել եւ անել անհնարինը: Հայտնում եմ բոլորին իմ խորին շնորհակալությունը: Վերջում ուզում եմ մեկ անգամ եւս հստակեցնել, որ ունեի եւ հիմա էլ ունեմ բոլոր հնարավորությունները Հայաստանից դուրս ապրելու եւ կյանքը «վայելելու», բայց վերադարձել եմ, որովհետեւ առավել եւս հիմա Հայաստանից հեռու կյանքն ինձ համար անիմաստ է: Փորձելու եմ իմ օրինակով համոզել սփյուռքում բնակվող եւ երկընտրանքի առջեւ կանգնած շատ-շատերին…»։
ՍՈՒԼՇԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է «Լիդս Յունայթեդի» նկատմամբ 6:2 հաշվով հաղթանակն Անգլիայի առաջնության 14-րդ տուրում: «Ֆանտաստիկ խաղ էր առաջին իսկ վայրկյանից: Պարզապես պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե ստադիոնում ներկա լինեին 75 հազար հանդիսականներ: Դա պատմության մեջ կմտներ որպես «Լիդսի» դեմ մեծագույն խաղերից մեկը: Հաշիվը կարող էր լինել 12:4, այդպիսի հանդիպում էր: Ինձ դուր եկավ, խելահեղ հանդիպում էր: Կարեւոր չէ, թե ինչ հաշիվ էր, «Լիդսը» միշտ խաղում է իր ոճով՝ թե՛ 5:0 հաշվի, թե՛ 0:5-ի ժամանակ: «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ չի անցել նույնիսկ ճանապարհի կեսը: Մենք չենք հետեւում մրցաշարային աղյուսակում մեր դիրքին, մենք հետեւում ենք թիմի առաջընթացին: Մեր երկրպագուներին անհրաժեշտ էր այս հաղթանակը»,-ասել է նորվեգացի մասնագետը: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզիչի պաշտոնից լեգենդար շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո առաջին անգամ Անգլիայի առաջնության խաղում խփեց 6 գոլ։ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած հանդիպմանը ներկա էր նաեւ Ֆերգյուսոնը։ Նախորդ անգամ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայում առաջնությունում 6 գոլ կամ ավելի գոլ խփել էր 2011թ. օգոստոսին՝ 8։2 հաշվով պարտության մատնելով Լոնդոնի «Արսենալին»։
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Նորվեգիայի՝ 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստ. hաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Քվեարկության արդյունքում 20-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել իտալական «Միլանի» նորեկ Յենս Հեուգեից ու գերմանական «Լայպցիգի» հարձակվող Ալեքսանդր Սերլոտից: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Էրլինգ Հոլանդը մասնակցել է 8 խաղի՝ դառնալով 10 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: Օրեր առաջ նա ստացել էր նաեւ Golden Boy մրցանակը, որը շնորհվում է Եվրոպայում հանդես եկող մինչեւ 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին:
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
Անգլիական «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահն ընկերներին պատմել է, որ ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Անգլիայի չեմպիոնը կփորձի լավագույն տարբերակն ընտրել 28-ամյա ֆուտբոլիստից բաժանվելու հարցում: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Մանչեսթեր Սիթին»: Հիշենենք, որ Մոհամեդ Սալահը 2017-ից է խաղում «Լիվերպուլում», որի կազմում մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի 21 հանդիպման, դարձել 16 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: