Ավելի քան մեկ ամիս է՝ Ադրբեջանը չի արձագանքում Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների գնահատման նպատակով անկախ փորձագետների առաքելություն ուղարկելու ՅՈւՆԵՍԿՕ-ի հարցումներին. երեկ հայտարարեց Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը։ Դեռ նոյեմբերի 20-ին կազմակերպությունը հատուկ հիշեցրել էր, որ պետությունները պարտավոր են պաշտպանել մշակութային արժեքները ռազմական բախումների ժամանակ այս մասին 1954-ին ընդունված Հաագայի կոնվենցիային համապատասխան, որին միացել են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը։
Հիշեցնելով փաստաթղթի դրույթներից մեկը, ըստ որի՝ որեւէ ժողովրդի մշակութային արժեքներին հասցված վնասը նշանակում է վնաս համայն մարդկության մշակութային ժառանգությանը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրե Ազուլեն առաջարկել էր փորձագետների հատուկ խումբ ուղարկել տարածաշրջան՝ առանցքային հուշարձանների նախնական ցուցակը կազմելու, հետագայում դրանք արդյունավետ պաշտպանելու համար։ Հայկական կողմը ոչ միայն ողջունել էր նախաձեռնությունը, այլեւ շարունակական դիմումներով ու հայտարարություններով ընդգծել՝ անհրաժեշտ է օր առաջ գործի անցնել։
Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հետո ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել Շուշիի Ղազանչեցոց եւ Կանաչ Ժամ եկեղեցիները, Երկրագիտական, Պատմության թանգարանները՝ յուրօրինակ հավաքածուներով, Կերպարվեստի թանգարանը, որտեղ ցուցադրվում էին նաեւ Գառզու եւ Սարյան։ Հարուստ ժառանգություն է մնացել նաեւ Հադրութում՝ Տողի մելիքական ապարանքը, Կատարո վանքը (Կատարավանք), եկեղեցիներ եւ խաչքարեր։ Ադրբեջանի իշխանությունները՝ նախագահ Ալիեւի գլխավորությամբ, առիթը բաց չեն թողնում հավաստիացնելու, թե մշտապես հոգացել են եւ այսուհետ էլ կշարունակեն ուշադրության կենտրոնում պահել հայկական հուշարձանները։ Անցած ամիս, օրինակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալիեւի հետ հեռախոսազրույցում հարց էր բարձրացրել հայկական վանքերը պահպանելու, եկեղեցական կյանքն ապահովելու մասին, Իլհամ Ալիեւն, ըստ Կրեմլի, պնդել էր. «Բաքուն ամեն ինչ հասկանում է եւ միշտ է այդպես վարվում»։
Իսկ թե այդ դեպքում ինչու է Ադրբեջանը ձգձգում ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների այցը, պաշտոնապես չի հաղորդվում։ Ընդ որում, միջազգային կազմակերպությունը երեկվա հայտարարության մեջ ընդգծում է, որ գործընթացն առաջ տանելու մի քանի փորձ են արել, բոլորն ապարդյուն։
«Մենք դեռեւս սպասում ենք Ադրբեջանի պատասխանին, – հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնական Էռնեստո Օտտոնեն՝ զգուշացնելով: -Բաքվի որդեգրած դիրքորոշման պատճառով կորչում է ժամանակը, որն այնքան թանկ է հիմա»։
«Յուրաքանչյուր անցնող շաբաթն ավելի է դժվարացնում մշակութային արժեքների վիճակի գնահատումը՝ հատկապես հաշվի առնելով եղանակային պայմանները, որոնք առաջիկա շաբաթներին կվատթարանան։ Հրադադարի արդյունքում բացված հնարավորությունների պատուհանը չպետք է կրկին փակվի», – երեկ հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնականը՝ հավելելով՝ պատմական ժառանգության պահպանումը կարեւոր պայման է կայուն եւ ամուր խաղաղության հասնելու համար։ «Ակնկալում ենք, որ Բաքուն անհապաղ կարձագանքի որպեսզի վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած կառուցողական քննարկումները տեղափոխվեն գործնական փուլ», – ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնականը։
ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներից միայն Հայաստանն է 2020-ի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, գրանցել բեռնափոխադրման ծավալների աճ, որը կազմել է 3,5% եւ հասել 12,3 մլն տոննայի։ Ընդ որում, աճել են խողովակաշարային, երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրման ծավալները, նվազում է գրանցվել միայն օդային տրանսպորտի պարագայում։ Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի բեռնափոխադրումների ծավալը այս տարվա առաջին տասն ամիսներին կազմել է 9 մլրդ 956,6 մլն տոննա եւ, 2019-ի նույն ամիսների համեմատ, նվազել 7,3%-ով։ Ընդ որում, Բելառուսի պարագայում այդ ցուցանիշները կազմել են 331,6 մլն տոննա եւ 7,5% նվազում։ Ղազախստանի բեռնափոխադրումների ծավալները ներառել են առեւտրային փոխադրումներով զբաղվող անհատ ձեռներեցների կողմից փոխադրումները եւս. այս երկրի տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 3 մլրդ 206,9 մլն տոննա եւ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել 7,1%-ով։ Ղրղզստանի բեռնափոխադրումների ծավալն այս տարվա առաջին տասն ամիսներին կազմել է 21,1 մլն տոննա եւ, 2019-ի նույն ամիսների համեմատ, նվազել 23,1%-ով, իսկ Ռուսաստանի պարագայում այդ ցուցանիշները կազմել են 6 մլրդ 384,7 մլն տոննա եւ 7,3%։
537 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՊՔ
Հայաստանում դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 537 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 154602 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 570214, վերջին մեկ օրում` 2459 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 16685 պացիենտ. մեկ օրում նվազել է 894-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 134586 անձ, վերջին մեկ օրում՝ 1410 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2673 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 658 է:
ԴԱՇՏԱՅԻՆ ԱՎՏՈՊԱՐԿ
Արցախի Խոջալուի շրջանում երկու շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահները տեղակայել են դաշտային ավտոպարկ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ 6 հազար քմ տարածքում տեղակայված են ավելի քան 360 միավոր տեխնիկա, տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման կետեր, հսկիչ-տեխնիկական կետ, ավտոմոբիլային գույքի պահեստ: «Կահավորված են մուտքի ուղիները, հիմնական եւ պահեստային ելքերը ՝ առաջադրված խնդիրների կատարման ժամանակ տեխնիկայի անխոչընդոտ դուրսբերման համար»,- նշված է հաղորդագրության մեջ: Ավտոոպարկի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս կատարել օրական ավելի քան 10 միավոր ավտոմոբիլային եւ զրահատեխնիկայի վերանորոգում:
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական զոհերի ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցիալական աջակցության ծրագրի մեկնարկը տրվել է, շահառուները կարող են արդեն դիմել: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ նա նշել է, որ շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակում կամ նախարարության պաշտոնական կայքէջում:
«Պատերազմի գործողությունների հետեւանքով զոհվածների ընտանիքները, ինչպես նաեւ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կստանան միանվագ դրամական աջակցություն: Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5.000.000 դրամ, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3.000.000, երկրորդ խմբի դեպքում` 2.000.000, երրորդ խմբի դեպքում` 1.000.000 դրամ»,-ասել է նա: Եթե հաշմանդամություն է ձեռք բերել անչափահասը, ապա կտրամադրվի 3 միլիոն դրամ: Դիմումներն արդեն ընդունվում են, սակայն վճարումները կլինեն հունվարից: Զոհվածների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը հենց սկզբից կլինի, իսկ հաշմանդամության դեպքում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մասնագետները պետք է այցելեն պոտենցիալ շահառուներին՝ ցանկով հաստատված անձանց: Համապատասխան ընթացակարգը անցնելուց հետո, երբ կհաստատվի հաշմանդամության խումբը, նոր աջակցությունը կտրամադրվի:
«Ասեմ, որ այս փուլում նախարարությունը նախաձեռնել է հաշմանդամության կարգի տրամադրումը դյուրացնելու գործընթաց: Բժշկասոցիալական փորձաքննության մեր մասնագետներն իրենք են այցելելու վիրավորվածներին: Դա վերաբերում է ոչ միայն զինվորներին, այլեւ քաղաքացիական անձանց: Պարզապես պետք է հաշվի առնել, որ հաշմանդամության կարգի տրամադրման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ լինում»,-ասել է փոխնախարարը:
Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ արդեն ունեն մոտ 226 հոգուց բաղկացած շահառուների ցանկ, թեպետ այն կարող է փոփոխվել, որովհետեւ գերիների կամ անհայտ կորածների շրջանում հնարավոր է լինեն քաղաքացիական անձինք: Շահառուների ցանկում կան անձինք Հայաստանից, սակայն ճնշող մեծամասնությունն Արցախից է: Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին քաղաքացին գրավոր եղանակով կտեղեկանա առավելագույնը 30 օրվա ընթացքում: Գումարը կտրամադրվի անկանխիկ: Նախարարությունը նույնպես նախաձեռնողական է լինելու եւ դիմելու է ցանկի շահառուներին: