ՂԱՐԱԲԱՂԻ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՆՈՐ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Որքան էլ տհաճ լինի այս միտքն ադրբեջանցի հայրենասերների համար, Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունը շարունակում է իր գոյությունը եւ կառուցում է նոր ստատուս-քվո»,-պնդում է մոսկովյան Քարնեգի կենտրոնի վերլուծաբան Կիրիլ Կրիվոշեեւը։ Փորձագետը փաստում է, որ մինչեւ վերջին պատերազմը ստատուս-քվո հասկացությունն ամենից շատ կիրառվողներից մեկն էր ղարաբաղյան հակամարտությունում. այն կարելի էր գտնել խնդրին վերաբերող համարյա բոլոր տեքստերում։

 

«Դա ենթադրում էր, որ հայերն իրենց վերահսկողության տակ են պահում խորհրդային ժամանակների Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը, ուր հիմնականում հայեր էին բնակվում, ինչպես նաեւ յոթ շրջանները, որտեղ հայեր գրեթե չեն եղել։ Բնական է, որ ադրբեջանական կողմին զայրացնում էր այս «ստատուս-քվոյի» մասին ցանկացած հիշատակում, նրանք այս իրավիճակը նսեմացուցիչ էին համարում, եւ պատահական չէր, որ պատերազմի մեկնարկից շաբաթներ անց արդեն Ալիեւը, ուրախությունը չզսպելով, հայտարարում էր. «Ես փոխեցի ստատուս-քվոն, այն արդեն գոյություն չունի»», – հիշեցնում է հոդվածագիրը։

Նոր ստատուս-քվոյի շուրջ քննարկումները եւս Ադրբեջանում, ըստ վերլուծաբանի, ամենայն հավանականությամբ, անընդունելի կհամարեն։ «Բաքվում պնդում են, թե ամեն ինչ արդեն իսկ որոշված է. նախ պետք է ռուս խաղաղապահների հսկողության տակ հայկական ուժերը հեռանան Ղարաբաղից, հետո այնտեղ կսկսեն աշխատել ադրբեջանական իշխանության մարմինները։ Բաքվի շրջանառած մյուս թեզն է՛լ ավելի հեռուն է գնում. Բաքուն ուղղակի պնդում է, թե Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունն այլեւս գոյություն չունի: Եթե դիտարկենք միջազգային իրավունքի տեսանկյունից, այո՛, ԼՂՀ-ն գոյություն չունի, այն չի ճանաչվել անգամ Հայաստանի կողմից։ Իհարկե, դա հնարավորություն է տալիս Բաքվին նվաստացնող մակդիրներ կիրառել ու դիմացինին որակել որպես խամաճիկային, ապօրինի, անջատողական, սակայն, դրանցից որեւէ մեկը չի հերքում, որ Ստեփանակերտում այսօր Ադրբեջանի իշխանության օրգանները չեն աշխատում», – փաստում է հոդվածագիրը։

«Փաստացի, ԼՂՀ-ն թույլ, բայց ինչ-որ կերպ գյուղատնտեսության ու զբոսաշրջության հաշվին իր գոյությունը պահող, վիճելի կարգավիճակ ունեցող քաղաքական միավորից վերածվեց ավելի փոքր, բայց անհեռանկարային տարածքի, որը կարող է գոյություն ունենալ բացառապես դոտացիաների հաշվին», – կարծիք է հայտնում վերլուծաբանը՝ հիմնավորելով՝ Ղարաբաղի հարավային եւ հարավարեւելյան տարածքները, որոնք ադրբեջանական բանակը պատերազմի սկզբում էր գրավել, չճանաչված հանրապետության գլխավոր ցանքատարածություններն էին։

Հադրութում, խաղողի այգիներից բացի, կար «Կատարո» գինու գործարանը։ Աղդամի եւ Քելբաջարի շրջանները կորցնելով՝ հայերը զրկվեցին մրգատու հսկայական այգիներից եւ Սոթքի ոսկու հանքից, որը պատկանում է ռուսական GeoProMining ընկերությանը։ Փոխարենը հայերի վերահսկողության տակ մնացին Ստեփանակերտ, Խոջալու (Իվանյան), Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքները: «Մի կողմից՝ սրանք այն բնակավայրներն են, որտեղ ապրում էր ԼՂՀ-ի բնակչության մեծ մասը նաեւ պատերազմից առաջ, մյուս կողմից՝ այդ քաղաքները գտնվում են լեռներում, եւ այժմ պետք է Հայաստանից ստանան գրեթե ամեն ինչ, քանի որ գյուղատնտեսական հողերի 70 տոկոսը կորսված է», – գրում է մոսկովյան կենտրոնի փորձագետը՝ անհավանական համարելով, որ Ղարաբաղի տնտեսությունը կարող է վերապրոֆիլավորվել ու ագրարայինից դառնալ արդյունաբերական։ «Այդուամենայնիվ, ասել, որ Ղարաբաղ գոյություն չունի, անհնար է։ Հայերը վերադառնում են իրենց բնակավայրեր, եւ հաստատ՝ ոչ Ադրբեջանի քաղաքացի դառնալու համար», – ընդգծում է նա։

Բաքվում, ըստ վերլուծաբանի, հակված չեն հրապարակավ խոսել իրենց համար անհարմար այս փաստերի մասին, եւ փորձում են շեշտը դնել համաձայնագրի մեկ այլ դրույթի վրա, որտեղ խոսվում է «ներքին տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի մասին՝ ՄԱԿ-ի հանձնակատարի հովանու ներքո»։ Սակայն այստեղ էլ հարցերի պակաս չկա. «Ե՞րբ են վերադառնալու՝ մեկ, տարածաշրջանի լիակատար կայունացումի՞ց, թե՞ իրենց տեղահանությունից հետո այդ բնակավայրերում հաստատված նոր բնակիչներին վտարելուց հետո։ Այդ բազմազգ Ստեփանակերտ-Խանքենդիում բոլորը միեւնույն երկրի քաղաքացիությունն են ունենալու, եւ իշխանության ո՞ր մարմնին են ենթարկվելու, – թվարկում է վերլուծական կենտրոնի փորձագետը՝ եզրափակելով:- Այսօրինակ հարցերն այնքան շատ են, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում շատերն են լրջորեն համոզված, որ եռակողմ հայտարարության յուրաքանչյուր կետ նաեւ գաղտնի ենթակետեր ունի։ Սակայն նման բան չկա. Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը թողել են շատ բան անորոշ, որպեսզի հետո հնարավորություն ունենան գործել՝ ելնելով այդ պահին առկա հանգամանքներից»։

 

 

ԸՆՏՐՎԵՑ ՌԵԿՏՈՐ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին՝ օրենքով սահմանված կարգով Դիանա Գալոյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում (դեկտեմբերի 17-ին) այս հարցն ընդգրկված էր, սակայն հարցը հանվեց օրակարգից, քանի որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարեց, որ ռեկտորի ընտրությունների հետ կապված եղել է դատական հայց, եւ եղել է դատարանի որոշում ընտրությունների իրականացումը կասեցնելու մասին՝ հաշվի առնելով խորհրդի եւ ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները:

 

 

ԱՐՏԱՌՈՑ ԽՆԴԻՐ ՉԿԱ

«Սյունիքի մարզում, իմ տվյալներով, ոչ մի արտառոց խնդիր չկա։ Սյունիք մարզից 1 սմ հողակտոր չի տրվել եւ չի կարող տրվել թշնամուն։ Որոտան համայնք, որը Սյունիքից մարզի բնակավայրերից է եւ վարչական քարտեզով ՀՀ տարածք է, անհնար է՝ որեւէ մեկը կարողանա ոտք դնել այնտեղ։ Եթե Որոտանին կից կան վարելահողեր, որոնք այլ պետության տարածք են, եւ Որոտանի բնակիչները օգտագործում են դրանք, դա չի նշանակում, որ Որոտան համայնքի հողակտոր է։ Սյունիքի մարզի բոլոր տարածքները մեր ձեռքերում են։ Անվտանգային ոչ մի խնդիր ես Սյունիքում չեմ տեսել։ Սյունեցին, անկախ ստեղծված իրավիճակից, միշտ կկարողանա պաշտպանել իրեն՝ թույլ չտալով թշնամուն ոտք դնել իր սահմաններից ներս»,- նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

 

 

ՆՈՐ ՊԵՏԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ Համլետ Նազարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության վերլուծության բաժնի պետ: Ն. Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Անուշ Չիթչյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության թեժ գծի հեռախոսազանգերի սպասարկման բաժնի պետ:

 

 

ՔԱՂԱՔԻ ԲՅՈՒՋԵՆ

Երեւանի ավագանին հաստատել է  քաղաքի 2021թ. բյուջեն: Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար: «Վերելակների հիմնանորոգում եւ պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1 մլրդ 145,6 մլն դրամ: Ի դեպ, այս գումարից 1 մլրդ դրամը կուղղվի եւս 100 նոր վերելակների ձեռքբերմանը: «Կանաչ տարածքների հիմնում եւ պահպանում» ծրագրով նախատեսվել է 3 մլրդ 750,0 մլն դրամ, որից 350 մլն դրամը նախատեսված է տրանսպորտային հատուկ միջոցների ձեռքբերման համար: Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման, վերանորոգման եւ պահպանման համար բյուջեից կհատկացվի 3 մլրդ 826,0 մլն դրամ: Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար նախատեսված է շուրջ 600 մլն դրամ: Պարգեւատրման ֆոնդն, ի դեպ, 2021-ի բյուջեով կրճատվել է 50 %-ով. այն կազմում է 1 մլրդ դրամ: 2020թ. ճշտված բյուջեի սեփական եկամուտների նկատմամբ 2021-ի սեփական եկամուտները ավելացել են 3 մլրդ 683,5 մլն դրամով:

 

 

ՔՆՆՉԱԿԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին կոմիտե հրավիրելու վերաբերյալ:  «2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով նրանց լիազորություններից բխող որեւէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու առերեւույթ հատկանիշներ պարունակող հայտարարությունների փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական  գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում  բացատրություն տալու նպատակով վերջինս 2020թ. դեկտեմբերի 23-ին հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին եւ բացատրություն տվել դեպքի հանգամանքների շուրջ»,- նշված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ:

 




Լրահոս