ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կաթողիկոսի և քաղաքական իշխանության հարաբերությունները լարվել են. ինչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի քաղաքական իշխանությունների փոխհարաբերությունները ըստ ամենայնի գնալով ավելի են լարվում։ Այդ լարվածությունն ավելի ակնհայտ դարձավ վերջին օրերին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չգտնվեց Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ մատուցված պատարագին:

Հիշեցնենք, որ այն երեկ անցկացվեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը արարողության ավարտից հետո հրապարակավ հայտնեց, թե «վարչապետի ներկա չգտնվելը պայմանավորված է համաճարակային իրավիճակով. «Վարչապետը ինքնամեկուսացված է»։

Բայց իևականում հասկանալի է, որ վարչապետը սրտնեղած է Կաթողիկոսի ներկայացրած հրաժարականի պահանջից և որևէ կերպ չի ցանկանում հարաբերվել, առերեսվել ամենայն հայոց հովվապետի հետ։

ArmLur.am-ին լուրեր հասան այն մասին, որ կաթողիկոսի վրա փորձում են ազդեցություն ունենալ քաղաքական և բիզնես շրջանակները: Նրանք ի նշան վարչապետի համերաշխության, «պատասխան» են ակնկալում նախկինում եկեղեցու համար արված նվիրատվությունների մասով: Ու հիմա իշխանության շատ ներկայացուցիչներ կարծում են, որ դոնորների կողմից ֆինանսական թեմաներով հարցումներն են պատճառ դարձել, որ կաթողիկոսը վերջին շրջանում սկսել է քաղաքական հարցերում շատ հաճախակի դիրքորոշում ներկայացնել:

Սակայն Վեհարանին մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ կաթողիկոսի վերաբերմունքը քաղաքական իշխանության նկատմամբ կապված է նաև այն հանգամանքով, որ շատ հոգևորականներ են դեմ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը, ու կաթողիկոսը ներկայացրել է շատ հոգևորականների դիրքորոշումը՝ որպես ամփոփ գնահատական։

Բայց մյուս կողմից պետք է արձանագրել, որ հոգևոր թևում ևս կան անձինք, ովքեր սերտ հարաբերություններ ունեն նախկին իշխանությունների՝ այսօրվա ընդդիմության հետ, տարիներ շարունակ նրանց դիրքոշոումն են կիսել, ինչի համար էլ այսօր Հայաստանում հոգևորականները սկսել են քաղաքական տեսակետներ ներկայացնել, չնայած այն բանին, որ եկեղեցին ու հոգևորականները չպետք է որևէ ձևով «խառնվեն» քաղաքական խնդիրներին: Այսօր, ակնհայտ է, որ Հայաստանում հոգևորականները սկսել են իրենց քաղաքական հայացքները ի ցույց դնել, որի վառ օրինակը դեկտեմբերի 21-ին Սիսանի քաղաքային պանթեոնում տեղի ունեցածն էր: Հիշեցնենք, որ Փաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին։ Այնուհետև Փաշինյանը մտավ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսավանի վանք), մոմ վառեց, և մոտեցավ տեղի քահանային` տեր Պարգև քահանա Զեյնալյանին։ Քահանան, սակայն, հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը և ի պատասխան ձեռքով ցույց տվեց եկեղեցու դուռը։

Ակնհայտ է, որ այս իրավիճակն օր օրի ավելի է լարվում, քանի որ անգամ եկեղեցու դեմ սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել ու հասարակությունը երկփեղկվել է. եկեղեցու կողմնակիցներ, եկեղեցու դեմ ակցիա իրականացնողներ և պարզապես դիտորդներ։ Տեսնենք, թե ինչով կավարտվի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների պայքարը՝ հիշելով ոչ վաղ 2018 թվականը, երբ հեղափոխությունից ոգևորված, մի խումբ ուժեր փսրձեցին կաթողիկոսի հրաժարականին հասնել, բայց պարտվեցին։

Սոնա Գրիգորյան




Լրահոս