ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլում երեկ՝ Մոսկվայի ժամանակով 14։00-ին, մեկնարկել էր ռուսական կողմի նախաձեռնած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ բանակցությունները։ Բանակցությունների մեկնարկին Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ օրակարգում են կարգավորման առանցքային հարցերը։

 

Հայկական կողմն այս բանակցությունների նախօրեին հայտարարել էր, թե հիմնական թեման այսօրվա բանակցությունների հենց գերիների հարցն է: Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին հստակ տեղեկություն չկա: Երկու օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը մասնավորապես ասել էր, թե այնտեղ են գտնվում 62 հայ զինվորականներ, որոնց Բաքուն ռազմագերի չի համարում, այլ ահաբեկիչ, քանի որ նրանք գերեվարվել են հրադադարից հետո:

Հայաստանի վարչապետի ամուլի խոսնակը երեկ հայտարարել էր, թե այսօրվա բանակցությունները տնտեսական բնույթ ունեն: Ռուսաստանի նախագահն էլ հանդիպումը սկսելիս նշել էր հարցերի շրջանակը, որոնք ուղղված են խնդրի կարգավորմանը:

«Նկատի ունեմ հարցեր խաղաղապահների, սահմանազատման գծերի ճշգրտման, հումանիտար եւ մշակութային հուշարձանների պահպանման հետ կապված։ Հատուկ ուշադրության են արժանի տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցերը։ Նախատեսված է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը, որը կգլխավորեն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը», – հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ադրբեջանական եւ ռուսական կողմերը, մինչդեռ, օգտագործում են Նախիջեւանի միջանցք արտահայտությունը, ընդ որում՝ Բաքուն, Նախիջեւանի միջանցք ասելով, նկատի ունի Նախիջեւանը Ադրբեջանի մնացած տարածքի հետ կապող ոչ միայն ավտոճանապարհի, այլ նաեւ երկաթուղային ճանապարհի շինարարությունը։ Ավելին՝ հունվարի 7-ին Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Նախիջեւանի միջանցքի շինարարությունը կսկսվի առաջիկա օրերին եւ կտեւի մոտ երկու տարի։

Կրեմլում տեղի ունեցած հանդիպումներից հետո երեք երկրների ղեկավարները հանդես եկան ճեպազրույցով եւ մանրամասներ ներկայացրեցին  ձեռք բերված պայմանավորվածություններից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարություն են ստորագրել՝ Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին:

«Այսօրվա հանդիպումը համարում եմ չափազանց կարեւոր եւ օգտակար, քանի որ մենք կարողացանք համաձայնության գալ եւ համատեղ հայտարարություն ստորագրեցինք տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ»,- երկուշաբթի կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով հայտարարել է ՌԴ ղեկավարը: Նա պարզաբանել է, որ նկատի ունի տնտեսական կապերի եւ ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլերը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չկարգավորված խնդիրներից մեկը: Այս մասին Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների հետ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմագերիների փոխանակման հարցը մինչեւ վերջ լուծված չէ, բայց կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշեց, որ Ղարաբաղում հակամարտությունը դեռ կարգավորված չէ:

«Իհարկե, մեզ, ընդհանուր առմամբ, հաջողվեց ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն: Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես, այս հարցի շուրջ»,- ասաց Փաշինյանը:

Ն. Հ.

 

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանն Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտում է համարում հայ ռազմագերիներին որպես դիվերսանտ ներկայացնելը: «Ադրբեջանի կողմից սա մարդասիրական իրավունքի խախտում է, որովհետեւ ռազմագերիներին որպես դիվերսանտներ ներկայացնելը դեմ է մարդու իրավունքների պաշտպանությանը եւ դեմ է առհասարական հետպատերազմյան ընթացքում ռազմագերիների հայրենադարձման բոլոր կանոններին»,- ասել է Ա. Սամսոնյանը: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում եւ անվտանգության խորհրդում: Այդ նամակում Հայաստանի քաղաքացի 62 զինծառայող անվանվում են Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի անդամներ, նշում է արվում այն մասին, որ նրանք ուղարկվել են «Ադրբեջանի Լաչինի շրջան» իբր ադրբեջանական զինված ուժերի անձնակազմերի եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:

 

 

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Հայաստանում հունվարի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատի հովտում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց Ձորի նախալեռներում օդերեւութաբաններն ամպամածություն եւ մառախուղ են կանխատեսում: Քամին հարավային է` 2-5 մ/վրկ ուժգնությամբ: Առաջիկա 3 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն կդիտվի ամպամածություն եւ մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -7 -9, վաղը ցերեկը` -4 -6 աստիճան:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՐՑԱԽ

Ավելի քան 48 հազար փախստական ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը: «Ընդհանուր առմամբ, ավելի քան 48 հազար մարդ արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայրերը», – ասվում է հայտարարության մեջ:

 

 

ԱՌԱՆՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ

Եթե գնում ենք խորհրդարանական արտահերթ ընտրությունների, եթե ուզում ենք որեւէ կերպ հասնել նրան, որ արդար ընտրություններ լինեն, որեւէ լծակներ չկիրառվեն, ապա պետք է նախքան ընտրությունների գնալը նեյտրալ կառավարում կազմակերպել: Այս մասին  ասել է «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը եւս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Ես կարծում եմ՝ մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության: Բնականաբար, ԱԺ-ն պետք է ընտրի այդ անձին երեք քաղաքական ուժերի եւ անկախ պատգամավորների համատեղ որոշման արդյունքում: Սկզբնական շրջանում նույնիսկ առաջարկ արեցի, որ «Իմ քայլի» ներսից լինի վարչապետը: Այդ պահին թեկնածուների անուններ գեներացվեցին խմբակցության նիստում: Քաղաքական թիմը որոշեց, որ նպատակահարմար չի գտնում այս պահին փոխելու կառավարող ղեկավարին: Ես համարում եմ, որ եթե մենք ուզում ենք կրկին արդար, անկաշկանդ ընտրություններ կատարել, որեւէ ճնշում չգործադրելով՝ ժողովրդի վստահության քվեն ստանանք, ապա պետք է այս պահին ժամանակավոր կառավարում ձեւավորվի»,-ասել է նա: Սոֆյա Հովսեփյանը չի հերքել, որ նաեւ Արարատ Միրզոյանի թեկնածությունն է առաջադրվել խմբակցության նիստում տարբեր մարդկանց կողմից, սակայն չնշեց, թե քանի հոգի էին նման առաջարկի կողմնակից»,-ընդգծել է Սոֆյա Հովսեփյանը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ «ԿԱՐՄԻՐ» ՑՈՒՑԱԿՈՒՄ

Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի տարածման նվազման (դրական) դինամիկան ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Այս մասին տեղեկացրին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։ Ըստ այդմ՝ Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում։ Հետեւաբար, Հայաստանից ժամանող բոլոր ուղեւորները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն լեզվով, կնքված, ստորագրած) կամ Ուկրաինայի տարածքում անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում։ Ինքնամեկուսացումից դուրս գալու համար հնարավոր է թեստավորում անցնել նաեւ Ուկրաինայի տարածքում։ Բացի թեստի արդյունքից Ուկրաինա մուտք գործելու համար անհրաժեշտ է նաեւ COVID-19 ծածկող ապահովագրություն (Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիների եւ Ուկրաինայի քաղաքացիների համար ապահովագրություն չի պահանջվում):




Լրահոս