ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020թ. դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Այդ նամակում տեղ են գտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցեր, ուստի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նամակի այդ մասերին: Մասնավորապես՝
- ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի հավելածի 6-րդ պարբերությունում նշված է, որ հակաահաբեկչական միջոցառման շրջանակում ադրբեջական մարմինները հայտնաբերել են Հայաստանի քաղաքացի թվով 62 զինծառայող, որոնք զորակոչված են գլխավորապես Շիրակից, ներկայում կալանավորված են, եւ Ադրբեջանում նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարույթներ:
- Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ բացարձակ դատապարտելի է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու ակնհայտ քաղաքականացնելը: Դա կոպտորեն խախտում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները: Ինչպես ադրբեջանական նամակում նշված 62, այնպես էլ մյուս բոլոր հայ զինծառայողները կարգավիճակով գերիներ են, նրանք իրենց գերեվարման վայրերում են գտնվել բացառապես իրենց իրավական պարտականությունը կատարելու՝ զինվորական ծառայություն տանելու նպատակով, ու նրանք պետք է առանց որեւէ նախապայմանի ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան: Այս եզրահանգումը հիմնված է Հայաստանի ՄԻՊ-ի մշտադիտարկման ու քննության արդյունքների վրա եւ ամրապնդված է հիմնավոր ապացույցներով: Ուստի Ադրբեջանում գերության մեջ գտնվող 62 հայ զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել եւս նրանց ահաբեկիչներ կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Ռազմական գործողությունների մասնակցելու համար նրանք չեն կարող որեւէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ: Սրանք պահանջներ են, որոնք հատկապես ամրագրված են 1949թ. Ժնեւի երրորդ կոնվենցիայում:
- Հայաստանի ՄԻՊ-ը նաեւ հարկ է համարում հատուկ արձանագրում անել այն մասին, որ անթույլատրելի է հետպատերազմական գործընթացի մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը քաղաքականացնելը: Գերիների վերադարձը կամ ազատ արձակումն անկախ է քաղաքական որեւէ գործընթացից: Ուստի 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ունի ինքնավար նշանակություն ու պետք է գործի բացառապես ինքնավար մեկնաբանությամբ: Այն որեւէ պարագայում չի կարելի դիտարկել հայտարարության մյուս կետերի հետ կապի կամ կախվածության մեջ:
- Բացարձակ անթույլատրելի է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր թե դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա: Նման մոտեցումը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքներն ու հետպատերազմական մարդասիրական գործընթացը:
- Սկզբունքային կարեւորության հարց է այն, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են 62 հայ զինծառայող գերիների վերադարձը՝ նենգափոխելով իրավական գործընթացները, նրանց արհեստականորեն տալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ու կալանքի ձեւով անազատության մեջ պահելը օգտագործելով՝ որպես պատիժ:
Քանի որ միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է գերիների ազատ արձակման չարդարացված ձգձգումներն ու դա համարում պատերզամական հանցագործություն, ապա Մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են իրավական գործընթացների ակնհայտ չարաշահում՝ այդկերպ իրենց նպատակին հասնելու համար: Ադրբեջանական իշխանության մարմինների այս պահվածքն ուղղակիորեն հակասում է նաեւ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին:
Բանն այն է, որ այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա ՀՀ-ն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած եւ դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի: Ուստի նշվածը նույնպես ակնհայտ է դարձնում, որ անգամ քրեական վարույթ նախաձեռնելու ու հայ զինծառայողներին կասկածյալ կամ մեղադրյալ դարձնելու միջոցով գերիների վերադարձը ձգձգելն ունի ակնհայտ արհեստական բնույթ, իրենից ներկայացնում է իրավական գործընթացների բացահայտ չարաշահում եւ խախտում է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքը, այլ նաեւ հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, այն ստորագրած կողմերի մտադրություններին:
- Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ Ադրբեջանի իշխանության մարմիններն ի սկզբանե արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների ու այլ կերպ ազատությունից զրկվածների ազատ արձակումը, շարունակաբար չեն հայտնում գերիների իրական թիվը:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ նրանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաեւ մինչեւ 44 գերիների վերադարձին: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:
- Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաեւ Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քարոզի կազմակերպված քաղաքականության համատեքստում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցները, որոնք հիմնված են օբյեկտիվ ապացույցների վրա, հաստատում են Ադրբեջանում հայատյաց քաղաքականության խորքային արմատները, թշնամանքի ու վայրագությունների խրախուսումը ադրբեջանական իշխանության մարմինների կողմից, ու որ անգամ դա բացահայտ անում են մշակույթի գործիչները:
Այս հարցը սերտորեն կապված է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի հետ նաեւ այն առումով, որ հայ զինծառայողներն առաջնահերթ իրականացրել են իրենց հայրենակիցների՝ հայերի կյանքի, ինչպես նաեւ առողջության պահպանման, սեփականության ու կենսական կարեւորության մյուս իրավունքների պաշտպանությունը: Այս հարցը հատկապես կարեւոր է այն պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, Արցախի խաղաղ բնակավայրերի զանգվածային ավերվածությունների ֆոնին, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը ու նման առանձին արարքներ դեռ շարունակում են կատարել:
- Ուստի հրավիրում եմ ՄԱԿ-ի ու մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային մյուս կառույցների ուշադրությունը սույն հայտարարության մեջ նշված խնդիրների վրա:
- Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինները բանակցություններ վարելիս պետք է հաշվի առնեն նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարության մեջ նշված հանգամանքները:
Հենց այդ սկզբունքները հիմք ընդունելով՝ Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինները պետք է գործեն այնպես կամ այնպիսի երաշխիքների առկայությամբ, որ մարդասիրական ու մարդու իրավունքների գործընթացի շրջանակում ապահովվի մեր հայրենակիցների անվերապահ վերադարձը հայրենիք:
ՄԱՀԱՑԵԼ Է ՀՐԴԵՀԻՑ
Հայաստանի ԱԻՆ Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել՝ 03:07-ին: Այրվել է ննջասենյակի կահույքը. բնակիչ Գյորգի Մ.-ն (ծնված 1935թ.) տեղում մահացել է։ Փրկարարները Սվետա Խ.-ին (ծնված 1937 թ.) դուրս են բերել բնակարանից եւ տեղափոխել շտապ օգնության ավտոմեքենա. վերջինս հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները: Այս մասին հաղորդագրություն են տարածել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրենը 2014-2017 թվականներին զբաղեցնելով նշված պաշտոնը եւ իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, նախապես տեղյակ լինելով, որ նույն ՀՈԱԿ-ի մի քանի աշխատակիցներ չեն հաճախում աշխատանքի եւ չեն իրականացնում հրամանով նախատեսված իրենց գործառույթները, նրանց փոխարեն նույն գործառույթն իրականացրել են այլ անձինք, անձնական այլ դրդումներով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ կազմել, կնքել եւ ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ աշխատակիցների անվան դիմաց կատարելով աշխատաժամանակի հաշվարկ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով (5 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
14 ԱՃՅՈՒՆ
Արցախի փրկարարները հունվարի 11-ին որոնողական աշխատանքներ են իրականացրել մարտական գործողությունների՝ Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Մարտունու, Հադրութի, Մեխակավանի (Ջաբրայիլ), Որոտանի (Կուբաթլու) հատվածներում: Այս մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը՝ հավելելով, որ բոլոր վայրերում միաժամանակ աշխատելու են հնարավոր թաքնվածներին որոնող խմբեր: «Նախօրեին որոնողական խմբերը Սյունիքի մարզով մտել են Կովսական (Զանգելան) եւ դուրս բերել 14 զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել են 1211 զինծառայողի եւ քաղաքացիական անձանց աճյուններ»,- մանրամասնել է նա: